Սանկտ Պետերբուրգում կբացվի հայկական ճեմարան (տեսանյութ)

RD chemaran 880x558 - Սանկտ Պետերբուրգում կբացվի հայկական ճեմարան (տեսանյութ)

 Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կրթական հաստատությունների թիվն ավելացավ ևս մեկով։
Մայիսի 28-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը վավերացրեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու կանոնադրությունը։ Թեմակալ Առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի նախաձեռնությամբ ճեմարանը կգործի Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հարակից շենքում, որտեղ կան կեցության և ուսումնառության համար նախատեսված հարմարավետ պայմաններ։
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հիմնված ճեմարանի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա տարիներին։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում առաջին հոգևոր կրթարանը հիմնվել է Աստրախանում 1839 թվականին, ապա՝ Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով) 1881 թվականին, իսկ Մոսկվայում մեծ համբավ վայելող Լազարյան ճեմարանում 1841 թվականից գործել է նաև հոգևոր բաժին։