Ինչո՞ւ Եկեղեցու աղոթքները չեն դադարեցնում պատերազմները: Հավատքի տկարությո՞ւնն է պատճառը

 Հարությունից հետո Քրիստոս հայտնվեց վերնատանը հավաքված աշակերտներին և ասաց. «Խաղաղություն ձեզ» (Ղուկ. 24.36, Հովհ. 20.19): Քրիստոսի Եկեղեցին ևս մշտապես աղոթում է խաղաղության համար: Սուրբ պատարագի ընթացքում քահանան քանիցս շրջվում է դեպի ժողովուրդը և ասում` խաղաղությո՜ւն բոլորին: Սակայն մինչ օրս շարունակվում են արյունահեղություններ, հակամարտություններ, մոլեգնում են պատերազմներ: Ո՞րն է պատճառը: Արդյո՞ք Եկեղեցին լավ չի աղոթում խաղաղության համար, արդյո՞ք քահանաները և հավատացյալ ժողովուրդը սրտանց չեն հայցում Աստծուց խաղաղություն: Սակայն հիշենք Քրիստոսի խոսքերը. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ» (Մատթ. 24.6-7): Տերը նաև ասաց. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք» (26.11): Ուրեմն, պատերազմների և աղքատությունների, զրկանքների լինելն աշխարհում Քրիստոս ևս հաստատեց:

 Մենք կարծում ենք, որ պատերազմներ պատճառողները բռնապետներն են, պատերազմների պատասխանատվությունն ընկնում է քաղաքական գործիչների վրա, և ապրում ենք` մտածելով, որ մեղքի բաժին չունենք աշխարհի սոսկալի իրողություններում: Սակայն չարիքը, ինչպես ցույց են տալիս Եկեղեցու Հայրերը, առանձին գոյացություն չէ, այլ բարու պակասությունը, ինչպես որ խավարն առանձին գոյավորում չէ, այլ լույսի պակասությունը: Այսպես յուրաքնաչյուր մեղք ավելացնում է չարիքի խավարն աշխարհում: Ինչպես որ Ադամի անկումով ողջ տիեզերքը նրա հետ անկում ապրեց, այդպես էլ նրա սերունդների` մարդկանց անկումով, մեղսագործությամբ հավելվում է խավարային չարիքն աշխարհի մեջ: Նմանապես Քրիստոսի խաչելության պատճառը քաղաքական գործիչ Պիղատոսից խարդավանքով մահապատիժ կորզած հրեաները չէին, և կամ` Քրիստոսի խաչելությունն իրականացրած հռոմեական զինվորները, որոնց հրամայվել էր ի կատար ածել վճիռը` իբր երկրի ներսում ապստամբությունների ու խռովությունների ալիք չբարձրանալու համար: Այլ Քրիստոսի խաչելության ու մահվան պատճառն ամբողջ մարդկության մեղքերն էին, քանզի Փրկիչը չարչարվեց, խաչվեց ու մեռավ բոլոր մարդկանց փոխարեն` քավություն ու փրկություն բերելու աշխարհին:

 Պատերազմների պատասխանատվությունն այս ընդհանուր իմաստով ընկնում է բոլորի վրա, ովքեր սրբությամբ չեն ապրում, ընկնում է նաև քրիստոնյա ողջ աշխարհի վրա, որը ևս հաճախ պատերազմներ է հրահրել և իրականացրել: Այդ պատասխանատվության տակ է այն քրիստոնյա աշխարհը, որն այժմ վերածվել է տնտեսական միջավայրի, որտեղ իշխում են ոչ թե Քրիստոսի պատվիրանները, այլ շուկայի կանոնները, անգամ` կիրքն ու մարմնական զգացումները: Մինչդեռ յուրաքանչյուր քրիստոնյայի սրբությունն ավելացնում է բարիքի լույսն աշխարհում` ցրելու անօրինությունների, պատերազմների մթությունն ու խավարը մարդկության կյանքից:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.