Կնքահոր (քավորի) մասին

 Մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է և հանդիսանում է նախադուռը մյուս խորհուրդների։ Խորհրդանշում է հավատը, քանի որ հավատում ենք և հետո մկրտվում՝ սկզբնական, ադամական մեղքից ազատվելու համար1։ Խորհուրդներից առաջինն է և հենքը մյուսների կատարման։ Առանց այս խորհրդին մասնակցելու որևէ մեկը չի կարող մասնակցել մյուս խորհուրդներին։

 Մկրտության խորհրդին, ինչպես և մյուս խորհուրդներին, մասնակցում են պաշտոնյան (նա, ով կատարում է ծեսը՝ օծյալ հոգևորականը) ու ենթական (նա, ում համար կատարվում է խորհուրդը) և միայն մկրտության դեպքում կա ևս մի անձ, որը, ըստ Մաշտոցի, մասնակցում է խորհրդի կատարմանը՝ կնքահայրը։ Ի դեպ, կնքահայրը, լինելով խորհրդի մասնակից և ճշմարիտ քրիստոնյա, եկեղեցական ավանդությամբ և հնարավորության դեպքում կարող է եկեղեցական շապիկ հագնել։

 Կնքահորը այլ կերպ ասում են նաև վկա, երաշխավոր, սանահայր, կնքավոր։ Վերջինից էլ առաջացել է ավելի կարճ՝ ժողովրդական լեզվում տարածված «քավոր» ձևը2 ։ Կնքահայրը այն մարդն է, որը վկայում է մկրտվողի մասին, հետևում նրա մկրտության պատրաստության շրջանին։

 Վաղ եկեղեցում ավելի մեծ հեղինակություն ունեցող քրիստոնյաները վկայում էին մյուսների համար3։ Քահանայի հարցին, թե «Երեխայս զի՞նչ խնդրէ» (երեխան ի՞նչ է խնդրում), կնքահայրը պատասխանում է. «Հաւատք, յոյս, սէր եւ մկրտութիւն։ Մկրտիլ եւ արդարանալ, սրբիլ ի մեղաց, ազատիլ ի դիւաց եւ ծառայել Աստուծոյ»4 (աշխարհաբար՝ «Հավատք, հույս, սեր և մկրտություն։ Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»)։

 Մանկամկրտության ժամանակ, երբ երեխան անկարող է հասկանալ և ընկալել խորհուրդը, հոգևոր դաստիարակության պատասխանատվությունը ընկնում է կնքահոր վրա։ Այստեղից էլ հետևում է, որ կնքահայրը անպայման պետք է նույն եկեղեցու անդամ լինի, որպեսզի երեխային կարողանա դաստիարակել քրիստոնեական ոգով և Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությամբ։ Այս պատճառով էլ կնքահայրը չի կարող պատկանել այլ դավանանքի։ Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն է դառնում և ստանձնում պատասխանատվությունը ծնողների հետ միասին դաստիարակելու մկրտվողին։ Իսկ ծնողների բացակայության դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնում է կնքահոր վրա։ Ուստի կնքահայր անհրաժեշտ է նաև չափահաս մկրտվողի համար և կնքահայրը ինքը պիտի լինի չափահաս. անչափահասը չի կարող դաստիարակության գործը ստանձնել, քանի որ ինքն էլ ունի դրա կարիքը։

 Կնքահայրը, ինչպես ասում է Հովհաննես Պլուզ Երզնկացին, պիտի լինի ո՛չ հայհոյող, ո՛չ շնացող, այլ՝ մաքուր և գիտուն5 ։
Կնքահայրը պիտի՝
• լինի մկրտված քրիստոնյա
• տեղյակ լինի Սուրբ Գրքին
• ծանոթ լինի և ընդունի Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը
• անգիր իմանա Հայր Մերը, Հրաժարիմքը, Հավատամքը

Կնքահայր չեն կարող լինել՝
• Անչափահասները
• Անհավատները
• Այլազգիները
• Այլադավանները
• Այլակրոնները
• Հոգեկան հիվանդները
• Ընտանիքի անդամները (հայրը, պապը, եղբայրը, կենակիցը)
• Կանայք

 Վերջինի մասին խոսելիս կարևոր է փաստելը, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի տարբերություն Լատին և Բյուզանդական եկեղեցիների, չունի «կնքամայր» հասկացությունը6։ Որովհետև, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին՝ «Կնքամայրը եկեղեցին է»7։ Եւ չնայած, որ Կնքամայրը ընդունելի չէ, բայց կնքահոր կինը՝ քավորկինը, իր ամուսնու հետ անկաշկանդ կարող է զբաղվել մկրտվողի հոգևոր դաստիարակությամբ՝ հատկապես աղջիկ երեխաների պարագայում8 ։

 Կնքահայրը մկրտության խորհրդով դառնում է մկրտվողի հոգևոր ծնողը և հայրը, այս փոխհարաբերությունը կոչվում է նաև հոգևոր ազգակցություն։ Կնքահայրն ու սանիկը դառնալով հոգևոր ազգականներ չեն կարող խնամիություն անել միմյանց հետ9 ։
Մկրտությունը վերստին ծնունդ է, պահպանության և լուսավորության կնիք։ Այն դուռն է երկնքի արքայության, անձնագիրը, որով դառնում ենք երկնաքաղաքացի։

Հոդվածը պատրաստեց Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հովհաննես դպիր Ավետիսյանը


1 Մայիլյան Ս․Ս․, Ոսկեփորիկ կամ կրոնական գիտելիքների հանրագիտարան, Մասն Բ, 1993, էջ 41։
2 Մալխասյանց Ստեփան, Հայերեն բացատրական բառարան, 1994, հատոր Բ, ցուցակ 1, էջ 452
3 Զաքարիա վրդ․Բաղումյան, 200 հարց Ս․ Մկրտության մասին, Երևան, 2012, էջ 109։
4 Մաշտոց, Սբ․ Էջմիածին, 2001, էջ 55
5 Բաղդասարյան Է․Մ․, Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը, Երևան, 1997, էջ 151։
6 Զաքարիա վրդ․Բաղումյան, 200 հարց Ս․ Մկրտության մասին, Երևան, 2012, էջ 120։
Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 591։
8 Զաքարիա վրդ․Բաղումյան, 200 հարց Ս․ Մկրտության մասին, Երևան, 2012, էջ 121։
9 Քրիստոնեական, Վանաձոր, 2001, էջ 23։