Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

Koryun abegha 214 - Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:

 Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:

 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:

 Հիշեցնենք, որ հայտնի նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։

 Հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։