Մայր Աթոռի Մատենադարանը հյուրընկալեց Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի տնօրենին

Ապրիլի 29-ին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի գլխավոր խմբագիր Սարգիս Մելքոնյանի ուղեկցությամբ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան էին այցելել Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գործող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի տնօրեն Ռոյ Քնոքեն և գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը։

Հյուրերը ծանոթացան Մատենադարանում ցուցադրված Մայր Աթոռի հրատարակություններին, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականությանը, գերմաներեն հավաքածուին, Մայր Աթոռի Մատենադարանի հնատիպ հավաքածուն, այդ թվում առաջին տպագիր Աստվածաշնչին և առաջին տպագիր «Ազդարար» ամսագրին։ Շրջայցի ընթացքում նրանք ներկայացրեցին նաև իրենց տուն-արխիվի գործունեությունը։
Հյուրերը Մատենադարանին նվիրեցին «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» գերմաներեն ժողովածուն (Գյոթինգեն, 2017թ․) և Յոհաննես Լեփսիուսի «Հայերի դրությունը Թուրքիայում» 2016 թ․ հայտնի զեկույցի նոր հրատարակությունը (գերմաներեն, Պոտսդամ, 2017թ․)։ Երկու գրքերն էլ այսուհետ հասանելի կլինեն Ս․ Էջմիածնի Մատենադարանի ընթերցասրահում։

Յոհաննես Լեփսիուսը գերմանացի հասարակական գործիչ է, հոգևորական, արևելագետ, պայքարել է Հայոց Ցեղասպանությունն ամբողջ մարդկությանը հասու դարձնելու համար։ Նրա հավաքած վկայությունները, գրքերն ու հոդվածներն այսօր ոչ միայն արխիվային նյութեր են, այլև անհերքելի փաստեր Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Նրա ժառանգությունը պահվում է Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվում, որը հիմնել է Հերման Գոլցը (բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թ․)։