«Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին շնորհվեց պատվոգիր

 Այսօր Գրադարանավարի օրն է, մասնագիտական մի տոն, որը նշվում է Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի՝ սկսած 2004 թվականից: Այս օրը հնարավորություն է տալիս մի անգամ ևս շեշտելու այն մեծ ներդրումը, որ ունեն գրադարանավարները մեր երկրի մշակությաին կյանքի կայացման ու առաջընթացի մեջ:
Այս տարվա տոնական միջոցառումներին մասնակցություն ունեցավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայկական գրադարանային ասոցիացիայի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում Մատենադարանին շնորհվեց պատվոգիր։
Գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության և գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրվեցին նաև Մատենադարանի երկու աշխատակիցները՝ գրադարանավարներ Էլմա Վարդանյանը և Լուսինե Իսախանյանը։