Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

 Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
 Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների և նորոգ հանգուցյալ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգիների հանգստության համար:
 Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:
Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան արցախյան պատերազմի հետևանքները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետպատերազմյա և համաճարակային պայմաններում Եկեղեցու առաքելությունը:
Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների գործունեությանն առնչվող հարցեր: