Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

IMG 0642 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)

 Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Այս առիթով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ձևավորված գեղեցիկ ավանդության համաձայն` Ս. Պատարագի արարողության ընթացքում կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն:
Նախօրեին՝ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 14 ու Քահանայից պատրաստության Բ լսարանի 3 սաներ ստացան դպրության աստիճան, ճեմարանի Դ լսարանի 11 և Քահանայից պատրաստության լսարանի 2 սաներ ուրարակրության աստիճան, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե և Զ լսարանի 29 ու Քահանայից պատրաստության լսարանն ավարտած 6 սաներ կիսասարկավագության աստիճան:
Այս տարի Ս.․ Ստեփանոսի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովնան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 35 սաներ:
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակությանը, ապա խոսեց սարկավագության խորհրդի մասին:
​«Սիրելի սարկավագ եղբայրներ, հոգևոր աստիճանը դա փառքի աստիճան չէ, հոգևոր աստիճանը ինչքեր կուտակելու աստիճան չէ, հոգևոր աստիճանը հպարտության աստիճան չէ, այլ խոնարհության, ծառայության և նվիրումի աստիճան է:
…Սարկավագություն արեք, ծառայություն մատուցեք հավատացյալների մեջ, ծառայություն բերեք անհավատների շարքերում՝ նրանց եկեղեցի բերելով, ծերանոցներ այցելեք, բանտարկյալներին, հիվանդներին այցելեք և ընդհանրապես` ծառայություն մատուցեք բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
Եվ ահա այս գիտակցությամբ եկեք այս պահին ուխտենք, որ մեր կյանքը բոլորանվեր կերպով պետք է ծառայեցնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածադիր կանոններին», — նորընծաների պատգամեց Հովնան եպիսկոպոսը:
Սրբազանը ձեռնադրության առիթով շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը` Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, նորաթուխ սարկավագների ծնողներին ու հարազատներին:
Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունեցան նաև համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի բերված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից բխող օրհնությունը:
Պատարագից հետո նորընծաներին և Մայր Աթոռի միաբան սարկավագներին ընդունեց Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը` ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի:
Սարկավագաց դասը Նորին Սրբությանը ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն նրանց փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը:
Նորին Սրբությունը, շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության կապակցությամբ, նշեց, որ նրանց առջև նոր հորիզոններ են բացվում իրագործելու Հայ Եկեղեցու անդաստանում նվիրյալ և անձնդիր ծառայության իրենց տեսիլքը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող սարկավագներն իրենց նվիրյալ ծառայությամբ նպաստում են Հայ Եկեղեցու պայծառությանն ու սրբազան առաքելության արդյունավորմանը: Հայոց Հովվապետը հորդորեց սարկավագաց դասին իրենց վարքագծով և անձնվեր ծառայասիրությամբ հավելել Հայոց Եկեղեցու պատիվն ու համբավը` մաղթելով, որ Աստծո ողորմությամբ արժանանան նաև քահանայական կոչմանը և իբրև օծյալ եկեղեցականներ իրենց սպասավորությունը բերեն տարբեր համայնքներում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը նրանց համար, որպեսզի նրանց կյանքն իմաստավորվի բարի և օրհնյալ գործերով:

IMG 0648 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0646 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0645 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0647 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0649 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0644 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0650 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0641 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0642 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)IMG 0643 - Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն  (նկարներ)