Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

06.02.02 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

 Նոյեմբեր 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի:

 Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է  դարերի խորքից՝ գոհունակությամբ ընդգծելով, որ նման բարձր մակարդակի այցելություններով ամրապնդվում և զորանում են հայ-հունական կապերը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկու երկրների միջև ձևավորված սերտ հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում իրենց աշխարհասփյուռ ժողովուրդների վրա: Այս իմաստով, Նորին Սրբությունը փաստեց, որ իր՝ տարբեր երկրներ կատարած հովվապետական այցելությունների ժամանակ բազմիցս ականատեսն է դարձել հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը և ջերմ փոխհարաբերություններին:

 Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ 20-րդ դարասկզբին հայ և հույն ժողովուրդների դեմ իրագործված ոճիրը մղում է միմյանց զորակից լինելու և միավորվելու՝ միջազգային ատյաններում իրենց արդար իրավունքի պահանջի ու պաշտպանության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երկու երկրների սերտ փոխգործակցության առավել ընդլայնումը կնապաստի երկու բարեկամ ժողովուրդների առաջընթացին ու բարգավաճմանը:

 Հանդիպմանն իր երախտագիտությունը հայտնելով Հունաստանի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող բարեխնամ հոգածության համար՝ Հայոց Հայրապետը եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևորեց նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների դերակատարությունն ու շարունակվող ջերմ փոխհարաբերությունները: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Առաջինին և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդին:

 Իր խոսքում Հունաստանի նախագահը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյունով, ուստի Հունաստանը ևս վկայակոչում և հիշատակում է 20-րդ դարասկզբի ոճրագործությունները, որպեսզի այլևս որևէ կերպ չկրկնվեն նման սոսկալի հանցագործություններ:

 Տիար Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծեց, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Հունաստանի նախագահը կարևոր նկատեց, որ երկու երկրների եղբայրական ջերմ հարաբերությունները կարող են աշխարհում օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:

 Նախագահը Նորին Սրբությանը փոխանցեց նաև Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքի և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ քրիստոնեական հավատն ու արժեքներն երկու ժողովուրդների կյանքի հիմքն են եղել, որոնց շնորհիվ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ:

 Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ու օրհնության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր ձեռքբերումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր կյանքի:
06.02.01 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.02 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.03 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.04 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.05 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.06 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.07 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.08 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.09 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)06.02.10 - Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)