ԻՆՉՊԵՍ ԿԱՆԱՉԵՑ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԸ

  Սիրում եմ ծառ ու թուփ, երբ ժամանակ եմ ունենում, սիրում եմ ծառեր տնկել և խնամել: Ամեն բույսի, ամեն ծառի միջից կարծես Աստծո աչքն է նայում մեզ: Եվ ես չգիտեմ աշխարհում ավելի մեծ գեղեցկություն, քան ծաղկած ծառն է: Ինչևէ, 2006թ. գարնանը, երբ փորձում էի ջրել այգին, ռետինե փողրակը կպավ և մատղաշ տանձենիներից մեկը ջարդեց: Ցավ ապրեցի: Վերցրեցի խնձորենու մի չորացած ճյուղ, հենակ սարքեցի ջարդված ծառի համար, կապեցի ջարդված ճյուղը: Խնձորենու ճյուղը վաղուց չորացած, դեն էր նետված և ծառայելու էր որպես վառելափայտ: Եվ քանի որ այդպես էր, ճյուղը բարակ կողմով խփեցի հողի մեջ: Մտքումս աղոթեցի, որ ջարդված տանձենին վերակենդանանա, կանաչի: Անցավ մոտ քսան օր, և հանկարծ զարմանքով նկատեցի, որ ոչ միայն ջարդված տանձենին է կանաչել, այլև… կողքին տնկած խնձորենու չոր ճյուղը, որ ծառայում էր որպես հենակ: Եվ քանի որ բարակ կողմով եմ խփել հողի մեջ, ճյուղը կանաչել է, բայց ոստերը հակառակ կողմից են աճել: Կանաչել է չոր, արդեն վաղուց մեռած ճյուղը:

 Ի՞նչ է սա, եթե ոչ Աստծո հրաշք: Ում պատմես` չի հավատա, որ լրիվ չորացած ճյուղը կարող է կանաչել: Ով գիտե, Աստված իմ սրտի տխրությու՞նը տեսավ և ինձ խղճաց, թե՞ ինչ… Հիմա ծառն այդ աճում է հորս տնամերձում, իսկ ես չեմ դադարում զարմանալ և հիանալ Տիրոջ ողորմածության ու ամենակարող զորության համար:

ԱՌԱՔԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆ
Հատված Հրաչ Բեգլարյանի «Վասն հիվանդաց» գրքից