Հունվարի 5-ի Աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ մեզ հայտնելով Քրիստոսի գալուստը: Նույն խորհրդով ընթերցվում է նաև Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից (Ղուկ. Ա 26-38):
Իններորդ ժամին բոլորը ժողովվում են եկեղեցում (որի բեմը նախապես վարագույրով ծածկված է) և սկսում Աստվածհայտնության ճրագալույցի արարողությունը: Այս ժամին ընթերցվում են հատվածներ Ղուկասի (Բ 8-20) և Մատթեոսի ավետարաններից (Ա 18-25), որոնցով տրվում է Տիրոջ ծննդյան ավետիսը: Ապա պատարագիչը ելնում է խորան և զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Տիրոջ գալուստը վկայող մարգարեությունները, և երբ հասնում են Դանիելի գրքին, հոգևորականներից մեկը բարձրանում է բեմ և այնտեղից ընթերցում այն, որի ավարտին բացվում է վարագույրը և մատուցվում սուրբ պատարագ: Ճրագալույցի պատարագի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ ծնար և յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:
Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է: Այն նախատոնակն է ու կարապետը հետագա ութ օրերի պաշտամունքների, որով և լինում է ինը տոնական օր: Որովհետև սա նշանակն է այն հավիտենականության, որը կար մինչև աշխարհի լինելը:
Ադամի՝ Դրախտից դուրս ելնելուց շուրջ հինգ հազար տարի անց Աստված երևաց մարմնավորված, այդ պատճառով այսօր նախատոնակ է, որը Եկեղեցին սկսում է գիշերը՝ Կույս Մարիամի ավետյաց երգով: Եվ գիշերն ենք սկսում, որն օրինակն է Տիրոջ վերջին գալստյան, որովհետև ասված է, որ այն գիշերն է լինելու: Նաև ըստ մարգարեության՝ լույս ծագեց կռապաշտության և անգիտության խավարում, որի պատճառով էլ այսուհետև խավարը տեղի է տալիս և բազմանում լույսը՝ ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Թագավորները գալու են դեպի Քո լույսը, հեթանոսները՝ դեպի Քո լույսի փայլը» (Եսայի Կ 3): Նաև Մաղաքիան է ասում. «Արդարության Արեգակը պիտի ծագի» (Մաղաք. Դ 2): Զաքարիան Արևածագ է անվանում Նրան, իսկ Դավիթն ասում է. «Լո՜ւյս տուր, Տե՜ր, իմ աչքերին» (Սաղմ. ԺԲ 4): Եվ աստղի լույսով մոգերն առաջնորդվեցին՝ գալով դեպի ծագած Լույսը՝ ըստ այն խոսքի, թե՝ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. Դ 16):
Այս իմանալի և անճառելի Լույսի ծագման համար այսօր մենք վառում ենք լապտերներն ու կանթեղները և անվանում այս օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության ճրագալույցը, որը խորհրդանշում է լույսի աղոտ ծագումը: Ըստ Հովհաննես ավետարանչի՝ Հովհաննես Մկրտիչը ճրագ է կոչվում, իսկ աղոտ ծագումը մարգարեներն են, ովքեր եղան մինչև Հովհաննեսը, որոնցով աղոտ կերպով ծագում էին Տիրոջ գալստյան հանգամանքները, որովհետև Տերը ոչինչ չի անում առանց Իր ծառաներին հայտնելու: Եվ այս օրը կարապետն ու նախատոնակն է հաջորդ՝ գալիք օրվա, երբ ծագելու է մեծ Լույսը, ինչպես որ թագավորի գալուստից առաջ նրա սիրելիները խնդությամբ պատրաստություն են տեսնում և ջահերով ընդառաջ ելնում:
Հարց. -Ինչո՞ւ է Եկեղեցին ինն օր անընդհատ նշում այս տոնը:
Պատասխան. -Յոթ օրերը խորհրդանշում են արարչության յոթ օրերը և այս կյանքը, ութերորդը հանդերձյալ կյանքն է, երբ մարդիկ, անքակտ միությամբ խառնվելով հրեշտակների դասերին, նշելու են այս գերաշխարհիկ տոնը, իսկ իններորդն առանձին օր է, որը ցույց է տալիս Սուրբ Երրորդության Անձերի միմյանցից փառավորվելը նախքան ամեն ինչի գոյանալը:
Դարձյալ՝ ինը թիվը հրեշտակների դասերի թիվն է, որովհետև նրանք էլ են մեզ հետ նշում այս տոնը, և մենք էլ նրանց հետ միասին Աստծուն ենք ծառայում: Դարձյալ՝ խորհրդանշում է Աստծու Բանի իննամսյա բնակությունը Կույսի որովայնում:
Պատճառ առաջին օրվա տոնակատարության
Աստվածհայտնության գիշերը կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին: Առավոտյան ժամերգությանը եպիսկոպոսը, քահանաները և բոլոր սպասավորները զգեստավորված, ջահերով ու մոմերով գալիս են ատյան և երգում «Խորհուրդ մեծ» օրհնությունը: Այս ութ օրերի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ ծնար և յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:
Ծննդյան և Հայտնության տոնի առաջին օրը պատկերն է արարչության առաջին օրվա: Այդ օրն Աստված յոթ արարած ստեղծեց, որոնցից երեքը լույս են, իսկ չորսը՝ տարր: Եվ երեք լույսերը սրանք են. առաջին՝ լուսեղեն երկինքը, երկրորդ՝ հրեշտակների դասերը, և երրորդ՝ արեգակի և աստղերի լույսը: Իսկ չորս տարրերն են՝ հողը, ջուրը, օդը և կրակը: Բացի սրանցից ստեղծեց նաև ժամանակը, որով ստացվում է ութ արարած:
Իսկ նոր արարչությունը, որ արեց այսօր, ավելի մեծ է, քան առաջինը, որովհետև Աստված Ինքը եկավ ու մարդ եղավ, մեր բնությամբ ու անապական մարմնով ծնվեց Կույսից՝ անարատ, անխափան ու անապական պահելով ծնողի կուսությունը: Աստված երկրորդ արարչությամբ մարդուն հասցրեց աստվածային այն փառքին, որը նախապես որոշել էր:
Առաջին օրը, փոխանակ եղական լույսի, անեղական Լույսն աշխարհ եկավ, և այսօր Հորդանանում Ամենասուրբ Երրորդության հայտնությամբ բոլոր ջրերը սրբվեցին և հզորացան՝ ծնելու համար ոչ թե անբան ու անմիտ անասուններ՝ ձկներ ու թռչուններ, ինչպես առաջին արարչության ժամանակ, այլ Սուրբ Հոգու գալով մի ամբողջ մարդկային ցեղ ծնվեց հրեշտակների նմանությամբ, և Ադամի որդիները եղան Աստծու որդիներ:
Երկրորդ արարչությունը առաջինի համեմատ ավելի մեծ է, քանզի նա օրինակն էր, իսկ սա՝ ճշմարտությունը: Որովհետև ինչպես զորացրեց Կույսին՝ նրանից ծնվելու համար, այդպես էլ զորացրեց ջրի բնությունը՝ նրանում մկրտվելու համար, և ջրերը կարողացան մեզ վերստին ծնել Հոգուց՝ Աստծուն որդեգրելով:
Տերը, մեզ համար Կույսից ծնվելով, օրինադրեց ծնվել կույս Ավազանից և Իր եղբայրները լինել: Եվ ինչպես առաջին օրն արարեց լույսը և փարատեց խավարը, այդպես այսօր երկիրն օրհնեց և զգեստավորեց իմանալի Լույսով: Եվ ինչպես այն օրը Հոգին շրջում էր ջրերի վրա, այդպես էլ այսօր Նա շրջում է Հորդանանի վրա՝ աղավնու տեսքով: Այնժամ չորս տարրերն արարվեցին, իսկ այժմ այդ տարրերը Տիրոջով սրբվեցին, որովհետև Աստված օրհնեց Հորդանանի ջուրն Իր Որդով և ցողելով բոլոր արարածների վրա՝ վերացրեց նախկին անեծքը: Եվ ուրիշ ի՛նչ զարմանալի բան կա, քան այս, որ Լույսը լուսավորվում է Հորդանանում, և Հուրը՝ մկրտվում ջրում:
Պատճառ երկրորդ օրվա տոնակատարության
Այսօր՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ու հայտնության տոնախմբության երկրորդ օրը, հիշատակն է սուրբ Ստեփաննոսի և բոլոր ննջեցյալների:
Արարչության երկրորդ օրը, Արարչի խոսքով, հաստատություն եղավ ջրերի միջև և վերին ջրերը բաժանվեցին ներքին ջրերից (տե՜ս Ծննդ. Ա 6): Սա օրինակն է այն բանի, որ Ադամի հանցանքի պատճառով երկինքը փակվեց, և Աստծու փառքի տեսությունը ծածկվեց Ադամի սերնդի համար: Եվ ահա՝ ողորմության սկիզբը շնորհվեց Ստեփաննոսին, ով իր վախճանի ժամին տեսավ երկինքը բացված, և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում: Այն, ինչը ծածկվեց Ադամից, Տիրոջ նահատակությամբ աստվածային փառքով երևաց Ստեփաննոսին (տե՜ս Գործք Է 55):
Քրիստոսի մկրտությամբ բացվեց առաջին երկինքը, որը տեսավ Հովհաննեսը, իսկ խաչելությամբ և հարությամբ՝ երկրորդը, որը տեսավ Ստեփաննոսը:
Պատճառ երրորդ օրվա տոնակատարության
Արարչության երրորդ օրն Աստված ջրերը մեկտեղ հավաքեց, և երևաց ցամաքը: Այդ օրը Տերն Իր խոսքով երկիրը զարդարեց բույսերով, տնկիներով, գեղեցիկ բուրաստաններով ու զանազան ծաղկազարդ գույներով: Իսկ այսօր՝ նույն երրորդ օրը, նոր արարչագործության՝ մեր Աստծու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ու հայտնության տոնախմբությունն է և հիշատակը Բեթղեհեմի մանկանց, ովքեր Քրիստոսի փոխարեն սպանվեցին Հերովդեսի կողմից, և նրանց արյան հեղմամբ՝ Բեթղեհեմի երկիրն առավել պայծառացավ ու զարդարվեց:
Մատթեոս ավետարանիչը գրում է. «Ձայն գուժեց Ռամայում. ողբ, լաց ու սաստիկ կոծ» (Մատթ. Բ 17): Ռաման քաղաք է Հորդանանի և Երուսաղեմի միջակայքում: Երբ Նաբուքոդոնոսորը, արշավելով Երուսաղեմի վրա, Ռամայում կոտորեց բոլոր արուներին, և ժողովրդի լացի ու ողբի ձայնը մինչև Երուսաղեմ հասավ:
Եվ ևս մեկ անգամ լաց ու կոծ եղավ, երբ Բենիամինի որդիների կողմից ղևտացու հարճին լլկելու և սպանելու համար Բենիամինի ցեղի մեջ կոտորած եղավ (տե՜ս Դատ. ԺԹ): Սրանք օրինակն են Հերովդեսի կողմից Բեթղեհեմի մանուկների կոտորածի: Սրա խորհուրդն այն է, որ Ռաքելը՝ Բենիամինի մայրը, լալիս էր իր որդիների վրա, քանի որ Քրիստոսի համար չմեռան, այլ իրենց չարության պատճառով: Այնտեղ Ռաքելը Բենիամինին ծննդաբերելիս մեռավ (տե՜ս Ծննդ. ԼԵ 16-19), իսկ այստեղ Քրիստոսի ծննդյամբ մանուկները սպանվեցին:
Ոմանք ասում են, թե Բեթղեհեմի մանուկները յոթանասուներկու հոգի էին, իսկ ուրիշներն էլ, թե՝ ութսունչորսը, և դրա համար Տերը նախ ընտրեց տասներկու աշակերտներ և ապա՝ յոթանասուներկու, որով ստացվեց ութսունչորս:
Հարց. -Իսկ ինչո՞ւ է ասում՝ «Երկու տարեկան ու դրանից ցածր»:
Պատասխան. -Ըստ որոշ աղբյուրների՝ Տիրոջ ծնունդից հետո, Օգոստինոս կայսեր հրամանով, Հերովդեսը կանչվում է Հռոմ և այնտեղ հյուրընկալվում երկու տարի: Այնուհետև Երուսաղեմ վերադառնալիս հիշում է մոգերի խոսքերը և հրամայում կոտորել այդ տարիքի մանուկներին, որի պատճառով էլ լացում է Ռաքելը՝ Հակոբ նահապետի կինը:
«Եվ չէր ուզում մխիթարվել», որովհետև Բեթղեհեմի երկիրը Բենիամինի համար էր որոշված, սակայն նրա ցեղն այնտեղից վերացավ իր չար գործերի պատճառով, և Բենիամինի որդիները իրենց չարության պատճառով կոտորվեցին և ոչ թե Քրիստոսի համար (տե՜ս Դատ. ԺԹ 25-29): Դրա համար էլ լալիս էր Ռաքելը և չէր ուզում մխիթարվել, որովհետև մանուկները, որ կոտորվեցին Քրիստոսի համար, Հուդայի ցեղից էին և ոչ թե Բենիամինի, և իր որդիները չէին:
Պատճառ չորրորդ օրվա տոնակատարության
Արարչության չորրորդ օրն աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ, և լույսը նյութով հանդերձ մեկ եղավ, և միավորությունից հետո անհնար էր բաժանել լույսը նյութից: Այսպես էլ Բանն Աստված՝ անեղական Լույսը, հավիտյան անբաժանելիորեն միացավ նյութական մարմնին, ամենամաքուր Կույս Մարիամի արգանդում, և Բանն Աստված եղավ ճշմարիտ մարդ: Եվ մեզ համար ծագեց Արդարության Արեգակը բարձունքից՝ լուսավորելու մեր խավարը՝ մնալով հավիտյան անբաժանելի:
Չորրորդ օրն Աստված արարեց արեգակը, լուսինը, աստղերը և դրանցով զարդարեց երկնակամարը, որից իմանում ենք, որ մեզ անհրաժեշտ է զարդարվել առաքինությամբ, որպեսզի կարող լինենք զգեստավորվելու երկնային մարդով:
Այս օրն օձը սատանայի ազդմամբ խոսեց առաջին կույսի՝ Եվայի հետ, ով օձի խոսքերը որպես չարության խմոր ընդունելով՝ Եվան ցավով հղիացավ և ծնեց անօրենություն, որից մեր ամբողջ բնությունն ապականվեց: Դրա համար էլ անհրաժեշտ էր, որ երկրորդ Կույսը գերագույն լինի, հաղթի առաջին չարությանը և կամենա, որ Բանն Աստված մարմին առնի իրենից: Որովհետև երկրորդ Կույսի միջոցով մեր բնությունը հասնում է նախկին փառքին: Ուստի այս չորրորդ օրը Գաբրիելն առաքվեց Կույս Մարիամի մոտ՝ տալու նրան ավետիս՝ ծնելու Աստծու Որդուն:
Պատճառ հինգերորդ օրվա տոնակատարության
Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին դուրս բերել կենդանի շունչ ունեցող զեռուններ և երկրի վրա ու երկնքի տարածության մեջ թռչող թռչուններ: Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին ավազան պատրաստել և քահանաների մարմնի մաքրության համար՝ լվացարան, սակայն դրանից առաջ ժողովրդին ծովով անցկացրեց՝ որպես օրինակ մկրտության:
Իսկ գալով Նոր Կտակարանի պարգևներին՝ Սուրբ Հոգու շնորհներով ու Քրիստոսի մկրտությամբ մարդկանց համար Նոր օրենքներ պայծառացվեցին, որպեսզի մարդիկ հարությունից հետո աստվածաստեղծ թևերով թռչելով՝ Տիրոջն ընդառաջ ելնեն: Այլև պետք է իմանալ, որ աղավնիների ու տատրակների հետ սողուններ ևս եղան (տե՜ս Ծննդ. Ա 20), ինչպես սուրբ առաքյալների երամում՝ Հուդան:
Ավազանի խորհուրդը հինգշաբթի օրը կատարվեց Ձիթենյաց լեռան վրա՝ աշակերտների ոտքերի լվացմամբ, և նրանից դուրս եկան ոչ թե անբան թռչուններ, ինչպես արարչության հինգերորդ օրը, այլ բանական էակներ՝ Սուրբ Հոգով հրեշտակացած ու թեթևացած:
Առաջին կույսի պատճառով մեր բնությունը ոտնակոխ եղավ թշնամիներից, մենք մեր հինգ զգայարաններով մեռանք մեղքերի մեջ, և սատանայի չարությունը բարձրացավ մարդկանց որդիների վրա: Այդ պատճառով մեր Տերը, հակառակը հակառակով մերժելով, սուրբ Կույսի միջոցով զորացրեց մեր բնությունը՝ կոխկռտելու մեզ կոխկռտողներին, ինչպես և ասաց. «Ահա ձեզ իշխանություն տվեցի՝ կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա» (Ղուկ. Ժ19):
Հինգերորդ օրը Քրիստոս մեր զգայարանները նորոգեց Իր մկրտության շնորհով, որովհետև երբ Աստված ջրի մեջ իջավ՝ ջրերը զորացան և ծնեցին ոչ միայն թռչուններ, այլև վերստին ծննդյամբ՝ մտավոր ու բանական մարդու բնություն, որպեսզի նորաբույս թևերով ու Սուրբ Հոգու շնորհներով բարձրանանք և խառնվենք հրեշտակների գնդերին:
Եվ ինչպես օդը չի արգելում թռչուններին թռչել, այլ ընդհակառակը՝ օժանդակում է նրանց, այդպես էլ օդային չար դևերը չեն կարող արգելել հավատացյալներին ելնել և մտնել երկինք՝ Քրիստոսի մոտ:
Պատճառ վեցերորդ օրվա տոնակատարության
Արարչության վեցերորդ օրն Աստված ասաց, և գոյացան ցամաքային բոլոր կենդանիները և ապա՝ մարդը: Աստված մարդուն խոսքով չարարեց, ինչպես այլ արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին, ինչպես երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ, այլ երկրից հող վերցնելով՝ Իր ձեռքով ստեղծեց մարդուն, դրեց Դրախտում և մարդուն կարգեց ամբողջ աշխարհի վրա թագավոր, իսկ Դրախտը՝ որպես թագավորական պալատ:
Տոնախմբության վեցերորդ օրը կարգված է Ղազարոսի հիշատակը, որով ստուգապես իմանում ենք, որ Նա, Ով վեցերորդ օրը ստեղծեց Ադամին չորս տարրերից, Ինքը ծնվեց սուրբ Կույս Մարիամից և մեռելներից կանչելով չորսօրյա հանգուցյալ Ղազարոսին՝ նրան հարություն տվեց և դրանով կյանքի կոչեց ու խավարից դեպի լույս բերեց Ադամի բնությունը:
Թեև ավանդությամբ այսօր ասվում է Ղազարոսի հարության օր, սակայն սա ստուգապես խորհրդաբար է դրված այստեղ՝ որպես հիշատակ վեցերորդ դարում Ադամի բնության նորոգման: Քանզի արարչագործության ժամանակ՝ վեցերորդ օրը Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. Ա 26), և արարեց մարդուն չորս տարրերից, այդպես և չորս օր տևեց Ղազարոսի ապականությունը: Որովհետև հասարակաց հարության ժամանակ աշխարհի չորս կողմերից մեկտեղ պիտի հավաքվեն մեռելների մարմինները և հարություն առնեն, ինչպես Ղազարոսը, և մարդու մարմնի նյութը, բաժանվելով աշխարհի տարրերից, վերստին պիտի վերափոխվի անմահ կենդանության, մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքի համար:
Պատճառ յոթերորդ օրվա տոնակատարության
Ինչպես արարչության ժամանակ Աստված մեկական օրով պատվեց յուրաքանչյուր արարածի ստեղծումը, այնպես էլ յոթերորդ օրը պատվեց՝ օրհնության ու հանգստի համար: Ինչպես Մովսեսն է ասում. «Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև Աստված այդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից» (Ծննդ. Բ 3): Եվ հայտնի է, որ յոթերորդ օրը պատկերն է յոթերորդ դարի, որի ժամանակ ընտրվում են սրբերն ու արդարները, որոնց մեջ է Աստծու կամքը: Հինգ օր Աստված միայն Խոսքով արարեց արարածներին, իսկ վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և փչմամբ նրան կենդանություն տվեց:
Եվ ողորմությունը, որ Աստված կամենում էր մարդու համար անել, այն ժամանակ խափանվեց Ադամի հանցանքի պատճառով: Սակայն Աստված ոխ չի պահում, ուստի Իր մարդասեր կամքով ու գթությամբ մեր կյանքի ու փրկության սկիզբը դրեց՝ անելով մեկ օրը հազար տարի, և յուրաքանչյուր հազար տարում մեկ գործ արեց, առաջին արարչության օրերի օրինակով:
Արդ՝ առաջին հազարամյակում՝ դարում, որպես ամբողջ երկրի և երկնքի Տեր և Աստված, ընտրեց Սեթի հրեշտականման որդիներին և նրանցից Ենոքին երկինք փոխադրեց:
Երկրորդ հազարամյակում Աստված ջրհեղեղն արեց, որպեսզի ցույց տա, որ Ով սկզբում ջրերը մեկտեղ հավաքելով ցամաքեցրեց երկիրը, Նա էլ երկիրը ջրով ծածկեց, նրա բնակիչների անօրենության պատճառով, սակայն գթալով՝ այն կրկին ցամաքեցրեց:
Երրորդ հազարամյակում մարդիկ դարձյալ ամբարշտացան մեղքերով ու անհավատությամբ և վախենալով Աստծուց, թե դարձյալ ջրասույզ են լինելու, միաբանվելով շինեցին Բաբելոնի աշտարակը: Բայց Սուրբ Հոգին ցրեց նրանց չար միաբանությունը՝ բաժանելով նրանց տարբեր լեզուների՝ յոթանասուներկու ազգեր դարձնելով նրանց: Սակայն Իր ողորմության գութը ցույց տալով նահապետներին՝ պահեց նրանց նախկին լեզուն:
Այնուհետև չորրորդ հազարամյակում երկրի երեսը ծաղկեց Աբրահամի ծննդյամբ և նրա հավատով:
Հինգերորդ հազարամյակում Աստծու հրամանով և Մովսեսի միջոցով լույս Օրենքը խառնվեց օրինադրության գրին և լուսավորեց մարդկային ցեղը: Նույն դարում հրեաներին ետ դարձնելով Բաբելոնի գերությունից՝ նրանց հրամայեց ապրել, շրջել ու թռչել աստվածպաշտության թևերով:
Իսկ վեցերորդում ոչ թե հրամայեց, այլ Ինքն Անձամբ կատարեց՝ անելով ավելին, քան առաջին արարչության ժամանակ, և խաչի վրա մեզ կենդանություն տալով՝ ասաց. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. ԺԹ 30): Այսինքն՝ կատարվեց այն ամենը, ինչ սկսել էր անել: Այդ պատճառով էլ խաչից մինչև Երկրորդ գալուստն ասվում է յոթերորդ հազարամյակ, որն Աստծու հանգիստն է, օրհնությունը և սրբությունը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:
ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ
Պատճառ ութերորդ օրվա տոնակատարության
Սուրբ Ծննդյան ութերորդ օրը Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ ծնար և յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:
Ութերորդ օրվա խորհուրդը հարությունն է, քանի որ Քրիստոս հարություն առավ կիրակի օրը: Եվ այս օրը պատկերն է հանդերձյալ օրվա, երբ մարդկային ցեղը պետք է գերեզմանից կանչվի հարություն առնելու:
Ութերորդ օրը Տերը պետք է լուսեղեն օթևաններում հանգստացնի բոլոր սրբերին ու Իր անունը սիրողներին՝ ըստ թլփատության օրինակի զատորոշելով Աստծու որդիներին՝ ասելով. «Եկե՜ք, Իմ Հո՜ր օրհնյալներ, ժառանգեցե՜ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. ԻԵ 34):
Տերն այն պատճառով սահմանեց ութերորդ օրը թլփատել, որովհետև ութերորդ օրը թլփատվելու են մեղավորներն արդարներից և անցնելով ձախ կողմը՝ գցվելու են անշեջ հուրը: Հին ուխտում մանուկներին թլփատում էին հետևյալ պատճառներով: Նախ՝ որպեսզի Աբրահամի որդիները զանազանվեն հեթանոսներից: Երկրորդ՝ որպեսզի ավելորդ մորթի հատումով ուսուցանվի հատել և դեն գցել ավելորդ ցանկությունները: Երրորդ՝ ինչպես այդ մորթի հատումը մարդուն ոչնչով չի վնասում, այդպես էլ, եթե մեղքերից ազատվենք, ոչնչով չենք վնասի մեր հոգուն: Չորրորդ՝ քանի որ մարմնի այդ մասն է մեղքի գործիքը, ապա դրանից պետք էր հատել և ոչ թե մարմնի այլ մասերից, որով և մեզ սովորեցնում է մեղքի գործերը հատել և ամենևին դուրս գցել: Հինգերորդ՝ ծածկված մասից հատելով ցույց է տալիս, որ պետք է հատել այն մեղքերը, որոնք Աստված է տեսնում, ինչը սրտի թլփատության խորհուրդն ունի, որովհետև սիրտը միայն Աստված է տեսնում:
Հարց. -Ինչո՞ւ թլփատվեց Քրիստոսը:
Պատասխան. -Նախ՝ մեզ համար թլփատվեց և ո՜չ թե որ ուներ դրա կարիքը, որովհետև Նա չուներ ոչ սկզբնական և ոչ ներգործական մեղքերը, և անսերմ հղությամբ Կույսի սրբված արգանդում մարդացավ: Նաև՝ Աբրահամի հետ Աստծու ուխտի ճշմարտությունը հաստատելու համար, որպեսզի հաստատի հայրերին տված ավետիսը:
Երկրորդ՝ մեր Տերը, սա խոտան չհամարելով, հանձն առավ թլփատվել, որովհետև չգարշեց Իր իսկ դրած Օրենքից, քանզի այն մարդկանց համար դրեց: Նաև՝ որպեսզի չբամբասվի որպես օրինազանց, ու չկարծեն, թե հակառակ է Աստծու օրենքներին, ինչպես հրեաներն ու Նրան խաչողներն ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում» (Հովհ. Թ 16):
Երրորդ՝ սրանով ցույց տվեց նաև Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ, որպեսզի չկարծեն, թե թվացյալ է մարդացել, ինչպես Նրա շնորհից զրկվածներն ասացին:
Չորրորդ՝ պետք էր, որ Իր իսկ կարգած օրենքներն Ինքն անձամբ կատարեր ու պատվեր, որպեսզի հավատային, որ Նա է Օրենքի Սահմանողը և հայրերի Աստվածը:
Հինգերորդ՝ ամենքի սրբության պատճառն Ինքն է, դրա համար անհրաժեշտ էր, որ սրբության գործն Իր անձում կրի:
Վեցերորդ՝ որպեսզի ցույց տա, որ Ինքն Աբրահամի որդին է, ում եղավ թլփատության հրամանն ու օրհնյալ Զավակի խոստումը, որպեսզի այսպիսով ցույց տա, որ Աստծու խոստումն Իրենով է կատարվում:
Յոթերորդ՝ որպեսզի Ինքը կրելով թլփատությունն ու Օրենքով սահմանված նման այլ կարգերը՝ մեզ ազատի թլփատությունից ու Օրենքի ծանրությունից:
Ութերորդ՝ որպեսզի թլփատությամբ Իրեն ցույց տա որպես հրեաների եղբայր, որպեսզի Նրան չմերժեն որպես օտար՝ ըստ հետևյալ խոսքի. «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածն ինձ նման Մարգարե պիտի մեջտեղ հանի, Նրա՜ն կլսեք» (Բ Օրենք ԺԸ 15):
Իններորդ՝ որպեսզի Հոր ավետիսը հաստատի, թե անսուտ է Աստծու ավետյաց խոստումը: Եվ ինչպես սա, այդպես էլ մյուսները, ուրախությամբ կատարեց, այսինքն՝ մեզ ծառայությունից ազատելու և արքայությունը տալու խոստումը:
Տասներորդ՝ առաքյալն ասում է. «Քրիստոսն է Օրենքի վախճանը» (Հռոմ. Ժ 4): Այսպիսով, հինն ամբողջովին կատարեց ու վճարեց և ապա նորի սկիզբը դրեց, այսինքն՝ մկրտության ու շնորհի, որպեսզի Ինքը լինի Սկիզբն ու Վախճանը (տե՜ս Հայտ. Ա 17) ոչ միայն ըստ Աստվածության, այլև ըստ մարդկության, ինչպես և ասում է. «Երբ ութ օրերը լրացան, Նա թլփատվեց» (Ղուկ. Բ 21):
Սակայն Տերը մկրտությամբ արգելելով մարմնավոր թլփատությունը՝ փոխարենը տվեց հոգևոր թլփատություն, որը մեզ համար օրինադրվեց Պողոսի միջոցով (տե՜ս Հռոմ. Բ 29):
Պետք է իմանալ, որ երկու թլփատություն կա՝ հոգևոր ու մարմնավոր: Տերը մարմնավոր թլփատությունն ավանդեց Աբրահամին, իսկ հոգևորը՝ սրտի թլփատությունը, ավանդեց Մովսեսին՝ ասելով. «Թլփատեցե՜ք ձեր խստասրտությունը» (Բ Օրենք Ժ 16):
Եվ Քրիստոս ոչ միայն Օրենքի, այլև հոգևոր թլփատությամբ թլփատվեց. նախ՝ թլփատեց Նրան Հայրը ծննդյան ժամանակ աղքատության սրով, ապա՝ ութերորդ օրը թլփատվեց Օրենքի սրով, այնուհետև՝ Ինքն Իրեն թլփատեց խոնարհության սրով, և վերջապես՝ Նրան թլփատեցին հրեաները՝ չարչարանքների, իսկ Պիղատոսի զինվորները՝ խաչի սրով:
Դարձյալ՝ Քրիստոս այժմ թլփատում է նաև Իր Եկեղեցին չորս կերպով. նախ՝ բամբասողներին, ովքեր վերացնում են բարեկամությունն ու բարի համբավը: Երկրորդ՝ հափշտակողներին, ովքեր հափշտակում են ժամանակավոր բարիքները: Երրորդ՝ հերետիկոսներին, ովքեր սպանում են հոգիները: Չորրորդ՝ բռնատիրողներին, ովքեր սպանում են մարմինը:
Հարց. -Ո՞վ թլփատեց Հիսուսին:
Պատասխան. -Տիրոջ անվանյալ ծնողները թեպետև մեծամեծ խոսքեր լսեցին Նրա մասին նախ հրեշտակից, ապա հովիվներից ու մոգերից, սակայն չարգելեցին Նրա թլփատությունը՝ ըստ Օրենքի կարգի, և Զաքարիան՝ Հովհաննես Կարապետի հայրը, գալով նրանց մոտ, թլփատեց մեր Տիրոջը Հովսեփի բազուկների վրա՝ կոչելով Նրան Հիսուս: Սակայն հատելով չթլփատեց Նրան, այլ ճեղքելով, ինչպես օրենք է անդրանիկների համար, որովհետև անպատշաճ էր Նրա Մարմնից կամ Արյունից մաս անջատել: Եվ այսպես՝ անդրանիկների օրենքը սահմանվեց հատուկ Քրիստոսի համար, քանզի չէր կարելի հատել աստվածային Մարմինը:
Եվ մեր Տերը, Ով անդրանիկն էր Հոր, անդրանիկ եղավ նաև մորից: Ինչպես նաև անդրանիկն է մեռելներից հարություն առածների, այդ պատճառով էլ անդրանիկի նման ընդունեց թլփատության օրենքը:
«Հիսուս»-ը եբրայեցիների լեզվով նշանակում է փրկիչ, իսկ հունարեն՝ բեկված Ադամի բժիշկ: Միևնույն ժամանակ նշանակում է նաև փրկիչ անեծքից, մեղքերից, կուռքերից, դժոխքից ու ամեն տեսակ վտանգից, որոնցից էլ մեր Տերը մեզ փրկեց ու սատանայի խոցոտած մեր խոր վերքերը բուժեց:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի