Սուրբ Գրքի պատգամը

Hisus - Սուրբ Գրքի պատգամը

Ազգ ազգի դեմ պիտի ելնի եւ թագավորություն՝ թագավորության դեմ, եւ տեղ-֊տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովություններ: (Մարկ.13;8)

  Մեր Տիրոջ խոսքերը կարծես իրականություն են այսօր: Առավել քան երբեք շատացել են թե՛ երկրաշարժերը, թե՛ հրաբուխները, թե՛ ջրհեղեղեղներն ու ցունամիները, լսում ենք պատերազմի ձայներ, շատացել են համաճարակներն ու անբուժելի հիվանդությունները, անաստված մարդը դարձել է բանական գազան:

 Գրեթե մենք բոլորս զգում կամ հասկանում ենք, որ սա Աստծո պատիժն է մարդկության՝ մեզանից յուրաքանչյուրի գործած մեղքերի համար. գիտակցում ենք, բայց մնում նույն մահաբեր մեղքերի մեջ: Մեր փոքր-ինչ թվացյալ շահի համար մատնում կամ վնասում ենք մեր բարեկամին, ընկերոջը՝ դրացուն` նմանվելով Հուդային: Աշխարհում այնքան է չարիքը շատացել, որ արդեն գիտնականներն են սկսել խոսել մարդկության կործանման, աշխարհի վերջի մասին, բերելով իրենց գիտական փաստարկները:

 «Եւ անօրենության շատանալու պատճառով` շատերի սերը կսառի» (Մատթ. 24;12), — ասում է Քրիստոս՝ խոսելով վերջին ժամանակների մասին:

 Ակնհայտ ատելությունը ծնում է բազմաթիվ հիվանդություններ, դաժանություններ… իր բոլոր վտանգավոր հետեւանքով:

 Սողոմոն Իմաստունը հստակ նկարագրում է նման մեղսալից ընթացք ունեցող մարդկանց եւ նրանց թողած ժառանգության եւ սերունդների վախճանը «Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը» (Իմ. Սող. 4;3), այս ճշմարտությունն անտեսող մարդը իր կյանքի վախճանին կասի նույն Իմաստունի խոսքերը. «Ունայնություն ունայնությանց, … ամեն ինչ ունայն է» (Ժողովող 1;1):

 Այս ունայնության մեջ ամեն ոք դժգոհում է իր կյանքից, սակայն ոչ ոք չի ցանկանում իր կյանքի ունայնությունը լցնել Քրիստոսի Հարության լույսով: «Ես իսկ Եմ Հարություն եւ Կյանք. ով հավատում է Ինձ, թեպետեւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտեան չի մեռնի» (Հովհ. 11; 25-26): Հավատքը մեր ծննդյան պահից կա մեր մեջ, մենք բոլորս մեր հոգու խորքում զգում ենք Աստծո զորությունը, բայց կուրորեն չենք ընդունում, կամ վկայում ենք, թե Աստված կա, բայց անտեսում ենք Նրա Ճշմարտությունները՝ այսպիսով, դեռ այս աշխարհում կառուցելով սեփական դժոխքը, որը պատճառ պիտի լինի հավիտենական դժոխքի մատնվելուն, «ուր լաց է եւ ատամների կըրճտում»: Համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք, որ մեկը ապավինած լինի Հիսուսին ու ամոթով մնացած լինի, ինչպես վկայում է Սիրաք իմաստունը. «Նայեցեք հին ազգերին եւ տեսեք` ո՛վ հավատաց Տիրոջը եւ ամոթով մնաց» (Սիրաք 2; 11): Դասեր քաղենք պատմությունից, սուրբերի վարքից, հանճարների գրվածքներից, ընդունենք Ավետարանի փրկարար լույսը, ապավինենք Քրիստոսի սիրող սրտին, փոխենք մեր կյանքի ընթացքը, ապաշխարենք մեր գործած մեղքերի համար, որպեսզի Արարիչն Աստված օրհնի մեզ, ների մեր գործած մեղքերը, մեր աչքերից սրբի արցունքները եւ այս աշխարհի ձանձրույթի փոխարեն հոգեւոր բերկրանք պարգեվի, ինչը այս աշխարհում ոչնչի հետ չենք փոխի: Միայն թե ցանկանանք, եւ մեր համար ամեն ինչ նոր կլինի, եւ կգտնենք այն խաղաղությունը, որ փնտրել ենք ողջ կյանքում, ըստ Տիրոջ խոսքի.«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ այնպես ինչպես աշխարհն է տալիս», քանզի աշխարհի տված խաղաղությունը խաբկանք է, իսկ Աստծո տվածը` հավիտենական:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ N 57»
Հեղինակ՝ Տ. Ահարոն քհն. Մելքումյան