Ի՞նչ եք հիմա տոնում: Ո՞րն է հաճույքը սեփական անձը նույնականացնել չարի կամ զոհի հետ

halloween 2019 880x660 - Ի՞նչ եք հիմա տոնում: Ո՞րն է հաճույքը սեփական անձը նույնականացնել չարի կամ զոհի հետ

ՀԵԼՈՈՒԻՆԻ ՄԱՍԻՆ

Կմախքներ, արնածոր վերքեր, քայքայվող դիակների ու արնախումների սարսափելի դեմքեր, դիվական հանդերձանք ու ժխոր-երաժշտություն. տոն է, պատկերացնո՞ւմ եք: Հոկտեմների 31-ին նշվում է կելտական հեթանոսական այս մնացուկը, որ տարեցտարի ավելի ու ավելի է տարածվում աշխարհում, նաև՝ Հայաստանում:

 Եվ մեր հանրային հանգստի ու զվարճանքի ակումբների ու սրճարանների մուտքերը դեռ օրեր առաջ զարդարվում են սնամեջ դդումներով ու ուրվականներով: Հրավիրում են տոնել հելոուինը. հագնվել, դեմքերը ներկել՝ որպես սատանա, կամ գերեզմանից ելած փտած-ուռած դի, նոր խոշտանգված մեռյալ, գլխատված ավազակ կամ որևէ այլ ահազարհուր մի բան, ինչ կուզեք, ձեր երևակայության թռիչքին համապատասխան, և… տոնել:

 Հին հեթանոսներն այս սարսափները կազմակերպում էին՝ հավատալով, որ այդ գիշեր բացվում էին դժոխքի դռները, և երկիր ներխուժած դևերի համար իրենք նման հանդերձանքի շնորհիվ կարող էին կա՛մ յուրային ընկալվել, կա՛մ՝ ավելի սարսափելի մեկը, ումից չարքերը կփախչեին, և գուցե թե իրենց չվնասեին: Իսկ հիմա, ասում են, թե «ուղղակի» տոնում են, ոչնչի չեն հավատում, ոչ մի ուժի ոչինչ չեն ուզում ասել, տոնում են՝ ուտելով քայքայված դիակի տարբեր մասեր հիշեցնող քաղցրեղեն, խմելով արյուն հիշեցնող կոկտեյլներ, ծիծաղելով մահվան, սարսափի, տանջանքի ու չարքի վրա և իրենց նույնականացնելով այդ ամենի հետ:

 Ցավալի է, բայց բովանդակազուրկ, անիմաստ չէ այս ամենը. հնարավոր չէ ուղղակի տոնել. սա վնասակա՛ր է: Իր շահութաբերությամբ ԱՄՆ-ում երկրորդը համարվող այս օրվան մարդիկ նախապես են պատրաստվում՝ գնումներ, սեփական գծագրով պատվիրված հանդերձանքի ձեռբերում, զազրելի ու զարհուրելի տեսքով ուտեստների պատրաստում: Հայաստանում էլ, թեպետ ոչ այդ ընդգրկմամբ, բայց կենցաղային իրերի, խաղալիքների խանութներում դեռ մեկ ամիս առաջվանից վաճառվում են տձև դիմակներ ու հանդերձանք՝ մահվան ու սարսափի վրա ծիծաղելու տոնի համար:

 Տո՞ն: Երբևէ հուղարկավորե՞լ եք ձեր հարազատին, մտերիմին. ծիծաղելի՞ է դա: Երբևէ մեծ վնասվածք ստացե՞լ եք. զվարճալի՞ է օրեր, շաբաթներ շարունակ ցավերի դիմանալը՝ դժվարությամբ անցնելով առողջացման փուլերով: Մշակե՞լ եք ուրիշի արնածոր վերքը. շա՞տ ուրախ պահ էր: Ի՞նչ եք հիմա տոնում: Ո՞րն է հաճույքը սեփական անձը նույնականացնել չարի կամ զոհի հետ: Չե՞ք կարծում, որ երբ դևը դիտում է՝ ինչպես եք փորձում կրկնօրինակել իրեն կամ կաշառել՝ “Trick օr Treat” («հյուրասիրի՛ր, թե չէ կզղջաս») բացականչությամբ ձեր դուռը թակող երեխաներին կոնֆետ տալով, ինքն է հաղթանակած ծիծաղում:

 Այս այլանդակությունը ջարդում է գեղագիտական բարձր չափանիշները: Բարին ու լուսավորը սփռելու փոխարեն վախեցնելու ու տհաճություն արթնացնելու այս ջանքերը հանկարծակիի են բերում՝ թողնելով դիմացինի տհասության դեմ տխրության ու անզորության զգացում: Իսկ դևին նմանվելու համար ներդրվող ջանքերը Աստծուն նմանվելու՝ Պողոս առաքյալի կոչին անսալու փոխարեն, ակնհայտորեն մարդուն ուղղորդում են ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի վար:
Խորհենք այս մասին, և նրանց, որ դեմ չեն տոնել հելոուինը, խորհուրդ տանք խորհել, թե ինչու է դա արվում. «ուղղակի» ոչինչ չի լինում, մանավանդ՝ մի աշխարհ ժողովուրդ այսքան ջանք չի թափում:

 «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար,- ասում է Պողոս առաքյալը,- չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց… Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. Զ 12, 19, 20):

Պատրաստեց
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ