«Հրաշափառի» արարողություն Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում

2 1 880x660 - «Հրաշափառի» արարողություն  Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում

 Փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ուղեկցությամբ այցելեց Սիդնեյ քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցու առջև դիմավորեցին և թափորով եկեղեցի առաջնորդեցին թեմի հոգևոր դասը, թեմական և ծխական խորհուրդների անդամները, որտեղ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց այս առիթով համախմբված համայնքի հարյուրավոր անդամներին:

Համատեղ աղոթքից և հայրապետական «Պահպանիչից» հետո Հայկազուն Սրբազանը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորապես, Հայոց Հայրապետի առաջին այցելությունը չորս տարի առաջ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցի, որը դարձավ հոգևոր տուն հայ համայնքի համար: Բարիգալստյան խոսքի ավարտին Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանն իր օրհնությունը բերել հավաքված հայորդիներին, իր աղոթքով և պատգամով ներշնչել ժողովրդին և ամրացնել նրա կապը Եկեղեցու հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված, որ պարգևը շնորհեց վերստին այցելելու ավստրալաբնակ հայորդիներին, նաև առաջին անգամը լինելով` այցելելու Սիդնեյի Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայորդիների հետ ուրախանալու և վերապրելու միասնական աղոթքի ու համախմբման ջերմությունը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերել ենք ձեզ սեր և օրհնություն, ձեր կարոտյալ սրտերին բերել ենք ողջույն հայրենի մեր երկրից, օրհնություն ենք բերել ձեզ մեր նվիրական սրբավայրերից: Հայրապետիս հոգին լեցուն է բերկրանքով և նվիրական զգացումներով, քանզի տեսնում ենք ձեզ այսպես միասնական ու համախումբ: Համատեղ ջանքերով դուք ձեռք բերեցիք և բարեզարդեցիք Սուրբ Երրորդություն այս եկեղեցին, որպեսզի աղոթքի մշտամնա տուն ունենաք, Աստծո շնորհները վայելեք նրա խնկաբույր կամարների ներքո և պահպանեք ձեր ազգային-հոգևոր կյանքն ու մշակութային արժեքները:

Մեր Սուրբ Եկեղեցուն անդամակցությամբ է, որ մեր ժողովրդի զավակները Տիրոջ ժողովուրդ են դարձել և փորձությունների միջով անցնելով հաղթանակներ կերտել ու հարատևել որպես ազգ՝ իր հավատքով պատմությամբ, մշակույթով, արվեստով և ինքնագիտակցությամբ: Ձեր ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր են դարձել, քանզի այստեղ բնակություն հաստատած ձեր հայրերը իրենց զավակներին կրթել ու աճեցրել են ազգային ու հոգևոր մեր ժառանգությամբ` մշտապես կարևորելով ինքնության պահպանությունը, զորացնելով համայնքային կյանքը: Նրանք ձեր՝ իրենց զավակների հայացքներն ու սրտերն ուղղել են դեպի հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, որը մեր ժողովրդի հոգու ապաստանն է, ակունքը

հավատքի ու Տիրոջ շնորհների: Այս վստահությամբ ու նվիրումով նորովի պիտի արդյունավորվի ձեր համայնքի կյանքը, քաջություն և ուժ պիտի ունենաք, որպեսզի աստվածային զորակցությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորանից ճառագող կենարար լույսը մշտավառ պահեք, որով պիտի լուսավորվի ձեր և ձեր զավակների կյանքի ուղին և դուք պիտի շարունակեք գոհաբանել Տիրոջը՝ սաղմոսերգուի հետ ասելով. «Քո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին»», — ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` հայապահպանության, ազգային ավանդներին, հայրենյաց ժառանգությանը հավատարիմ մնալու խնդիրներին: «Մենք հավատում ենք, որ Տեր Աստված զորավիգ է ձեզ ազգապահպան ու եկեղեցանվեր ձեր բարի ճանապարհին ու պիտի շարունակի ծագեցնել Իր լույսը, ողորմությունն ու շնորհները ձեզ վրա և նոր իրագործումների ուրախությունը պիտի պարգևի ձեր սրտերին: Մեր փափագն ու հորդորն է, սիրելի զավակներ Մեր, որ ձեր հոգու հայացքը միշտ սևեռված լինի Մայր հայրենիքին և մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը Քրիստոսի ահեղախորհուրդ իջման լույսը սփռում ու բաշխում է աշխարհասփյուռ մեր եկեղեցիներին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակներին:

Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, որ ներդնում եք համայնքային կյանքի զարգացման ու բարգավաճման համար և Մեր Հայրական օրհնությունն ենք բերում աստվածահաճո ձեր ձեռնարկներին: Այստեղ կայք հաստատած ձեր պապերի ու հայրերի օրինակով շարունակեք արարել, ստեղծագործել աստվածապարգև ջերմեռանդ սիրով, սեր` եկեղեցու և ազգի հանդեպ, նվիրում՝ ընտանիքի ու բարեկամի հանդեպ, հավատարմություն ու նախանձախնդրություն` Ավստրալիայի ու մեր Մայր հայրենիքի հանդեպ, բոցավառ ու անմար սեր՝ մեր անգին ժառանգության ու ավանդների հանդեպ: Հավատացե՛ք, սիրելիներ, որ երկնահեղ շնորհներով, զորավոր աջակցությամբ Սուրբ Երրորդության, Ում անունը կրում է ձեր նվիրական եկեղեցին, դուք և ձեր զավակները և ձեր զավակների զավակները ամեն նեղություն ու խնդիր հաղթահարելով հասնելու եք առավել մեծ հաջողությունների և բարիքների», — նշեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը աղթեց, որ Տերը խաղաղության ու բարօրության մեջ պահի Ավստրալիան, մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին պարգևի կյանքի երջանիկ ու երկար օրեր և արդյունավորի նրանց եկեղեցաշեն և ազգանվեր ծրագրերը, արդար ու բարի բոլոր գործերը:

Այցի առիթով Հայոց Հայրապետը Սուրբ Երրորդություն եկեղեցուն ընծայեց Տիրոջ խաչելության պատկեր, նաև Սուրբ Էջմիածնից բերված խաչեր ընծայեց ներկա հավատացելոց:

Աջահամբույրից հետո եկեղեցու «Պաթմանյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում համայնքի անդամների հետ և հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ջերմ մթնոլորտում զրուցելու Վեհափառ Հայրապետի հետ, ստանալու իրենց կյանքը հուզող տարբեր հարցերի շուրջ Նորին Սրբության թելադրություններն ու հորդորները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ եկեղեցական վարչության անդամների հետ, ծանոթացավ համայնքային ծրագրերին` իր օրհնությունն և գնահատանքը բերելով եկեղեցական կառույցներում ընդգրկված աշխարհական անձանց նվիրյալ և անսակարկ ծառայության համար: