Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար

15 2 880x660 - Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար

Հոկտեմբերի 14-ին, Ս. Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի հոգու խաղաղության և հանգստության համար: Նրա ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քյուրքչյանների և եղբոր` Ջորջ Քյուրքչյանի շիրիմների կողքին է ամփոփվել նաև Ջոն Քյուրքչյանի աճյունը, ով միշտ սիրով ու հավատարմությամբ փարված էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր էր համազգային կյանքի անդաստանների շենացման  գործում:

Հանգուցյալ Ջոն Քյուրքչյանի և Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ  2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաև Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով և ծնողական խնամքից զուրկ մանուկներ և պատանիներ:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքճյան ընտանիքի անդամներ:

Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին:

«Նրա մահը մեծ կորուստ  եղավ մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Այս անցյալ տարվա  ընթացքին ապրեցինք  նրա կորստի ցավը, ինչպես նաև մխիթավեցինք նրա պայծառ հիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին  տասնամյակների  թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, սիրելի  Ջոնը  բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Տարիներ  շարունակ   Ջոն  Քյուրքչյանը  Լոնդոնի  հայ  համայնքի  ակտիվ  անդամ  էր`  հարատև  իր  կարողություններով   աջակցելով  եկեղեցու առաքելությանը։ Քյուրքչյան  ընտանիքի  առատ  նվիրատվությունների   շնորհիվ իրագործված  մի  շարք  ծրագրեր  այսօր  իրապես  տալիս  են  իրենց  օգտակար  պտուղները`  օրհնություն  դառնալով   շատերի  կյանքում և  զարդարելով բարերար  ընտանիքի հիշատակը։ Այսօր  վերստին  առիթ ունենք մատուցելու  մեր  սրտագին  գոհունակությունը  առ  Աստված  Ջոն Քյուրքչյանի  կյանքի  և  վաստակի համար,  որպես  սիրող  ամուսին, հայր, եղբայր  և  հորեղբայր,  ում  հիշատակը  կլինի  հավիտենապես օրհնյալ։

…Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվեց հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ  զավակներին։ Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի Իր երախտարժան զավակի՝ Ջոն Քյուրքչյանի հոգին, և Սուրբ Հոգու մխիթարություն  պարգևի ազնվափայլ  տիկնոջը՝  սիրելի  Քրիստինային, զավակներին, զարմուհուն  ու բոլոր վշտացյալ հարազատներին, և մեզ ամենքիս», — մասնավորապես ասաց Վեհափառ Հայրապետը` հայցելով  Ամենագութն Աստծուն, որ երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Ջոն Քյուրքչյանը իր  սիրեցյալ  ծնողների  և  եղբոր հետ միասին:

15 1 - Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար15 2 - Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար15 3 - Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար