ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ

Noyi Tapan 880x660 - ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ

 Աբելից եւ Կայենից հետո Աստված Ադամին ու Եվային նոր որդի պարգեւեց՝ Սեթին, որն Աբելի պես բարի էր ու խոնարհ: Նա եւ իր ժառանգները պաշտում էին ճշմարիտ Աստծուն: Սուրբ Գիրքը նրանց կոչում է Աստծո որդիներ՝ ի հակադրություն Կայենի սերունդների, որոնք իսպառ լքեցին Աստծուն: Սակայն ժամանակի ընթացքում Սեթի բարի եւ Կայենի չար սերունդները սկսեցին միավորվել ամուսնական կապերով: Դրա հետեւանքով գրեթե բոլոր մարդիկ այլասերվեցին: Մոռանալով Աստծուն՝ նրանք այլեւս չէին աղոթում եւ անխտիր մեղանչում էին: Ինչպես գրված է Սուրբ Գրքում, այդ ժամանակներում շատացել էր մարդկանց չարությունը, եւ նրանց սրտի բոլոր խորհուրդները չար էին: Այդ պատճառով Աստված զղջաց, որ ստեղծեց մարդուն, եւ վճռեց ջրհեղեղով ոչնչացնել բոլոր մարդկանց եւ կենդանի արարածներին:

 Բայց կար մի մարդ, որն արդար էր եւ արժանացավ Աստծո բարեհաճությանը: Դա Նոյն էր, որին իր սերունդներով հանդերձ Աստված որոշեց փրկել ջրհեղեղից՝ նրան պատվիրելով կառուցել մի տապան եւ ողջ ընտանիքով մտնել նրա մեջ՝ վերցնելով նաեւ բոլոր տեսակի կենդանիներից:

 40 օր ու գիշեր անձրեւ տեղաց, եւ ողջ երկիրը, անգամ ամենաբարձր լեռները, ծածկվեցին ջրով: Երկրի բոլոր բնակիչները՝ թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները, կործանվեցին: Եվ միայն տապանում պատսպարված Նոյը, նրա հարազատները եւ կենդանիները չվերացան ու փրկվեցին աշխարհակործան ջրհեղեղից:
Ջրհեղեղից հետո Աստված խոստացավ այլեւս երբեք մարդու պատճառով չանիծել երկիրը եւ չբնաջնջել մարդկանց: Իբրեւ Իր խոստման նշան՝ Տերը երկնքում հաստատեց ծիածանը [տե՛ս Ծն. 9.12-17]:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան