Ինչպես պետք է և ինչպես պետք չէ աղոթել

Aghotelu masin 880x660 - Ինչպես պետք է և ինչպես պետք չէ աղոթել

Ինչպես պետք չէ աղոթել 

 Ավետարանն այս մասին բացահայտ թելադրանքներ ունի: Նախ ասում է, որ ցուցադրելու, երևալու համար չպետք է աղոթել: Հիսուսը սովորեցնում է. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտեմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը», այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ոչ վարձ և ոչ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը: Փառք Աստծո, ենթադրում ենք, որ «հրապարակների անկյուններում» աղոթողները վաղուց վերացվել են հրապարակներից, քանի որ այնտեղ նրանց ապրանքն այլևս ոչ ոք չի գնում: Սակայն «ժողովարաններում» (աղոթավայրերում) ցուցադրելու համար աղոթողների սերունդը դեռ չի սպառվել:

 Գրեթե յուրաքանչյուր պաշտամունքի ընթացքում հանդիպում ենք նրանց: Առհասարակ բոլորս էլ զգում ենք, թե ո՛վ է Աստծո առաջ ու սրտանց աղոթում, և ո՛վ է մարդկանց առաջ ու երեսպաշտորեն աղոթում: Դարձյալ ենթադրում ենք, որ ոչ մի լուրջ մարդ որևէ ձևով չի գնահատում ցուցադրելու համար կատարվող այս շարժուձևերը, ընդհակառակը, միայն արգահատանք է ունենում այդպես աղոթողի հանդեպ: Եթե գնահատողներ կան, նրանք էլ կա՛մ նրանց նման երեսպաշտներ են, կա՛մ աղոթքի արհեստավորներ, որոնք աղոթքի ոգուց արդեն վաղուց են պարպված` լիովին պահելով հանդերձ և միատեղ պաշտոնապես կիրարկելով աղոթքի արտաքին ձևերը միայն:

 Եթե աղոթք ցուցադրելու համար ծնկի եկողների և ձեռքերը բարձրացնողների վարձը մարդկային մակերեսային գնահատանքն է կամ գիտակից անձերի արգահատանքը, ի՞նչ պիտի լինի նրանց վարձը, ո՛վ Տեր, ովքեր, գիտես, որ հաճախ աղոթարան են գալիս իրենց կամ արդուզարդը ցուցադրելու համար…

 Հիսուսն Իր հետևորդներին զգուշացնում է նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից: «Աղոթք անելիս, -ասում է Նա,-շատախոս մի՛ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք» (Մատթ. 6:7-8): Այս կետի վերաբերյալ լուրջ և այժմեական հարց է առաջանում: Հավանաբար իրենց առանձնական աղոթքի մեջ «շատ խոսողներ» չեն մնացել, սակայն նույնը չենք կարող ասել հավաքական աղոթքի համար: Տարակույսից վեր է, որ մեր այժմեական պաշտամունքները չափազանց երկար են: Մեր հանդիսավոր կամ տոնական օրերի ժամերգությունները, ս. Պատարագով միատեղ, երեք կամ չորս ժամից պակաս չեն տևում: Մեծ տոներին հասնում և անցնում են հինգ ժամի սահմանը: Ուրեմն, արդյո՞ք մեր արածն էլ շատախոսություն չէ…

 Չաճապարենք, սակայն, դրական կամ ժխտական եզրակացությունների հանգել և վճիռներ արձակել: Ընդհանուր մի ակնարկ նետենք խնդրի զանազան երեսներին:

 Նախ չմոռանանք, որ Հիսուսի նկատողությունն առանձնական աղոթքի մասին է: Ընդդեմ փարիսեցիական այն սովորության, որով նրանք «պատրվակներով երկարում են աղոթքը» (Ղուկ. 20-47) Սա բառացի թարգմանությունն է Ավետարանի գրաբար թարգմանության («պատճառանօք (պատրվակներով) երկարեն զաղօթս»), այսինքն` Աստծուց զանազան պարգևներ էին խնդրում, որովհետև դրանց պետքն ունեին, որպեսզի դրանք զանազան բարի նպատակների համար գործածեն… Եվ այսպես` որովհետևների և որպեսզիների անհատնում պատրվակներով ոչ միայն աղոթքն իր վերջին չէր բերվում, այլ նաև ոգուց պարպվում էր և, ի վերջո, նպատակին չէր ծառայում: Սրանից բացի, պատրվակներով երկարացված այս աղոթքով անուղղակիորեն և անգիտակցաբար Աստծուն անգետի տեղ դնելու ամբարշտությունն էր գործվում, որպես թե Նա լուր չուներ երկրի կամ աղոթողի ներաշխարհի անցուդարձից, և, հետևաբար, փարիսեցին պետք էր զգում դրանք պատճառաբանված բացատրությամբ Աստծուն հիշեցնելու:

 Հետևաբար, Հիսուսի դատապարտածը այս դատարկ, եսասեր ու տգետ շատախոսությունն է, որն անպատճառ նույնը չէ ժամերով վերացած ու տարված աղոթելու հետ, ինչը կարող է «հոգով և ճշմարտությամբ» լինել:

 Պետք է հիշել, որ Հիսուսն էլ, պատահել է, երբեմն ժամերով աղոթել է. «Լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկ. 6-12):

 Պատահել է նաև, որ երբ Պողոս առաքյալը կատարել է հացի բեկանման պաշտամունքը, այսինքն` առաքելական ժամանակներին հատուկ ս. Պատարագի խորհուրդը, «խոսքը երկարեց մինչև կեսգիշեր» (Գործք 20-7) այսինքն` պաշտամունքը և նրա խոսքը երկարել են մինչև կեսգիշեր: Այնպես որ, այս երկուսը, այսինքն` աղոթքի ընթացքում «շատախոս լինելը» և երկար ժամեր տարված աղոթելը, անպատճառ նույնը չեն:

 Մյուս կողմից, մեր ժամերգություններն, առանձին առանձին վերցրած` Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Երեկոյան և այլն, երկար չեն: Ոչ մեկը մի ժամից ավելի չի տևում, մի քանիսը կես ժամ էլ չեն տևում: Սրանք միասին կատարելն է, որ ժամերգության երկարացման պատճառ է դառնում: Պետք է նաև գիտենալ, որ այս ժամերգությունները ստեղծված են այնպիսի մարդկանց կողմից և այնպիսի մարդկանց համար, ում գրեթե միակ նպատակը «ամեն ժամ» (Ղուկ. 21,36) աղոթելն էր, այսինքն` ստեղծված են կրոնավորների կողմից` հատկապես կրոնավորների կամ վանականների համար, ովքեր Եկեղեցու աղոթող բերաններն էին: Օրական յոթ կամ ինն անգամ աղոթելու վանական սովորությունը ժամանակի ընթացքում կամաց-կամաց անցավ նաև հասարակ հավատացյալներին, նրանց շրջանում, սակայն, բնականաբար, օրական յոթ կամ ինն անջատ ժամերգությունների կատարումն անհնար եղավ, ուստի դրանք իրար միացվեցին և կազմվեցին այսօրվա բաղադրյալ ժամերգությունները: Բացի սրանից, մեր ժամերգությունները կարգավորվեցին այնպիսի ժամանակահատվածներում և այնպիսի հավատացյալների համար, ում ամենօրյա կյանքում աղոթքը կարևոր տեղ էր գրավում, և ովքեր իրենց առօրյա աշխատանքից ու աղոթքից զատ շատ քիչ բան ունեին անելու և իրենց ժամանակը դրան հատկացնելու: Ժամերով աղոթելը նրանց ոչ միայն տաղտուկ չէր պատճառում, այլ մինչև իսկ հոգեկան պահանջ և վայելք էր:

 Ժամանակները փոխվեցին` շատ քիչ բան փոխելով հազար կամ ավելի տարիներ առաջ կազմավորված մեր ժամակարգությունից: Ներմուծված գլխավոր փոփոխությունը եղավ բազմաձայն գործիքավորված երգեցողությունը, հատկապես ս. Պատարագի, որն ինչքան էլ գրավիչ լինի, մյուս կողմից` գրեթե կրկնապատկեց նրա երգեցողության տևողությունը: Ս. Պատարագի միաձայն չափավոր երգեցողությունը մի ժամից ավելի չի տևում: Ուստի, եթե մեր ներկա պաշտամունքի վիճակը, հատկապես կիրակնօրյա հանդիսավոր ժամապաշտությունը, ակնկալվածից ավելի երկար է տևում, և երբեմն այդ պատճառով պահանջված չափով չի ծառայում իր նվիրական նպատակին, մեղավորը ոչ պաշտամունքն է և ոչ էլ այն ստեղծող սրբազան հայրերը, այլ այն ավանդապահներն ու կիրարկողները, ովքեր, նախ, վանքերում զանազան ժամերի կատարվող ժամերգություններն իրար կցելով համադրել և փոխադրել են գյուղերի ու քաղաքների եկեղեցիներ և, երկրորդ, չեն կարողացել կիրարկվող բարդ ու բաղադրյալ ժամերգությունը մի կերպ հաշտեցնել փոխվող ժամանակների հետ: Կաթոլիկ եկեղեցին ստեղծել է կես ժամանոց «լուռ պատարագը»` առանց ժամերգության, և դա` օրը մի քանի անգամ, որպեսզի ցանկացողն իր ուզած ժամին կարողանա գալ ու ս. Պատարագին մասնակցելու իր առաջնահերթ կրոնական պարտականությունը կատարած լինելու ներքին բավարարություն ունենալ: Իսկ բողոքականությունը, մյուս կողմից, իրեն ձերբազատել է «կանոնականացված» պաշտամունքի պարտադրությունից և որդեգրել ազատ աղոթաժողովներ կազմելու կարգը, երբ երգվում են ցանկացած երգերը` ցանկացած թվովցանկացած ավետարանական հատված կարդացվում է ցանկացած կարճությամբ և քարոզի ցանկացած նյութը ընտրվում ու խոսվում է ցանկացած երկարությամբ: Սրանք հիշելով, չենք ուզում ասել, որ մեկ կամ մյուս կարգը որդեգրենք, քավ լիցի: Այլ մատնանշում ենք այս կամ այն եկեղեցում առկա իրողությունները, երբ ժամանակների պահանջին համաքայլ գնալու բացահայտ միջոցներ են ձեռք առնվել` հետևելով ավետարանական այն սկզբունքին, թե «Շաբաթը եղավ մարդուհամար և ոչ մարդը` շաբաթի» (Մարկ. 2-27):

 …Ամբարշտություն կլինի մեր ժամերգությունները «հեթանոսական շատախոսություն» կոչել: Բայց դրանք այդ վտանգին են ենթարկվում, եթե լոկ մեքենայաբար ենք կատարում և թութակաբար ասում, առանց մեր միտքը և հոգին ընկերացնելու այն կենսատու ոգուն ու իմաստին, որ կա յուրաքանչյուր աղոթքում և յուրաքանչյուր շարականի գրեթե ամեն տողում:

Ինչպես պետք է աղոթել

 Ավետարանում այս մասին էլ բացահայտ թելադրանքներ կան: Նախ` աղոթքը պետք է մարդկանց հետ հաշտված հոգեվիճակով լինի: «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես, -ասում է Հիսուսը, -և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մատ 5:23-24):

 «Ընծա մատուցելը» հին հրեաների համար այն էր, ինչ այսօր մեզ համար «ս. Պատարագ մատուցելը» կամ որևէ պաշտամունքի մասնակցելն է: Բացի այս, երբ մեր Տերը «Հայր մեր»-ն է սովորեցնում, հատկապես ծանրանում է նրա «թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին» խոսքի վրա: «Եթե դուք մարդկանց ներեք նրանց հանցանքները, -ավելացնում է Հիսուսը, -ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները » (Մատթ. 6:14-15):

 Աղոթքը պետք է նաև «հոգով և ճշմարտությամբ կատարել»: Մի անգամ Հիսուսն ասաց. «Աստված Հոգի է և, հետևաբար, Նրան պետք է հոգով ու ճշմարտությամբ պաշտել» (Հովհ. 4:24): Սա Հիսուսի անմատչելի և անմրցելի խոսքերից մեկն է, որը մի նոր դարաշրջան է բացում կրոնի և պաշտամունքի հասկացության մեջ: Այս խոսքով պաշտամունքը հանկարծ մի նոր և բարձրագույն մակարդակի վրա է դրվում, որին, դժբախտաբար, քչերն են կարող բարձրանալ, ինչպես քչերն են կարող լիովին իրագործել Հիսուսի բարոյական ու ընկերային ուսուցումները:

 Հոգին հակադրված է նյութին, երկուսն էլ` նյութը և հոգին, իրական են, տարբերությունն այն է, որ մեկը ենթակա է մեր զգայարաններին, իսկ մյուսն ըմբռնելի և հասանելի է մեր բարձրագույն կարողություններով, իմացականությամբ ու երևակայությամբ: Կրոնը կամ աղոթքը, որոնց նպատակը մեր առջև հոգեկան աշխարհի դռները բանալն է, դժբախտաբար, երբեմն կարող են ճիշտ հակառակ դերը կատարել. դառնում են վարագույր մարդու և Աստծո միջև: Կան հավատացյալներ, ովքեր եկեղեցասեր են, հետաքրքրվում են եկեղեցու ծեսերով և լավ գիտեն դրանք, մինչև իսկ սրբագրում են պաշտամունքը կատարողներին, սակայն այնքան են տարված պաշտամունքի տառով և գիտությամբ, որ Աստծո հետ «հոգով ու ճշմարտությամբ» հաղորդակցության մեջ չեն կարող մտնել: Աստվածաբաններ կան, ովքեր այնքան շատ բան գիտեն Աստծո և Քրիստոսի մասին, որ իրենց ամբարած չոր գիտությունը արգելք է դառնում իրական Քրիստոսին և կյանք ունեցող ու կենսատու Աստծուն ճանաչելու: Մարդու պարագայում գործածվելիս «հոգին» նշանակում է նրա բարձրագույն էությունը, մարդու անձը, ինչ էլ այն իրականում լինի: «Հոգով պաշտել», ուրեմն, նշանակում է պաշտամունքի ընթացքում մարդու բարձրագույն էության, այսինքն` անձի ներկայությունը: Մարդն անձնապես, այսինքն` իր խորագույն գիտակցությամբ, ներկա պետք է լինի պաշտամունքին և, թափանցելով ծեսերի ու արարողությունների իմաստի, բառերի և եղանակների միջով, Աստծո ներկայությանը բարձրանա, Ով հատկապես այդ պահին ներկա է աղոթավայրում:

 Իսկ ի՞նչ է նշանակում «ճշմարտությամբ պաշտել»: Ճշմարտությունը նախ հակադրված է ստին, կեղծին և չեղածին և, հետևաբար, նույնացած «իրականության» հետ` իրերի հոգևոր մարզում: «Ճշմարտությունը» իրերի բարոյական և հոգեկան մարզերում նույնն է: Աղոթքը կամ պաշտամունքը հիմնված պետք է լինի Աստծո «իրականության» վրա, քանզի աղոթքի և պաշտամունքի նպատակը մարդուն աստվածային «իրականության» հետ շփման և հաղորդակցության մեջ դնելն է: Իր վերոհիշյալ վսեմ խոսքը Հիսուսը եզրակացության է բերում. «Աստված այսպիսի պաշտողների է փնտրում» (Հովհ. 4:23) Ինքն Իրեն նրանց հայտնի դարձնելու համար: Ուրեմն, պարտավոր ենք մեր գերագույն կարողությունները` միտքը և հոգին, ի գործ դնել իրագործելու համար աղոթքի գերագույն նպատակը` բարձրանալ Նրա «իրական» ներկայությանը, հոգով «զգալի» և ոչ «բարոյական» կամ «խորհրդանշական» ներկայությանը:

Հատված Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքից