Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը առաջարկում է ընթերցողներին տրամադրել էջերի թվային տարբերակները

Vache Tamar - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը առաջարկում է ընթերցողներին տրամադրել էջերի թվային տարբերակները

 «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. 3: 16-17

 Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»։

 Հաջորդ օրը՝ մարտի 14-ին, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական եւ համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաեւ թանգարանները եւ գրադարանները, որոշվեց փակել։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված են (մասնակի կամ հեռահար աշխատելու կարգով) մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների եւ գրադարանների գործունեությունը։ Համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ից սահմանվեց արտակարգ դրություն:

 ​Երկրում տիրող ներկա իրավիճակին զուգընթաց, հատկապես, երբ մարդկանց հորդորվում է ինքնամեկուսանալ, լավագույն առիթ է ընձեռվել ընթերցանության։

 Հետևաբար, նկատի ունենալով, որ հանրային գրադարաններից գրականություն ձեռք բերելն այս օրերին դժվար հասանելի է, Ս․ Էջմիածնի Մատենադարանը և հրատարակչությունը, ի պահանջել հարկի, պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետներում ընթերցողներին տրամադրել առկա գրականության անհրաժեշտ էջերի թվային տարբերակները (բացառապես անձնական օգտագործման համար)՝ հուսով, որ այս փոձությունը ևս հաղթահարելուց հետո կլինենք առավել իմաստուն և գիտելիքով զինված։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի
և հրատարակչության տնօրենություն