Ինչու՞ Աստված չի օգնում մարդուն (առակ)

Post nor 880x660 - Ինչու՞ Աստված չի օգնում մարդուն (առակ)

  Մի մարդ առավոտյան շտապում է դեպի իր աշխատավայրը: Գիշերը հորդառատ անձրև էր եկել և ճանապարհը քայլելով անցնելիս տեսնում է մի ջրափոս: Նայում է շուրջբոլորը, նկատում, որ կարող է շրջանցել` անցնելով մի բլրի վրայով: Սակայն որոշում է ցատկել ջրափոսի վրայով, բայց ընկնում է աղտոտ ջրի մեջ: Դժգոհում է, թե էս անձրևն ինչու եկավ, թե էս եղանակները շատ վատն են:

 Հաջորդ օրը կրկին շտապում է դեպի իր աշխատանքը, բայց նախորդ օրվա պես գիշերն անձրև էր եկել և ջրափոսն ավելի մեծացել: Այդ պահին մի անծանոթ մարդ է գալիս, կանգնում իր կողքին, նայում պղտոր ջրով լի այդ փոսին, ապա բլրի վրայով շրջանցում ճանապարհը:

 Այս մարդը որոշում է կրկին ցատկել ու արագորեն ճանապարհն անցնել: Նայում է երկնքին, ինքն իրեն ասում, թե Աստված մեծ է, կօգնի իրեն, թող Աստծո կամքով լինի:

 Ուժ է հավաքում ու մեծ հույսով մի մեծ ցատկ կատարում, բայց այդ նույն մեծ ուժով ցեխաջրի մեջ ընկնում… Ոտքի է կանգնում, Աստծուց դժգոհում, թե ինչու է իրեն ստեղծել, անձրևը ու չարաբաստիկ այս ջրափոսը…:

 Հաջորդ օրը քայլելով նորից հասնում է ճանապարհի այդ հատվածին, բայց քանի որ գիշերը անձրև չէր եկել, ջրափոսն էլ բավականին փոքրացել էր: Այդ պահին մեկ ուրիշ մարդ է գալիս, բլրի վրայով շրջանցում այդ վայրը:

 Այս մարդը մտածում է, որ այս անգամ հեշտ է ցատկելը, և ճամփան երկարացնելու կարիք էլ չկա:

 Ետ-ետ է գնում, ուժ է հավաքում ու ջրափոսի վրայով հաջողությամբ ցատկում, սակայն հայտնվում ցեխի ու տիղմի մեջ…, որովհետև դեռ ամբողջությամբ այդ ճանապարհի հատվածը չէր չորացել: Բողոքում է Աստծուց, թե իրեն չի օգնում:

 Այդ պահին երկնքից Աստված ասում է նրան.

 -Ո՞վ մարդ, քանի անգամ քո կողքով պիտի անցնեմ ու քեզ ուղի ցույց տամ, որ բլրի վրայով շրջանցես….

 Հետևությունները թողնում եմ ձեզ…….. մարդու անտեղի համառության, ցանկության, շտապողականության, Աստծուն փորձելը, ծուլության և այլն….:

 Կյանքում ամեն մեկս էլ տարբեր պարագաներում հաճախ նմանվում ենք այս մարդուն….

Հովհաննես սարկավագ Մանուկյան