Հով­հան­նես Սար­կա­վագ Ի­մաս­տա­սե­ր

  Հաղպատի վանական համալիրը ԺԱ-ԺԲ դարերում հայ դպրության, մշակույթի ամենանշանավոր կենտրոններից էր, և իր պայծառության ու համբավի համար շատ բանով պարտական է իմաստասեր, տոմարագետ, բանաստեղծ մանկավարժ Հովհաննես Սարկավագ Իմաստասերին: Նա թաղված է վանքի գերեզմանատանը: Տապանագիրն ասում է. «Արձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին». Սոփեստոս Սարկավագը այս սեմով-դռնով գնացել է դեպի հավիտենութիւն: Դա 1129 թվականին էր:

 Մեծ գիտնականն ու գործիչը ծնվել է շուրջ 1050 թ. Արցախ աշխարհի Մանճար գյուղում, որ Փառիսոսի գավառում էր: Տեղում նախնական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Հաղպատի վանքում, Անիում: Բագրատունյաց մայրաքաղաքում ավելի ուշ նա հիմնել է գիտական-իմաստասիրական բարձր դպրոց, որ ունեցել է շատ ականավոր ընթացավարտներ. «Նրա արմատից ու շառավիղից ելան բազմապտուղ ոստեր և ոգով լուսավոր ուսուցիչներ, անմոլար աստղեր, լուսաթաղանթ ջահեր»,- վկայում է ժամանակակիցը, որ անշուշտ իր սաներից էր: Վերջինս վկայում է նաև, թե բոլոր նրանք, ովքեր իմաստության գանձի վաճառական ու տենչացող էին` «երջանիկ համեղաբան իմաստունի ոտքն էին գալիս ու մակաղում և ըստ տարողության լցնում իրենց մտքի քսակները: Եւ վերադառնում էին ցնծալով, բարիքներով և լուսատու ակնեղենով ու գանձով» Նույնքան և ավելի նշանակալից է եղել Հովհաննես Սարկավագի գիտական-մանկավարժական վաստակը: Տիեզերագիտություն և տոմար, համարողական արվեստ և երաժշտություն, իմաստասիրություն և աստվածաբանություն, պատմություն և գեղարվեստական գրականություն, բանասիրական-բնագիտական աշխատանք. ահավասիկ նրա զբաղումների թերևս ոչ լիակատար ցանկը: Դժբախտաբար Սարկավագի գիտական աշխատություններից ու գրական-երաժշտական ստեղծագործություններից քիչ բան է մեզ հասել: Բայց եղածը միանգամայն բավարար է նրան առաջնակարգ տեղ ապահովելու ո՜չ միայն հայ մշակույթի ասպարեզում:

 Իբրև մտածող Սարկավագը հետևել է հայ մշակույթի ավանդներին: Մարդասիրությունը համարելով մեծագույն առաքինություն` նա սովորեցնում էր հանդուրժող լինել, հարգել ուրիշի կարծիքը` անկախ ազգությունից ու բարքերից. իբրև գետնական նա հավաստել է, որ փորձը ոչ միայն աղբյուրն է գիտելիքի, այլև` գիտության, ընդհանրապես հասարակության առաջընթացի խթանիչ, իբրև բանաստեղծ ու գեղագիր կարևոր է համարել բանականությունը` որպես արվեստի գլխավոր արժանիք:

 Հովհաննես Սարկավագի մատենագրական ժառանգությունը մշտապես եղել է ուսոմնասիրողների ուշադրության կենտրոնում: Բացառություն են աղոթքները, որ հանիրավի անտեսվել են: Նրա կենսագրի վկայությամբ` մինչ նա «սկսում է կեսգիշերի աղոթքը իր խցում, լույսի և հրո ճառագայթ էր [ելնում] խցի լուսամուտից»:

 Սարկավագի աղոթքները այդ տեսակի ստեղծագործությունների մեջ առանձնանում են թե՜ խոսքի կատարելությամբ, թե՜ հուզական ներգործության ուժով: Փ. Անթափյանը մերօրյա միակ հետազոտողն է թերևս, որ անդրադարձել է նրա աղոթքներին: Ուզում ենք մեր խոսքն ավարտել վերջինիս հակիրճ գնահատականով. Հովհաննես Սարկավագ Իմաստասերը «հեղինակ է մարդկային ապրումների նուրբ թելերից հյուսված մի «Աղոթամատոյցի», որը հայ քնարերգության առաջին հանճարի` Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմից հետո, հայ և որոշ առումով նաև միջնադարյան քրիստոնեական գրականության մեջ իր տեսակի լավագույն ստեղծագործություններից է: Այն ինչպես հեղինակի, այնպես էլ դարաշրջանի բանիմաց մարդու հույզերի, ապրումների, մտատանջությունների և ակնկալությունների բանաստեղծական արտացոլումն է»:

Աղբյուր՝ ՔՀ հանրագիտարան