Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում: Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր–տրտում է օրն անցկացնում: Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.
– Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ: Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել: Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել և աթոռի վերևում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել` պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով և անուշահամ գինիով: Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա և սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին` թիկունքից, երկրորդին` առջևից, երրորդին` աջից, չորրորդին էլ` ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրին: Եվ հրամայեց նրա առջև նվագել բոլոր քնարներն ու նվագարանները: Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.

– Ուրա՛խ լեր և զվարճացի՛ր, կե՛ր, խմի՛ր, և թող քո սիրտն ուրախանա:

– Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել, – պատասխանեց եղբայրը, – երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ: Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ, փտած աթոռս կջարդվի, և կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ` բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով: Եվ այսպես, որովհետև այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ էլ ուրախանալ:

Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.
– Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, և նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար: Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի և դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ և դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ:

 Երբ ետ եմ նայում, տեսնում եմ մեղքերս, որ ընդդեմ Աստծո գործեցի և ժամանակն իզուր անցկացրի: Երբ առաջ եմ նայում, մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ և չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը: Երբ ձախ եմ նայում, դևերին եմ տեսնում, որոնք գիշեր–ցերեկ իմ անձն են փնտրում և իմ փրկությանը հակառակ են: Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս և ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավա՜ղ, բավականաչափ չկատարեցի և նրանց բարի խրատներին չհետևեցի: Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա և իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007