Մեծ եղեռնի ժամանակ կորստյան մատնվեց շուրջ 40․000 ձեռագիր մատյան։ Սա ավելին է, քան այսօր մեզ հասած և աշխարհով մեկ սփռված մեր ձեռագրերի թիվը։ Երևանի, Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի, Անթիլիասի, Նոր Ջուղայի մատենադարաններում, աշխարհի բազում թանգարաններում, գրադարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող ձեռագրերի թիվը չի անցնում 30․000-ից։
Եղեռնից հրաշքով փրկված փոքրաթիվ մատյաններից մեկը, որն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, «Մշո Ճառընտիր»-ն է՝ հայոց ամենամեծ ձեռագիրը։ Այն կշռում է 28 կգ։ Տպավորիչ են նաև ձեռագրի չափսերը՝ 55X71 սմ։ Մատյանն ունեցել է 660 թերթ։ Ամեն մի թերթ պատրաստվել է մի երինջի կամ արջառի կաշվից։ Մատյանը բովանդակում է շուրջ 40 հեղինակի ընտիր ստեղծագործությունները՝ ճառեր, վկայաբանություններ, ներբողներ և այլն, որտեղից էլ նրա անվանումը՝ ճառընտիր։
Բարեբախտաբար պահպանվել է մատյանի հիշատակարանը, որից տեղեկանում ենք մատյանի ստեղծման և հետագա ճակատագրի մասին։ Ստեղծվել է 1202 թվականին՝ Երզնկայի նշանավոր Ավագ վանքում՝ Վարդան գրիչի և Ստեփանոս ծաղկողի ջանքերով։ 1204 թվականին՝ մոնղոլների ասպատակության ժամանակ, մատյանի պատվիրատուն և տերը զոհվում է։ Մատյանն առևանգվում է, «գերվում»։ Այն վերադարձնելու համար առևանգողները պահանջում են 4000 արծաթ դրամ։ Հսկայական այս գումարի հավաքման համար կազմակերպվում է հանգանակություն, որը տևում է 2 տարի։ Հիշատակարանը մեկ առ մեկ թվում է այն մարդկանց անունները, «ովքեր օգնեցին, որքան իրենց կարողությունն էր»։
Գերությունից ազատված մատյանը 710 տարի գտնվում էր Մշո Առաքելոց վանքում։ 1915 թվականին մատյանի ճակատագիրը նորից միահյուսվում է ժողովրդի ճակատագրին։ Գաղթի ճամփան բռնած մշեցիները մատյանը երկու կես են անում։ Մի կեսը ձեռքից ձեռ փախցնելով՝ գաղթականները հասցնում են Էջմիածին։ Մյուս կեսը հասնում է Էրզրում և թաղում վանքի բակում։ Որոշ ժամանակ անց՝ երկու կին գնտում են մատյանը և, իրենց կյանքը վտանգելով, հասցնում Թիֆլիս, ապա՝ Էջմիածին։ Եվ ահա այստեղ մատյանի երկու կեսերը նորից գնտում են միմյանց։
Աղբյուր՝ «Մուշ» ֆեյսբուքյան էջ
Լուսանկարում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի աշխատակից Շ. Սմբատյանը թերթում է «Մշո ճառընտիրը»` հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը: 1976 թվականի լուսանկար:
Լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի բլոգից։