Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հոկտեմբերի 9-ից 10-ը, Ընտանիքի տարվա միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով` «Ամուր ընտանիք` հզոր հայրենիք» կարգախոսի ներքո:
Համաժողովը նվիրված է ժամանակակից հասարակությունում Եկեղեցու և ընտանիքի հարաբերություններին և ընտանեկան արժեքների պահպանման հիմնախնդիրներին:
Միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանից և տարբեր երկրներից բանախոսներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ հանդես կգան զեկույցներով՝ ընտանիքի քրիստոնեական ըմբռնման, ամուսնության, ժամանակակից ընտանիքի մասին պատկերացումների, քրիստոնեական արժեհամակարգին և ընտանիքին ուղղված համաշխարհայնացման մարտահրավերների, իրավական և քարոզչական ոլորտներում ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների և այլ թեմաների վերաբերյալ:
Համաժողովի ծրագիրը՝ այստեղ