ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Մեր Եկեղեցին հիշատակում է Հրեշտակապետներ՝ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր հրեշտակների տոնը;
«Ի՞նչ է նշանակում հրեշտակ, ե՞րբ և որտե՞ղ են նրանք հիշատակվում, քանի տեսակ հրեշտակների դասեր կան»:
«Հրեշտակե հայոց լեզվում նշանակում է «Պատգամաբեր, դեսպան»: Եբրայեցերեն՝ «Մալախ», Հունարեն՝ «Անկելոս»: Նա 500 անգամ գործածվել է Աստվածաշնչում, շատ փոքր մասն է միայն վերաբերում մարդ պատգամավորներին, մնացածը՝ հատուկ է երկնային էակներին, որոնք առհասարակ Հին Կտակարանում հիշվում են իբրև «Աստծու Հրեշտակ» կամ «Տիրոջ Հրեշտակ» անուններով:
Հրեշտակները մարդկանց պես բանավոր էակներ են, բայց անմարմին և հոգևոր են: Սրանց բնությունը կրակի պատկերով է ներկայացված. «Աստված քամիները հրեշտակներ դարձրեց իրեն և կիզիչ հուրը՝ սպասավորներ» (Սաղմոս 103:4):
Սուրբ Գիրքը հիշում է հրեշտակների մի քանի անուններ, ինչպես օրինակ՝ «Գաբրիել, Միքայել, Ռափայել, Սուրիել, Պատաքիել, Զազիել, Սուլիել»:
Նրանք բաժանվում են երեք դասերի․
Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ
Տերություններ, Զորություններ, Իշխանություններ:
Պետություններ, Հրեշտակապետներ, Հրեշտակներ, որոնցից են՝
ա. «Գաբրիել», որ թարգմանվում է «Աստծու մարդը» կամ «Աստծու Զորությունը», բոլորին ծանոթ Հրեշտակապետն է Քրիստոնեական Եկեղեցում: Ոմանք ենթադրում են, թե Գաբրիելը Աստծու անձնական ու անմիջական պաշտոնյան է, որը գործադրում է Նրա հրամանները և կարևորագույն որոշումները: Գաբրիելը «Ճշմարիտ բարեկամն է մարդկանց» և մանավանդ «Քրիստոնյաների մշտական բարեկամն ու պահապանը»: Հավատքի մեջ թույլ մարդիկ, որոնց մեջ Քրիստոս ներկա չէ, չափից ավելի վախենում են Գաբրիել Հրեշտակապետից, միշտ ահուդողով, թե ուր որ է նա կգա ու կտանի իրենց, այսինքն՝ կմեռնեն: Ճշմարիտ քրիստոնյան միշտ պատրաստ է դրան ու չի վախենում, որովհետև հավատում է հավիտենական կյանքին:
բ. Լավ ճանաչված երկրորդ Հրեշտակապետն է «Միքայելը», որ նշանակում է «Որ նման է Աստծուն»: Ըստ ավանդության, այս խոսքը մարտական կոչը եղավ այն բարի հրեշտակների, որոնք հավատարիմ մնացին Աստծուն և պատերազմ հայտարարեցին ապստամբող հրեշտակների դեմ, որոնց ղեկավարը, Սադայելը, ինքնիրեն Աստծու տեղ էր դրել և ուզում էր Նրան հավասարվել:
«Պատմում են, որ պատմական Հայաստանի հարևան Փռյուգիայի Կոլաս քաղաքում Միքայել հրեշտակապետի անունով մի վանք կար, ուր շատ հրաշքներ էին կատարվում։ Հեթանոսները Հուլիանոս Ուրացողի դրդմամբ փորձում են մոտակա մի գետ դեպի վանքը դարձնել՝ այն ջրի մեջ թաղելու համար։ Միքայել հրեշտակապետը, իր գեղարդը հողին խփելով, մեծ անդունդ է բացում, ուր հոսում են դարձված գետի ջրերը՝ նախքան վանքին հաս-նելը, և ուրիշ տեղից դուրս գալով՝ շարունակում են իրենց ճանապարհը։ Վանքը մնում է անվնաս»
գ․ Սուրբ Գրքում հիշվում է մի երրորդ հրեշտակի՝ «Ռափայելիե մասին, որ նշանակում է «Աստված բժշկում է»: Նրան են վերագրվում բարի մարդկանց աղոթքները Աստծուն ներկայացնելու գործը:
Մեր Տերը Հիսուս Քրիստոս հաստատում է հրեշտակների գոյությունը, երբ մի առիթով մանուկների մասին խոսած ժամանակ ասում էգ «Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեքգ ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է» (Մատթգ 18:10):
Հայոց պատմությունից հրեշտակների մասին շատ հիշատակություններ կան, բայց սրանցից մեզ ծանոթ կարող ենք հիշել Սուրբ Գրիգոր Լուսավորչի դեպքը: Սուրբ Գրիգոր Խոր Վիրապի փոսում մնաց տարի: Ըստ ավանդության իր բանտարկության երկար միջոցին, նա ամեն օր ընդունում էր իր պահապան հրեշտակի այցելությունը, որը նրան ուտելիք էր բերում:
Ավետարանում հաստատումներ կան, թե ամեն մարդ, նույնիսկ մանուկները, ունեն իրենց պահապան հրեշտակները: Դանիել մարգարեի գրքում էլ հիշվում է, թե նույնիսկ ամեն ազգ իր հրեշտակն ունի:
Ես հավատում եմ, որ մեր ազգն էլ իր պահապան հրեշտակները ունի, քանի որ այսքան դարեր հազար ու մի փոթորիկների միջով անցնելով շարունակում ենք մեր գոյությունը իբրև ազատ ու անկախ մի ժողովուրդ, մեր Սուրբ Հայրենիքով ու Միածնաէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով; Մի՞թե սա հրաշքի համազոր չէ: Եթե մենք մեր պահապան հրեշտակները չունենայինք, վաղուց ի վեր փոշիացած կլինեինք պատմության էջերում:
Մեզ մնում է չհուսահատվել, այլ գործակից և կամակից լինել բարի հրեշտակներին, որոնք ցանկանում և օժանդակում են մեր փրկության ու նրանց օրինակով մենք էլ օժտվենք հավատքի, հույսի և սիրո նոր սպառազինությամբ:
Սակայն սխալ է նրանց երկրպագելը կամ պաշտելը։ Հայտնության գրքում կարդում ենք, որ երբ Հովհաննես առաքյալը փորձում է երկրպագել իրեն երևացող հրեշտակին, նա սպառնագին զգուշացնում է նրան՝ ասելովգ «Զգույշ, մի՚ երկրպագիր ինձ, որով-հետև ես էլ ծառայակից եմ քեզ ու եղբայրներիդ, որոնք Հիսուսի համար վկայություն են տալիս: Միայն Աստծուն երկրպագիր» (19:10, 22:9 հմմտգ Բգ Օրինաց 6:13, Մատթգ 4:10):
12-րդ դարի մեր մեծ Հայրապետ սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով աղոթենք.
«Բարերար Տեր, ինձ բարի հրեշտակին հանձնիր` հոգիս քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարությունից, որոնք գտնվում են երկնքի ներքո, և ողորմիր քո արարածներին և ինձ՝ բազում մեղքեր ունեցողիս (Հավատով Խոստովանիմ)»: Ամեն:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Ճշմարտախոս քրիստոնյան» ԳՐՔԻՑ: