Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպս. Բերբերյանը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին, իր մտահոգությունն է հայտնում մեր եկեղեցում տիրող իրավիճակի, մանավանդ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ տարվող պայքարի առիթով:
«Հայ Ձայն»-ին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը հայտնում է, որ մոտ երկու շաբաթ առաջ նախաձեռնել եւ Արգենտինայի, Ուրուգվայի թեմի առաջնորդների հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը կրկին տեղի ունեցածը դատապարտելու եւ երկխոսության ճանապարհով հարցերը լուծելու կոչ էր:
«Ուզում ենք, որ Վեհափառ տերը իմանա, որ մենք այս պահին կանգնած ենք իր կողքին, մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ: Ես ուշի-ուշով հետեւում եմ տեղի ունեցող իրադարձություններին եւ ցավում եմ, որ այդպիսի բաժանում է տեղի ունեցել Մայր Աթոռի միաբանների եւ նախկին միաբանների միջեւ, որոնք հեռացել են հոգեւոր ասպարեզից: Մեզ համար ցավ է, որ այսպիսի պառակտում ստեղծվեց երկրում, եւ մանավանդ պայքար ընթացավ Վեհափառ հայրապետի դեմ, քանի որ լավ գիտենք, որ Վեհափառ հայրապետը մեծ գործեր է կատարել Հայաստանում՝ լինի շինարարական, դաստիարակչական, սոցիալական, նա միշտ էլ հասել է իր ժողովրդի զավակներին եւ իր հնարավորինն արել է, որ մեր եկեղեցին ծաղկում ապրի եւ փայլուն վիճակ ունենա»,-ասաց «Հայ Ձայն»-ի զրուցակիցը, ավելացնելով, որ եթե դիտարկենք, ապա կտեսնենք, որ մոտավորապես տասնութ տարի առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վիճակն այնպիսին չէր, ինչ որ այսօր է:
«Այսօր Ճեմարանի ուսանողների թիվն է ավելացել, դաստիարակչական կենտրոններ են ստեղծվել, որտեղ վերապատրաստման դասընթացներ են տեղի ունենում, նույնիսկ քահանաների համար են այդպիսի դասընթացներ տեղի ունենում, որ ժամանակին չկային: Սոցիալական հաստատություններ են հիմնվել, եւ քննադատելու ժամանակ, իմ կարծիքով, այս ամենը պետք է նկատի ունենալ»,-Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործունեությունն այսպես գնահատեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպս. Բերբերյանը:
Նա այն կարծիքին է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով, ինչն այս օրերին, ըստ մեր զրուցակցի, շատ կարեւոր է, որպեսզի պառակտումը լայն ծավալ չընդգրկի. «Մեր եկեղեցին մեզ համար ընտանիք է, եւ եկեղեցու ընտանիքի զավակները մեր եկեղեցու զավակներն են: Եթե որեւէ ընտանիքում այսօր խնդիր է ծագում, անմիջապես հավաքվում են եւ խնդիրներն իրենք իրենց մեջ լուծում են, եւ ի վերջո հաշտություն է ստեղծվում: Ես հավատում եմ, որ այդ հաշտությունը պետք է իրականանա, եւ այս խնդիրը պետք է լուծվի ներողամտությամբ, որպեսզի մեր եկեղեցին շարունակի իր առաքելությունը՝ մեր հայրենիքում: Ցավ եմ ապրում, որ այս ամեն ինչը տեսնում եմ: Ցավ եմ ապրում՝ լսելով ավելորդ խոսքեր, անպատշաճ արտահայտություններ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ, դրանք մեր ազգին պատիվ չեն բերում: Պատմության մեջ չեն եղել այսպիսի բաներ»,-իր մտահոգությունը հայտնեց Բրազիլիայի թեմի առաջնորդը, վստահ լինելով, որ աշխարհի բոլոր եկեղեցիներն ու կրոնական համայնքներն էլ այսօր թերություններ եւ խնդիրներ ունեն եւ գտնում են քաղաքակակիրթ ձեւով դրանք լուծելու ճանապարհները:
«Հուսամ, որ այս ընդդիմադիր խումբը կկարողանա համաձայնության գալ, երկխոսության գնալ եւ իրենց հարցերը լուծել իրար մոտենալով եւ ոչ թե տարբեր միջոցներ գտնելով: Ստեղծել են «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անունով նախաձեռնություն, ո՞վ է նոր հայրապետը, ո՞վ է նոր հայրապետի իրենց թեկնածուն, եթե ունեն այդպիսի մեկը, ում ուզում են գահի վրա տեսնել, թող տան անունը, թող հստակեցնեն իրենց ուզածը»,-առաջարկում է «Հայ Ձայն»-ի զրուցակիցը եւ անմիջապես ավելացնում. «Բայց հայրապետ փոխելը այդպիսի հեշտ բան չէ, այդ ճանապարհով չէ, որ հայրապետ են փոխում, եկեղեցին կառավարություն չէ, եկեղեցին ունի իր կարգ ու կանոնը եւ այդ կարգ ու կանոնո՛վ պետք է առաջ շարժվել: Մենք այսօր ունենք ընտրյալ հայրապետ, որ Գրիգոր Լուսավորչի գահին նստած կառավարում է եւ զորացնում է մեր եկեղեցին: Մենք պետք է հարգանք ունենանք մեր հայրապետի նկատմամբ: Մեր Վեհափառը ստեղծել է ծավալուն ծրագրեր, որոնք չեն եղել մեր ոչ մի կաթողիկոսի ժամանակ: Իբրեւ թեմի առաջնորդներ, մենք դատապարտում ենք Վեհափառի դեմ բոլոր անօրինական գործողությունները եւ ընդդիմադիր խմբին կոչ ենք անում գնալ երկխոսության ճանապարհով եւ գիտակցել, որ Վեհափառ փոխելու անհրաժեշտություն չկա, մենք կարող, խելացի հայրապետ ունենք, որ մեր եկեղեցին առաջնորդում է դեպի ապագա:
Թող Աստված անսասան պահի մեր սուրբ եկեղեցին եւ մեր գահակալին»,-ասաց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպս. Բերբերյանը:
Աղբյուր՝ haydzayn.am
Հեղինակ` Սագօ Արեան