«Ի պաշտպանութիւն Հայ Եկեղեցու Պատմություն առարկայի դասաւանդութեան» Հովակիմ սրբազան

 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «

 Հայաստանում բուռն կերպով քննարկումներ են ընթանում ՀՀ ԿԳՍՄ նախարարության որոշումը Հանրակրթական դպրոցների առարկայացանկից Հայ Եկեղեցու Պատմությունը որպես առանձին առարկա դուրս բերելու, եւ այն Հայոց Պատմության առարկայի մեջ ընդկրկելու հարցի շուրջ: Այս մասին նաեւ լսել ենք վարչապետի տեսակետը, նաեւ մեր հանրության տարբեր հատվածների արտահայտած տեսակետերը: Երեկ այստեղ Լոնդոնի մեր Եկեղեցիներում առաջին անգամ առիթ ունեցանք դռները բացել հաւատացելոց առջեւ կառավարության կողմից սահմանափակումների թուլացման արդյունքում, հաւատացեալներից մի քանիսը Պատարագի արարողությունից առաջ մոտեցան եւ պահանջեցին հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում հանրակրթական դպրոցներում Հայ Եկեղեցու առարկայի դասաւանդման, ընդ որում անձինք էին, որ ծնվել եւ մեծացել են սփյուռքում:

Անգլերեն ասացվածք կա. «if it is not broken don’t fix it»: Այն ինչ անսարք չէ, մի սարքիր: Ամեն մի քաղաքական ուժ, որ իշխանության է գալու, չպետք է հիմնովին մի կողմ դնի նախորդի արածները ու փութանակի կամ հապճեպ իր մոտեցումները պարտադրի հանրությանը՝ ամեն անգամ սթրեսի ենթարկելով հասարակությանը, չհաշված այն հսկայական ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները, որ ներդրվել կամ ներդրվում են այս գործընթացներում: Հայաստանում բարեփոխելու, կատարելագործելու եւ նորոգելու շատ այլ հարցեր կան: Սահակ-Մեսրոպեան շրջանից ի վեր Հայ Եկեղեցին եղել է Հայ Դպրութեան հովանավորը: Այս կերպ, մեր ժողովրդին պարգեւել է գոյատեւման, ինքնության պահպանության երկու հիմնասյուներ՝ հաւատք եւ դպրություն: Սրանք արժեքներ են: Մեր երկրի այցեքարտը: Աշխարհը մեզ ճանաչում է որպես աշխարհում առաջին Քրիստոնեա պետություն: Ի թիվս այլ արժանիքիների ու ձեռքբերումների, Մենք աշխարհին ներկայանում ենք մեր հինաւորց Քրիստոնեական հաւատքով եւ մշակույթով: Մեր քրիստոնեական ժառանգությունն է, որ մեզ անհերքելի փաստեր եւ կռվաններ է տրամադրում պայքարելու մեր ժողովրդի իրաւունքները ոտնահարող «հարեւանների դեմ»: Այդ թվում հուշարձաններ, կոթողներ, աշխարհի հայտնի թագարաններում պահւող ձեռագրեր, սրբապատկերներ ու արվեստի այլ գործեր: Այո, երբեմն դժվար է տարանջատել Հայ Եկեղեցու պատմությունը Հայ ժողովրդի պատմությունից, որով Եկեղեցին ինքը ժողովուրդն է, եւ Հայ Եկեղեցու պատմությունը Ազգապատում է: Սակայն Հայ Եկեղեցու Պատմություն առարկան որպես այդպիսին մուտք է գործել Հայաստանի կրթական համակարգ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700- ամյա տոնակատարություններ շրջանին: Սա նաեւ ազգային եւ հոգեւոր վերածննդի արդյունք էր: Եվ գնահատանք էր մեր հոգեւոր ժառանգության եւ տեսիլքի արդյունք՝ հայ պատանուն դաստիարակելու հոգեւոր եւ բարոյական արժեքներով:

 2015 թ., երբ նախապատրաստում էինք Վեհափառ Հայրապետի այցը Վատիկան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ, այցելել եմ Վատիկանի Կրթության նախարարություն: Պատասխանատու կարդինալը հանդիպման ժամանակ հպարտությամբ նշում էր, որ Եկեղեցու հովանու ներքո գործում են ավելի քան 50 000 կրթական հաստատություններ: Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում կրթական հաստատությունների ճնշող մեծամասնությունը գտնվում է Անգլիկան կամ Կաթոլիկ Եկեղեցիների հովանու ներքո: Այստեղ հաճույքով իրենց զաւակներին են ուղարկում ոչ միայն Քրիստոնեա ընտանիքներ, այլեւ այլ կրոնների ներկայացուցիչներ: Ինքս գրեթե ամեն ամառ եւ ձմեռ բազմաթիվ երաշխավորագրեր եմ տալիս մեր Եկեղեցու երիտասարդ անդամներին իրենց զաւակներին այդ դպրոցներում ընդգրկելու համար, եւ այս գրությունները տվել եմ նաեւ անձանց, որոնք այսօր նոր Հայաստանում կարեւոր դիրք են զբաղեցնում: Մանրամասնելու համար նշեմ, որ երեխաները ոչ միայն պետք է մկրտված լինեն, այլեւ պահանջում են, որ ծնողները ամեն կիրակի հաճախեն Եկեղեցի, վճարեն անդամատուրքը, կատարեն կամաւոր աշխատանք, իսկ դպրոցներում աղոթքը, քրիստոնեական դասընթացները պարտադիր են: Հայաստանում Եկեղեցին շատ դպրոցներ չունի: Սրա պատճառները պարզ են: Եկեղեցուց այս ամենը բռնազավթվել է 1903 թվականին, Ա Համաշխարհային պատերազմի ընթացքին եւ Կոմունիստական բռնաճնշումների տարիներին (պատմաբանները կարող են սա ավելի լաւ ներկայացնել):

 Ամփոփելով գրածս, ցանկանում եմ հույս հայտնել, որ կարող է երկխոսություն ընթանալ Մայր Աթոռի եւ պատկան կառույցների միջեւ: Այլապես Եկեղեցուն ստիպված պիտի լինեն վերադարձնելու այն, ինչ բռնազավթվել էր նախորդ դարասզբին:

 Սփյուռքահայությունը միշտ կանգնած է հայրենիքի կողքին՝ բերելով իր նյութական, բարոյական, մասնագիտական եւ այլ կարգի աջակցություններ, բայց նաեւ իրաւունք ունի պահանջելու եւ իր տեսակետն արտահայտելու հայրենիքում ընթացող գործընթացների վերաբերյալ: Այս տողերը գրում եմ ոչ թե անձ, որ միայն վերջին հինգ տարիներին ծառայության բերումով է ապրում սփյուռքում, այլ անձ, որ ծնվել եւ մեծացել է հայրենադարձի ընտանիքում, սփյուռքի հետ նիշտ ունեցել եմ արյունակցական կապ, ունեմ անմիջական ազգականներ եւ ընտանիքի անդամներ սփյուռքի հին եւ նոր գաղթօջախներում: Կրկնում եմ իմ կոչը բոլորին աջակցել Մայր Եկեղեցուն՝ պահանջելու եւ ուղղորդելու հայրենի մեր իշխանություններին կայացնել ճիշտ որոշումներ»: