Մուսուլմանության ճյուղերը

 Քրիստոնեության հեթանոսական հալածանքները հետագայում շարունակվեցին մուսուլմանների կողմից: Սակայն արդարության համար պետք է ասենք, որ քրիստոնյաները հալածվել են ոչ բոլոր մուսուլման տիրակալների օրոք, քանզի իշխողներ են եղել, որոնց օրերում քրիստոնյաները խաղաղություն և ապահովություն են վայելել: Նրանցից մեկը իշխան Օմարն էր, ով հետաքրքրված էր քրիստոնյաների նվիրվածությամբ հանդեպ իրենց հավատքը և կարծում էր, որ քրիստոնեության, Քրիստոսի Ավետարանի մեջ կան աղավաղված հասկացություններ, որոնք իրենց սկզբնական մաքրությամբ պահպանվել են Ղուրանում: Եվ Օմարը նամակ գրեց Հռոմի Լևոն կայսերը տարբեր հարցադրումներ անելով: Հարցադրումներից մեկը վերաբերում էր Աստվածաշնչի վավերականությանը:

 Օմարն ասում էր, որ պատմության ընթացքում հրեաները կորցրեցին իրենց սուրբ գրքերը, սակայն հետագայում Եզրաս քահանան հավաքագրեց դրանք և խմբագրեց: Բայց ինչպե՞ս կարող է մեկ մարդը վերստեղծել սուրբ գրքերը: Լևոնը, պատասխանելով այս հարցին, բացատրեց, որ Սուրբ Հոգին Եզրասի վրա էր, երբ նա խմբագրում էր գրքերը, և երբ հետո գերյալ հրեաները վերադարձան Հրեաստան, իրենց հետ բերեցին նախապես տարված գրքերը և համեմատելով դրանք Եզրասի տարբերակի հետ` տեսան, որ գրքերի բովանդակությունը նույնն է:

 Այնուհետ քրիստոնյաները թարգմանեցին Հին և Նոր Կտակարանները տարբեր լեզուներով, և հիմա քրիստոնեական ժողովուրդներն ունեն նույն Աստվածաշունչը, և Սուրբ Գրքում ասվածի նշանակությունը շեղող տարբերություններ չկան այդ թարգմանություններում: «Սակայն դուք, -ասում է Լևոնը Օմարին,- ունեք նույն լեզուն, մեկ ժողովուրդ եք, բայց մեկ հաստատուն դիրքորոշում չեք կարողանում հաստատել ձեր կրոնի և սուրբ գրքի հանդեպ»: Եվ Լևոն կայսեր ասածը ճիշտ է, որովհետև մուսուլմանական աշխարհում կան այնպիսիններ, ովքեր ընդունում են Մուհամեդ մարգարեին, և կան ուրիշներ, ովքեր չեն ընդունում: Կան, որ ընդունում են Ղուրանը, այլք մերժում են այն:

 Իսլամն ունի երկու գլխավոր ճյուղեր` սունի և շիա: Սունիները բացի Ղուրանից ընդունում են նաև գրավոր ավանդությունը, մինչդեռ շիաները համարում են, որ միակ սուրբ գիրքը Ղուրանն է: Սակայն այս երկու ճյուղերի պայքարը միմյանց հետ միայն արդարության պայքար չէ, այլ նաև հեղինակության և իշխանության, քանզի սունիները ենթադրում են, որ որևէ արժանավոր մարդ կարող է գալ հոգևոր և աշխարհիկ իշխանության, իսկ շիաները պնդում են, որ միայն Մուհամեդի ազգականները կարող են հոգևոր և աշխարհիկ իշխանություն ստանալ:

 Մուսուլմանության այս երկու ճյուղերի առաջացումից ի վեր մուսուլմանությունը բաժանվեց բազմաթիվ աղանդների: Որոշ աղանդներ առաջացան սունիից: Դրանցից մեկի հետևորդները կոչվում են խորասաջիներ, որը նշանակում է ապստամբ: Դժգոհ լինելով խալիֆ Ալիից` նրանք ապստամբեցին Ալիի դեմ:

 Սունի ուղղության ծայրահեղականները կոչվում են իսմայիլներ: Շիա ուղղության մեջ հայտնի աղանդավորներ են եղել մութազիլիները, որոնք չեն ընդունում Ղուրանը որպես հավիտենական գիրք: Նրանք նաև չեն ընդունում աստվածությանը վերագրվող մարդկային հատկանիշները` համարելով, որ ճշմարտության չափանիշը մարդկային բանականությունն է: Եվ միմյանց դեմ կռվում են ոչ միայն մուսուլմանության երկու գլխավոր ճյուղերը, այլև յուրաքանչյուրի աղանդները միմյանց դեմ, ինչպես նաև այդ աղանդները մյուս ուղղության և դրա մեջ գտնվող ու իրար դեմ պայքարող աղանդների դեմ: Այսօր մենք կարող ենք տեսնել, թե որքան խռովված է մուսուլմանական աշխարհն իր պատերազմներով և ահաբեկչական գործողություններով: Եվ մենք` որպես քրիստոնյաներ, բոլորին սիրելու և բոլորի համար աղոթելու Քրիստոսի պատվերի համաձայն, պետք է աղոթենք նաև մուսուլմանների համար, որպեսզի նրանք ճիշտ լուծումներ գտնեն իրենց խնդիրներին, և մենք միմյանց հետ կարողանանք ապրել կողք կողքի խաղաղության և ապահովության մեջ:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Նմանատիպ նյութեր