Մեծ պահքի օրերին մանավանդ, հեռումնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք:
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության: Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե’ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի: Եղբայրնե’ր իմ, մի՞թե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը` թուզ: Նմանապես, աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ» (Հակ. 3:5-12):
Մարդկային լեզվի աղբյուրը սիրտն է, նա խոսում է իր սրտի թելադրանքով: Մի’ հավատացեք այն մարդուն, որ դիմացինի զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելուց հետո, ասում է. «Լեզվիս մի’ նայեք, սիրտս մաքուր է»: Սուտ է: Եթե լեզուն իր պատգամը սրտից է ստանում, ապա անհրաժեշտ է, որ սիրտը լցված լինի ազնիվ մտածումներով, որպեսզի այն մնա իր դաստիարակողի դերում:
Այս պատմությունը կարծում եմ կարևոր է և ուսանելի:
«Մի օր Աթենացի իմաստասերներից մեկը մոտենում է Սոկրատ իմաստասերին և սկսում ծանր բառերով զրպարտել իր ընկերներից մեկին: Մեծանուն հույն իմաստասերը, առանց մի րոպե իսկ թողնելու, որ նա իր զրպարտությունների տոպրակը դատարկի, կտրում է նրա խոսքն ու ասում.
– Այդ բոլոր տեղեկությունները, որոնք ինձ ես տալիս, նախապես երեք մաղերից անցկացրեցի՞ր:
– Չգիտեմ, ի՞նչ են մաղերը,- պատասխանում է շփոթված Աթենացին:
– Լսի’ր, առաջինը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մաղն է: Ստուգեցի՞ր, որ քաղածդ լուրերը ճի՞շտ են:
– Ո’չ, լսածս ասացի ձեզ, -պատասխանում է Աթենացին:
– Երկրորդ, – բարկացած շարունակում է Իմաստասերը,- ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե ի՞նչ օգուտ պիտի տան քեզ և վնաս այդ զրպարտությունները:
– Դժբախտաբար չմտածեցի այդ մասին;
– Երրորդ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե այդ տեղեկությունները կարիք կա՞ր հրապարակելու կամ ոչ:
– Պատասխանը դարձյալ լինում է ժխտական:
– Քանի որ այս երեք մաղերը չգործածեցիր, որ ճշտես տարաձայնությունների աղբյուրը, մի բառ իսկ ավել չեմ ուզում լսել:
ԻՆՉՔԱՆ ԱՐԴԱՐ ՈՒ ՊԱՏՇԱՃ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՍՈԿՐԱՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԳՐԱՎԵԻՆՔ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՂԻՑ ԱՆՑԿԱՑՆԵԻՆՔ ԵՂԱԾ ԶՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՇԱՏ ԱՆԳԱՄ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆԸ ՄՐՈՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ;
ԱՍՏՎԱԾ ՀԱԿԱՌԱԿ ՈՐ ՄԱՐԴՈՒՆ ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՉՔ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔ, ԵՐԿՈՒ ՈՏՔ, ՈՐ ԵԹԵ ՄԵԿԸ ՎՆԱՍՎԻ, ՄՅՈՒՍԸ ԳՈՐԾԱԾԻ, ՍԱԿԱՅՆ ՀԵՏԱՔՐԻՐ Է` ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱԿԱՆՋ ԵՎ ՄԵԿ ԼԵԶՈՒ, ՈՐ ՇԱՏ ԼՍԵՆՔ ՈՒ ՔԻՉ ԽՈՍԵՆՔ:
«Բուժող լեզուն կյանքի ծառ է, և ով պահում է այն` նրա հոգին պիտի լցվի», -ասվում է Առակաց գրքում (Առակ. 15:4):
Աշխատենք մաքուր պահել մեր ԼԵԶՈՒՆ:
Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան