Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը,
որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի,
կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի,
թռչուններին նայելով կանխագուշակումներ անի,
մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի,
ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա,
ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է,
որ Տերը նրանց վերացնում է քո միջից:
(Երկրորդ Օրենք 18:10-12)
Հին Կտակարանյան այս հատվածը Աստվածաշնչում միակ տեղին չէ, որ արգելքով ու երկրի երեսից վերացման անեծքով է սպառնում բոլոր նրանց, ովքեր իրենց զավակին կամ դստերը կանցկացնեն կրակի բովի միջով: Իրա’վ անիծվի: Ցավալի է սակայն, երբ աստվածաշնչյան առանձին հատվածների տառին տեղյակ, սակայն համապատասխան աստվածաբանական կրթություն չունենալու պատճառով տառի խորհուրդից անմասն անձինք են լծվել մեկնության պատասխանատու առաքելությանը:
Ի՞նչ է ի վերջո «կրակի բովից անցկացնելը» Տեառնընդառաջի քրիստոնեական տոնակատարությո՞ւն, թե այլ, առավել սարսափելի ու գարշելի երևույթ, որի դեմ իրապես մաքառել, և հաղթանակ են տարել շուրջ 2500 տարի առաջ:
Հուդայի երկրի Աքազ թագավորը նույնպես մերժվեց Տիրոջ կողմից, քանզի. «Նա գնաց Իսրայելի արքա Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով: Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորության, որոնց Տերն իսրայելացիների առջևից հալածել էր: Նա զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքների մեհյաններում, բլուրների վրա և ծառախիտ անտառներում» (4 Թագավորություններ 16:3):
Իսրայելի Օսեէ թագավորի մասին ասում է. «Երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին, իրենց տղաներին ու աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան» (4 Թագավ. 17:17):
Հուդայի երկրի Մանասէ թագավորը. «Իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց» (4 Թագ. 21:6):
Մեր «անաստվածաբան աստվածաշնչագետները», իրենց կողմից մեջբերված հատվածից` Երկրորդ Օրենք 18:10, ընդամենը էջեր առաջ հավանաբար չէին նկատել հետևյալ գրվածքը. «…չասես, թե` ” Այս ազգերը (հեթանոսները) ինչ արել են իրենց կուռքերին, նույնն էլ ես անեմ Տիրոջը “: Նույն կերպ չվարվես Տեր Աստծու նկատմամբ, որովհետև նրանք իրենց կուռքերի համար անում են գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը, որովհետև նրանք իրենց տղաներին ու աղջիկներին հանուն իրենց կուռքերի այրում են կրակի վրա» (Երկրորդ Օրենք 12:30բ – 31):
Ուստի այս մեջբերված հատվածները ամենևին չեն վերաբերվում Տեառնընդառաջի տոնակատարություններին այլ, հեթանոսական բագիններին ու կուռքերին մատուցված մանուկների զոհաբերության` ողջակիզման մասին է: Զոհաբերության երևույթն այստեղ ներկայացվում է «անցկացնել» (եբրայերեն העביר բառով) զավակին կամ դստերը կրակի միջով (համեմատել` Երկրորդ Օրենք 18:10, 4 Թագավորաց 16:3:17:17: 21:6), կամ «այրել» (եբրայերեն`שרף ) կրակի մեջ (հմմտ. Երկրորդ Օրենք 12:31): Մանուկների զոհաբերման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դրված է հասակի սահմանափակում` զավակներ և դուստրեր: Աստվածաշնչյան վերոնշյալ հատվացներում Իսրայելի մեջ կատարված մանուկների ողջակիզումը կապված էր Աստծուց հեռացած անհատների հետ, ովքեր սկսեցին երկրպագել կուռքերին և երբ երկրորդօրինական տեքստերը մատնանշում են այդ կուռքերին ապա դրանց ներկայացնում են իբրև Քանանական աստվածություններ (հմմտ. Երկրորդ Օրենք 12:30; 18:9): Ուստի Երկրորդ Օրենքում գրված մանուկների ողջակիզումը ներկայացվում է իբրև քանանական արարողակարգ: Երկրորդօրինական մտածելակերպի մեջ մանուկների ծիսական զոհաբերությունները գնահատվում են իբրև Իսրայելում կատարված ամենամեծ հանցագործություններից մեկը, որի պատիժը եղավ Աստծո կողմից Հյուսիսի թագավորության կործանումը ( 4 Թագ. 17:17-18) և հրեաների արտաքսումը Հարավից (4 Թագ. 21:6, 10-15): Այն, որ արտաքսումը եղավ Աստծո կողմից մեծագույն պատիժ դեռ երկար մնաց հրեայի հիշողության մեջ, Եսայի մարգարեն ասում է. «…մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ, որ անտառախիտ ծառերի տակ ընկած` աղաչում էիք ձեր կուռքերին անդունդներում` ժայռերի կատարներին և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին» (Եսայի 57:4 – 5):
«Եւ դրանից հետո,- ասում է Ամենակալ Տերը,- վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր: Իբր թե քիչ համարեցիր քո պոռնկանալը, զավակներիս էլ նրանց քավության զոհ դարձրիր, ընծայաբերեցիր» (Եզեկիելի մարգարեություն 16:20-21):
«Այսպես է ասում Տեր Աստվածը. ձեր հայրերի անօրենությամբ ապականվում եք, նրանց գարշելի կուռքերի հետ պոռնկանում, նվերներ մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք աստվածներին` կրակի միջով անցկացնելով նրանց» (Եզեկիելի մարգարեություն 20:30-31):
«Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, երբ դատես Ոողային և Ոողիբային, նրանց կպատմես իրենց անօրենությունները: Նրանք շնացան, և արյուն կա նրանց ձեռքերին: Նրանք իրենց մտքում էլ էին շնանում: Իրենց ծնած զավակներին բոցի միջով էին անցկացնում: Այն աստիճան բաներ արեցին իմ դեմ, որ նույն օրն իսկ սրբություններս էին պղծում, շաբաթներս ապականում` կուռքերին զոհաբերելու համար իրենց որդիներին»: (Եզեկիելի մարգարեություն 23:36:39) :
Հրեաների պատժի մասին է վկայում նաև Ք.ա. 2-րդ դարում Քումրանի քարանձավներում գրված թիվ 4QpsDanb գալարը. בחרו בני ישראל אנפיהון מן אנפי אלוהים והוו דבחין לבניהון לשידי טעותא ורגז עלוהין אלוהין ואמר למנתן אנון ביד נבכדנצר מלך בבל ולאחרבא ארעהון מנהון מן די … בני גלותא
Թարգմանություն.
Հրեաները գերադասեցին իրենց ներկայությունը Աստծու ներկայությունից և սկսեցին իրենց զավակներին զոհաբերել դիվական մոլորություններին: Աստված բարկացավ նրանց վրա և հրամայեց մատնել նրանց Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորի ձեռքը, ամայացրեց նրանց երկիրը … աքսորյալնե՛ր:
Գերության շրջանի վերջավորությամբ թվագրվող Երեմիայի մարգարեության մեջ ականատես ենք լինում բանավեճի` կապված մանկանան ողջակիզման հետ. «Նաև Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրեցին` իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մեջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս անցկացրի» (Երեմիայի մարգարեություն 7:31):
«Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց որդիներին, որպես Բահաղի ողջակեզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատվիրել և չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով» (Երեմիայի մարգարեություն 19:5):
«Իրենց աղտեղությունների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին և աղջիկներին նվիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծությունը` Հուդայի երկիրը հանցանքի մեջ մեղադրելու համար» (Երեմիայի մարգարեություն 32:35):
Հայ Առաքելական եկեղեցու կողմից Տեառնընդառաջի տոնակատարությունները, որևէ առնչություն չունեն և չեն էլ կարող ունենալ ծիսական զոհաբերությունների հետ, եկեղեցու խորանից իջեցված ճրագը, հավատացյալի հոգում եղած լուսավոր հավատքի արտաքին դրսևորումն է: Ավանդության համաձայն Երուսաղեմի Տաճարի կառուցումից ի վեր արևելյան դուռը երբևէ չէր բացվել և դրա բացվելը կապված պիտի լիներ Աստծո կողմից խոստացված մեսիա-փրկչի գալուստով: Հիսուս մանուկին, երբ Մայր Մարիամն ու Հովսեփը բերեցին Տաճարին ընծայելու, արևելյան դուռը գոչումով բացվեց, և Երուսաղեմի բնակչությունը մթության պատճառով ջահեր վառեց և իրենց առջև լուսավորելով ընդառաջ գնացին Տիրոջը: Եկեղեցու բակում այրվող խարույկն այս խորհուրդ-սիմվոլն է, լուսավորելու մարդկանց ուղին առ Օծյալ փրկիչ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105): Կրակի վրայով ցատկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանիրավի մեղադրողների համար տեսանելի ապացույց, որ հայ քրիստոնյան ոչ թե երկրպագում այլ վրայից ցատկելով ցույց է տալիս իր առավելությունն ու անարգանքը կրակի պաշտամունքի նկատմամբ:
Տեր Ղազար քհն. Թորոսյան