Ս.թ. նոյեմբերի 19-ին, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդարանում, օրհնությամբ և նախագահությամբ Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, տեղի ունեցավ Քահանայից ժողով, որին ներկա էին թեմի հոգևորականները:
Ժողովի ընթացքում քննարկվեցին եկեղեցական-ծիսական, հրատարակչական, թեմական մի շարք հարցեր: Որոշվեց ձեռնարկել աշխատանքներ թեմում հոգևոր, ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացման ուղղությամբ:
Քահանայից ժողովը միաձայն որոշեց առավել հաճախադեպ կազմակերպել ուխտագնացություններ դեպի սրբավայրեր Հայաստանում և Սփյուռքի հարևան թեմերում, ինչպես նաև Երուսաղեմում: Ուխտագնացությունների կազմակերպման պատասխանատու նշանակվեց Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը:
Առաջնորդ Հայր Սուրբը ողջունեց վերջին շրջանում քահանաների կողմից նախաձեռնված հավատացյալների փոխայցելությունները ծուխեր և հոգևոր հայրերեին հորդորեց շարունակել այդօրինակ հանդիպումները: Կարևորվեցին նաև հոգևորականների այցելությունները հիվանդներին, տկարներին, հայ բանտարկյալներին:
Քահանայից ժողովը վերահաստատեց ամեն տարվա դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում տարեկան հաշվետվություն ներկայացնելու և հունվարի 5-ին Նուռօրհնեք կատարելու որոշումը: Միաժամանակ որոշվեց նույնականացնել Թեմում գործածվող բլանկները: Աշխատանքների ղեկավարությունն ստանձնեց Արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:
Ժողովականներն անդրադարձան նաև Բուլղարահայոց թեմի եկեղեցիներում առկա սրբությունների գույքագրման խնդրին: Որոշվեց հարցը ներկայացնել Թեմական խորհրդի հատուկ ուշադրությանը: Առաջարկվեց նաև, տեսանելի ապագայում ավարտին հասցնել թեմում առկա սրբությունների տպագիր հավաքածու գրքույկի տպագրությունը: Միաժամանակ հատուկ ուշադրության առարկա դարձան հնարավոր պարագայում նոր թանգարաններ հիմնելու, հնամյա գրքերի նորոգման ու խնամքի, եկեղեցական զգեստների, ինչպես նաև եկեղեցական սրբությունների վերանորոգման աշխատանքների հարցերը:
Քննարկվեցին եկեղեցիներին կից գործող Կիրակնօրյա դպրոցների համար արևմտահայերենով դասագրքեր ձեռք բերելու, ինչպես նաև թեմում արևմտահայերենով Աստվածաշունչ ունենալու հարցը: Քաջալերվեց վերջին տարիներին Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի կողմից կազմված և հրատարակված մի շարք գրքերի ու թերթոնների աշխատանքը: Առաջնորդ Հայր Սուրբը հորդորեց առավել պատրաստակամությամբ և ընդհանրական նպաստով ձեռնարկել այսօրինակ աշխատանքները: Համաժամանակ ներկայացվեցին որոշ նոր հրատարակություններ: Հավանության արժանացավ յուրահատուկ մեծ օրացույցի և Պատարագամատույցի եռալեզու տարբերակի հրատարակության հարցը:
Նկատի ունենալով, բավական ժամանակ ուշադրության արժանացած` Բուլղարիայի հայոց թեմի պատմություն ունենալու հարցը, որոշում ընդունվեց նպատակային աշխատանքներ տանել փաստաթղթերի որոնման, նյութերի համակարգման և Թեմի ընդհանրական պատմության շարադրման նախապատրաստության ուղղությամբ: Աշխատանքների պատասխանատվությունը դրվեց Արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Արժ. Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանի վրա:
Առաջարկվեց եկող տարվա Ս. Զատիկի տոնից անմիջապես հետո Թեմի շրջանակներում կազմակերպել Բարեգործական մեծ հանդիսություն: Հանդիսության հիմնական նպատակն է` թեմական ողջ աշխատանքային կազմի և անհատ անձանց մեկտեղումը մեկ ընդհանուր հարկի տակ, ինչպես նաև հայ կյանքի մեջ նշանակալի ավանդ ունեցող անհատականություններին գնահատանքի արժանացնելը: Հանդիսությունը կուղեկցվի հանգանակությամբ ի նպաստ Սոֆիայի առաջնորդանիստ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտի: Հանդիսության կազմակերպման հանձնախումբը կղեկավարի հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Ժողովը փակվեց աղոթքով: Հավարտ ներկաները մասնակցեցին Սիրո ճաշի:
Աղբյուր՝ www.armenianchurch-bg.com