Նուռը ևս օրհնության պտուղ

Nur 2020 1 638x660 - Նուռը ևս օրհնության պտուղ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2014 թ. Հայոց Եկեղեցում հաստատվեց մի նոր բարեպաշտական արարողություն` նռան օրհնություն: Դեկտեմբերի 31-ին, ժ. 00.00-ին՝ մեր բոլոր եկեղեցիներում կկատարվի նռան օրհնություն:

*** * ***

 Տակավին նախաքրիստոնեական ժամանակաշրջանում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ և պատկերվել հայկական մշակույթում և արվեստում:

 Նուռն իր խորհրդանշական իմաստով նաև մաս է կազմել Քրիստոնյա Հայաստանի խորհրդանշանային համակարգի: Դեռ վաղ միջնադարից նուռը, ի շարս այլ բուսական մոտիվների, պատկերվել է եկեղեցական ճարտարապետության, խճանկարչության, մանրանկարչության և կիրառական արվեստներում:

 Հայոց Եկեղեցու աստվածաբանական միտքը կատարել է նաև նռան մեկնաբանությունը, որն առաջին հերթին տեղ է գտել Սբ Ավետարանի խորանների մեկնություններում, որոնք հեղինակել են Ստեփանոս Սյունեցին, Սբ Ներսես Շնորհալին, Վանական վարդապետը, Գրիգոր Խլաթեցին (Ծերենց), Սբ Գրիգոր Տաթևացին, Պողոս Րաբունապետը (ինչպես նաև ԺԱ.-ԺԷ. դարերի անանուն հեղինակներ):

 Նռնենու պտուղը խորհրդանշում է մարգարեներին. դառը կեղևը Հին Կտակարանի Օրենքն է ու մարգարեությունները, որոնք կանխասացական վկայություններով նախապատրաստում էին Փրկչի գալստյանը և ավետում աստվածային փրկագործությունը: Կեղևի մեջ պարփակված կարմրագույն պտուղը` Սբ Ավետարանն է (իմա Տեր Հիսուս Քրիստոս), որն իր քաղցրությամբ` աստվածային սիրով, զոհաբերությամբ ու շնորհներով պարգևեց փրկություն և հավիտենական կյանք. «Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, — ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ, իր ողորմության համաձայն, — փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով» (Տիտոս Գ. 4-7):

 Նուռն իր հոգևոր խորհրդաբանությամբ նաև ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղևն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք) և Որդուն (հույս) և Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) և Երկնի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդ հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը` փորձություններն ու նեղությունները և հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազը` մուտք գործելով Երկնի արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնությունը» (Բ. Տիմոթ. Դ. 7-8):

 Եվ, այսպես, հոգևոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ, ուստիև հենց Ամանորի սեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է և հոգեշահ. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծո շնորհի, որ տրված է ինձ, բայց ուրիշն է, որ շինում է. սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է շինում, որովհետև այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան այն դրված հիմքը, որ է Հիսուս Քրիստոս» (Ա. Կորնթ. Գ. 10-11):

Ասողիկ աբեղա Կարապետյան

Լուսանկարում`
Երուսաղեմի հայկական խճանկարը և դրվագ, Ե. դար

Nur 2020 1 - Նուռը ևս օրհնության պտուղNur 20120 2 - Նուռը ևս օրհնության պտուղ