Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբի դիրքորոշումը Հայոց Պատմության առարկայի վերաբերյալ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:

 Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։

 Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։

 Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։

 Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը  միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:

 Այսու, ենթախմբի սպասումն է կրթության  պետական լիազոր մարմնից՝ հարգել  նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ