Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին

23 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին

Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով պրն․ Ֆրա Մեթյու Ֆեստինգին և նրան ուղեկցող անձանց, նշեց, որ իր հայրապետության ընթացքում բազմիցս առիթներ է ունեցել տարբեր միջոցառումների և հոգևոր արարողությունների ժամանակ ընդունելու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպաններին ու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը պատմության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել մարդկությանը և այսօր էլ շարունակում է իր օգտակարությունը բերել տարբեր ոլորտներում:
Խոսելով Ուխտի և Մայր Աթոռի միջև առկա կապերի մասին՝ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց միջեկեղեցական հարաբերություններին՝ փաստելով, որ Հայ Եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել Քույր Եկեղեցիների հետ, որոնք ներկայիս ևս շարունակում են զորանալ ու զարգանալ:
Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը՝ Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց քրիստոնեական հավատքի վրա խարսխված այն զորեղ հավատքն ու անկոտրում ոգին, որով հայ ժողովուրդը դիմագրավել է պատմության ընթացքում իր առջև ծառացած մարտահրավերներն ու փորձություններն և կերտել իր հաղթանակները:
Նորին Վսեմություն իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգն իր հերթին ուրախություն հայտնեց Մայր Աթոռ այցի առիթով, Հայոց Հովվապետին ներկայացրեց Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը։ Պրն․ Ֆեստինգը նաև պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հետ։
Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետը կարևորեցին սոցիալական ոլորտում իրականացվող մարդասիրական ծրագրերը։ Մասնավորապես խոսվեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների համար կեցության համապատասխան պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության պատճառով վիրավորվածներին և տուժածներին հոգատարություն ու խնամք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։
Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը շարունակի նույն նախանձախնդրությամբ և ավյունով ամենուրեք օգտաշատ ծառայություններ մատուցել տառապանքի, կարիքի և ցավի մեջ գտնվող անձանց:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: