«Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան

 «Հպարտ եմ համայն հայությամբ, որն այսօր համախմբված է մայր հայրենիքի շուրջ, և անում է հնարավոր ամեն ինչ. թե՛ Հայոց բանակի, և թե՛ մեր արդար դատի ու Արցախի անկախության ճանաչման համար»,-Newsmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալալով երկրում տիրող պատերազմական իրավիճակին եւ հայ հասարակության համախմբվածությանը, ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

-Սրբազան, Դուք պատրաստ ե՞ք մեկնել ռազմի դաշտ:

-Այո՛, ես միշտ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ իմ զինվորն է, և որտեղ իմ կարիքը կա: Իբրև առաջնորդ՝ այս օրերին միգուցե և պետք է լինեի ռազմաճակատի առաջին գծում, բայց ցավոք, ինձ վերապահված իրավունքներից ու պարտականություններից՝ դեռեւս իրականացնում եմ մեր քաջ նահատակների հոգեհանգիստներն ու հուղարկավորությունները, ինչը կարծում եմ, նույնքան կարևոր է:
Չէ՞ որ մեր բոլորի պարտքն է նաև՝ նահատակներին փառքով ու պատվով հուղարկավորելը, նրանց ծնողներին, կանանց, որդիներին ու քույրերին մխիթարելը, սփոփելն ու քաջալերանքի խոսքեր ասելը:

Անկասկած, պատերազմող ժողովրդի թիկունքը նույնքան ամուր պետք է լինի, ուստի և մեր կողմից կատարվող հոգեհանգիստների ընթացքում, բացի մխիթարանքից, հորդորում ենք ժողովրդին լինել միաբան, սիրով, համերաշխ և զորակցել միմյանց ու հատկապես՝ հայոց բանակին: Վստահ եմ՝ բոլորը հասկանում են, որ թիկունքում նույնքան կարևոր է մեր բացատրական, ոգևորիչ խոսքն ու աշխատանքը:

Մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել: Մենք մոտ ենք հաղթանակին: