Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանը պաշտոնաթող է արվել։ Հիշեցնենք, որ Մեսրոպ պատրիարքը ծանր հիվանդության պատճառով 2007-ից չի կարողանում կատարել իր գործառույթները: 2010-ից պատրիարքի փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ պատրիարքի ընտրությունները տեղի կունենան մյուս տարի: Թեմայի շրջանակում զրուցել ենք Բագրատ Էստուկյանի հետ:

Պարոն Էստուկյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին: Մոտավորապես ե՞րբ է նախատեսվում ընտրություն անցկացնել:

Պաշտոնաթողությունից հետո պետք է դիմում գրվի Ստամբուլի ներքին գործերի նախարարություն, որպեսզի թույլտվություն տան պատրիարքի ընտրություն անցկացնելու համար: Դրա համար կարող է պահանջվել մի քանի ամիս: Հիմա պետք է տեղապահ ընտրվի, որը կիրականացնի այդ գործը: Ձևավորված հանձնախումբը պետք է արտոնություն ունենա իրականացնելու այդ աշխատանքը: Այս դիմումը պետք է կատարվի եկող ամսվա մեջ, իսկ թե պատասխանը երբ կլինի, հայտնի չէ: Պատրիարքի փոխանորդ Արամ սրբազանի խոսքով՝ պատասխանը կարող է մեկ ամսում գալ, կարող է երեք ամսում գալ, կամ կարող է ընդհանրապես չլինել արտոնության թուղթը: Այնուամենայնիվ, այս տարվա մեջ ընտրության մասին խոսելը ռեալ չէ:

Պատրիարքի քանի՞ թեկնածու կա՝ բացի Արամ սրբազանից:

Գոնե իմ կարծիքով, լավագույն թեկնածուն Արամ սրբազանը չէ: Նա չորս թեկնածուներից մեկն է: Այս պահին չորս թեկնածու կա պատրիարքական աթոռի համար առաջադրված: Գուցե առաջիկայում այլ թեկնածուներ էլ առաջադրվեն: Ժամանակի ընթացքում հնարավոր է 5-6-րդի անունն էլ լսենք: Բայց մրցակցությունը կընթանա երկու, առավելագույնը երեք թեկնածուների միջև:

Ովքե՞ր են նրանք:

Նրանք են՝ այժմ պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Պայքարը կընթանա առաջին երկուսի միջև:

Հաշվի առնելով այն, թե ինչ վերաբերմունք ունեն Արամ սրբազանի նկատմամբ թուրքական իշխանությունները, այս հանգամանքը կարո՞ղ է ընտրության արդյունքի վրա ազդեցություն ունենալ:

Ո՛չ, չեմ կարծում, քանի որ հատկապես այդ գործոնը միշտ հակառակ արդյունքն է տվել, ժողովուրդը այդ գործոնը երբեք հաշվի չի առնում:

Այս տարիներին ի՞նչ խնդիրներ են կուտակվել համայնքի առաջ, որ ընտրությունից հետո պետք է նորընտիր պատրիարքը կյանքի կոչի:

Մեսրոպ պատրիարքի հիվանդությունից սկսած, այսինքն՝ վերջին ութ տարիների ընթացքում համայնքը կարծես թե կորցրել է իր հին կազմակերպածությունը: Եվ այլևս հոգևոր առաջնորդ չունենալու հանգամանքը եղավ պատճառը նման խնդիրների, քանի որ Պոլսո պատրիարքը միայն հոգևոր առաջնորդ չէ, այլ նաև ազգային ներկայացուցիչ, հայ համայնքը ներկայացնող գլխավոր դերակատարն է: Եվ, հավանաբար, Արամ սրբազանն այդ գոհացումները չի ապահովել ժողովրդի կողմից: Ժողովուրդը Արամ սրբազանի կերպարի մեջ իր առաջնորդը չի տեսնում, գուցե մի փոքր հատվածի մեջ, բայց խոսքը մեծամասնության մասին է:

Ըստ Ձեզ՝ ե՞րբ կունենաք նոր պատրիարք:

Թվականի մասին խոսելը դյուրին չէ, քանի որ պետք է սպասենք դիմումի պատասխանին: Լավագույն պարագայում մինչև գարուն հնարավոր է ընտրության անցկացում:

Արդյոք արդա՞ր ընտրություն կիրականանա:

Ընտրությունն արդար կլինի: Այդ առումով մտավախություն չունեմ: Մանավանդ մրցակցություն կա, մրցակցությունը միշտ արդար է լինում: Երբեմն լինում է առանց մրցակցության ընտրություն, քանի որ մեկ անձի շուրջ են պայմանավորվել, մրցակից չի եղել, և ժողովուրդը գնացել քվեարկել է: Եթե այդպիսի լուծում լինի, այլ է լինելու, բայց եթե մի քանի թեկնածու են, արդեն իսկ արդար կլինեն:

Նոր պատրիարք ընտրելու գործընթաց սկսելը պատմական բացառիկ պա՞հ է:

Պատմության ընթացքում բազմաթիվ օրինակներ կան, երբ պատրիարքները իրենց կենդանության օրոք հեռանում են այդ պաշտոնից:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հյուր` Բագրատ Էստուկյան
Լուսանկարը՝  Hetq.am-ի
Աղբյուր՝ www.1in.am