Մասյացոտնի Թեմը հայտարարում է վանականության դիմումների ընդունելություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով հիմնված Մասյացոտնի Թեմը հայտարարում է վանականության դիմումների ընդունելություն:
 Նորին Սրբության օրհնությանն արժանացած այս նախաձեռնությունը երկու հիմնական նպատակ է հետապնդում

ա. նպաստել հայ վանականության և վանական ժառանգությանը բնորոշ մշակույթի վերականգնմանը, հնարավորություն ընձեռելով վանական կյանքի կոչում ունեցողներին իրացնելու իրենց հոգևոր ներուժն ու աստվածատուր շնորհները համապատասխան միջավայրում,
բ. վերածնել Մասյացոտն Թեմի տարածքում պահպանված պատմական վանքերն ու կառույցները հասանելի դարձնելով դրանք հավատավոր մեր ժողովրդին և առհասարակ հայոց հոգևոր մշակույթով հետաքրքրվողներին:
 Հավատում և աղոթում ենք, որ վանական կյանքի վերածնունդով մեր ազգային-հոգևոր կյանքում կվերականգնվեն նաև Հայոց Եկեղեցու պատմական առաքելությանն այդքան բնութագրական հոգևոր, կրթական և մշակութային կարևոր առանձնահատկությունները:
Սահմանված որոշակի փորձաշրջան անցնելուց հետո վանական կյանքի համար ընտրված թեկնածուներն առաջնորդի միջնորդությամբ կներկայացվեն Ամենայն Հայոց Հայրապետին` Հայոց Եկեղեցում վանական կյանք մուտք գործելու հայցով:
 Նախատեսվում են վանքեր թե’ կանանց և թե’ տղամարդկանց համար:
21 տարեկանը լրացած այն հայորդիները, ովքեր իրենց մեջ վանական կյանքով ապրելու կոչում և ձգտում են զգում, կարող են իրենց դիմումները ներկայացնել թեմիս առաջնորդարանի էլեկտրոնային հասցեին՝ masyacotn@gmail.com :
Պահանջվող փաստաթղթերն են.
1. Դիմում-խնդրագիր Մասյացոտնի թեմի առաջնորդի անունով,
2. Ինքնակենսագրություն,
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. Կրթության վկայականներ,
5. Մեկ լուսանկար,
6. Առողջության մասին տեղեկանք,
7. Բնութագիր հոգևոր հովվից (առկայության դեպքում):
 «Ուխտիւք զԱստուած աղաչեսցուք, զի Նա փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ ի ցանկութենէ աշխարհի: Ընկալցի զուխտս եւ զխնդրուածս սրտից մերոց. եւ արժանի արասցէ զմեզ հաւատոց եւ պատուիրանաց Իւրոց ընդ ամենայն սուրբս Իւր»: