ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 381, գումարվել է հռոմեական Թեոդոսիոս I Մեծ կայսրի հրամանով: Առիթը Ընդհանրական եկեղեցին ալեկոծած Կ. Պոլսի եպիսկոպոս Մակեդոնի վարդապետությունն էր, որը կասկածի տակ էր առել Սուրբ Հոգու Աստվածությունը (այստեղից էլ՝ հոգեմարտներ կամ հոգեմարտների աղանդ անվանումը): Ժողովին ներկա էին Արևելքի եկեղեցիների 150 եպիսկոպոսներ, որոնցից 36-ը՝ մակեդոնյաններ:
Կոստանդնուպոլսի բ տիեզերական ժողովին մասնակցել են IV դ. նշանավոր աստվածաբաններ, եկեղեցու ս. հայրեր Կյուրեղ Երուսաղեմացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիանզացին (Աստվածաբան) և այլք: Ժողովի որոշումներն առաջին հերթին ուղղված էին Մակեդոնի վարդապետության դեմ: Ըստ նրա, Ս. Հոգին ո՜չ Հոր և ո՜չ էլ Որդու էությունից է, այլ՝ օտար մի էություն՝ ոչ համագոյակից նրանց: Մակեդոնի վարդապետությունը ծագել է արիոսականությունից: Արիոսը Որդուն արարած էր համարում և ոչ էակից Հայր Աստծուն, իսկ Ս. Հոգին, ըստ Մակեդոնի, բխում է Որդուց, և քանի որ Որդին Աստված չէ, Ս. Հոգին ևս չէր կարող Աստված լինել. «եւ ի Հոգին սուրբ որ յՈրդւոյ գոյացեալ է»: Սրանից հետևեցնելով, Մակեդոնը քարոզում էր, որ Ս. Հոգին Որդուց բխելով՝ Աստված չէ, այլ Որդու արարչագործություն: Իսկ Ս. Հոգին Հայր Աստծուց բխելը չէր ընդունում: Սրանով Մակեդոնը, ինչպես Արիոսը, Սուրբ Երրորդության խորհուրդն էր մերժում և երեք անձերի համաբնույթ լինելը: Կոստանդնուպոլսի բ տիեզերական ժողովում թեպետ Նիկիայի Հավատո հանգանակը կրկին ընդունվեց, և Նիկիական հավատքը հաստատուն մնաց՝ դավանական տեսակետից որպես կատարյալ, սակայն Ա տիեզեր. ժողովից հետո նոր աղանդների երևան գալը ստիպեց որոշ լրացումներ անել. Գրիգոր Նյուսացին Կ. Պոլսում ժողովված ս. հայրերի հավանությամբ ժամանակի պահանջներին համապատասխան հավելումներ արեց Նիկիական հանգանակի վրա: Ժողովը բանաձևեց Ս. Հոգու Աստվածությունը և ավելացրեց՝ «Ի Հօրէ բղխեալ՚ (ընդդեմ Մակեդոնի), այսինքն՝ Ս. Հոգին բխում է Հորից և Հայր Աստծու ու Որդու հետ միասին երկրպագելի, փառավորելի ու համագոյակից է: Ժողովը նզովեց IV դ. բոլոր աղանդավորներին (Փոտինոս, Ապողինարիոս ևն): Փոտինոսը քարոզում էր, թե Բանն Աստված սկիզբ առավ ս. Կույս Մարիամից և մշտնջենավորությամբ ու հավիտենությամբ էակից չէ Հորը: Քանի որ Նիկիայի հանգանակում միայն ասված էր, որ Որդին ծնվել է Հորից, ժողովն ավելացրեց. ՙԾնեալ յառաջ քան զամենայն յաւիտեանս» (ընդդեմ Փոտինոսի), այսինքն՝ Որդին ծնվել է հավիտենությունից առաջ, դրանով ընդգծելով, որ Որդին ընդամենը մարմին առավ ս. Կույսից և մարդու կերպարանք զգեցավ: Ժողովը հըստակեցրեց նաև Բանի Մարդեղությանը և հոգու բանականությանը (ընդդեմ Ապողինարիոսի, տես Ապողինարիզմ) վերաբերող մասերը:
Կոստանդնուպոլսի բ տիեզերական ժողովը ընդունել է 7 կանոն:
Ա կանոնը հավաստում է, որ ժողովը հավատարիմ է մնացել Նիկիայի հանգանակին, նզովում է Մակեդոնին, Փոտինոսին, Ապողինարիոսին և մյուս աղանդապետներին:
Բ կանոնը սահմանում է, որ յուրաքանչյուր եկեղեցի, անկախ ավագության աստիճանից, միայն իր եկեղեցական և վարչական սահմաններում է իրավասու գործելու ու տնօրինելու, իրավունք չունի խառնվելու մյուսների գործերին կամ կարգադրություններ անելու:
Գ կանոնը վերաբերում է աթոռների ավագությանը: Կ. Պոլսի աթոռը հայտարարվել է երկրորդը՝ Հռոմից հետո, «քանզի Կ. Պոլիս՝ նոր Հռոմ է»: Սա ուղղված էր Ալեքսանդրիայի աթոռի դեմ, որի աճող հեղինակությունը հարվածում էր թե՜ Հռոմի, թե՜ Կ. Պոլսի շահերին: Ըստ ավագության, Ալեքսանդրիայի աթոռը երրորդն էր, Անտիոքինը՝ չորրորդը, Երուսաղեմինը՝ հինգերորդը: Մնացած չորս կանոնները վերաբերում են եկեղեցու կարգ ու կանոնին:
Հայ եկեղեցին Նիկիայի Ա (325) և Եփեսոսի Գ (431) տիեզերական ժողովների հետ միասին ընդունում է Կ. Պոլսի ժողովի տիեզեր. հեղինակությունը, թեև չի մասնակցել ժողովին: Այդ ժողովի և Մակեդոնի հոգեմարտ վարդապետության մասին հայ իրականության մեջ առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի (490–516) թղթերում, որտեղ Կ. Բ տ. ժ. հիշվում է իբրև Նիկիայի ժողովի որոշումները վավերացնող: Այնուհետև, VI–VII դդ., Ներսես Բ Բագրեվանդցի, Հովհաննես Բ Գաբեղենցի, Աբրահամ Ա Աղբաթանեցի կաթողիկոսների և Հայ եկեղեցուց Վրաց եկեղեցու բաժանման առթիվ փոխանակված դավան. թղթերում երեք ժողովները հիշվում են միասին և միակերպ՝ որպես տիեզեր. հեղինակություն և ուղղափառ դավանության սահման:
Հայ եկեղեցին Կ. Բ տ. ժ-ի և 150 հայրապետների հիշատակը տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան: