Կատարյալ հավատք (առակ)

Kataryal havatq - Կատարյալ հավատք (առակ)

 Երաշտոտ ամառ էր, և փոքրիկ ավանի ագարակատերերն ու բնակիչներն անհանգստացած էին, թե ի՞նչ է լինելու իրենց բերքի հետ: Մի կիրակի՝ Պատարագից հետո, նրանք դիմեցին իրենց հոգևոր հովվին խորհուրդի համար: -Տե՛ր Հայր, մենք մի բան պետք է ձեռնարկենք, հակառակ դեպքում՝ կկորցնենք բերքը: -Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է՝ աղոթել կատարյալ հավատքով: Աղոթքն առանց հավատի աղոթք չէ: Այն պետք է բխի սրտի խորքից, - պատասխանեց քահանան: Հաջորդ ողջ շաբաթն ագարակատերերն օրվա մեջ երկու անգամ հավաքվում էին եկեղեցում և աղոթում, որպեսզի Աստված իրենց անձրև ուղարկի: Կիրակի օրը նրանք նորից եկան եկեղեցի քահանայի մոտ: -Տե՛ր Հայր, ոչինչ չի ստացվում: Մենք ամեն օր հավաքվում ենք միասին և աղոթում, բայց անձրև չկա ու չկա,- ասացին նրանք: -Դուք իսկապես կատարյալ հավատքով ե՞ք աղոթել, -հարցրեց նրանց քահանան: Նրանք սկսեցին հոգևորականին հավատացնել, որ հենց այդպես էլ արել են: Սակայն քահանան առարկեց. -Ես գիտեմ, որ դուք կատարյալ հավատքով չեք աղոթել, որովհետև ձեզանից ոչ մեկը, եկեղեցի գալով, իր հետ անձրևանոց չբերեց:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը