Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների տեղի ունեցած հանդիպումը շարունակում է քննարկման նյութ մնալ արցախյան հարցին հետեւողների շրջանակներում:
«Հայ Ձայնի» խնդրանքով, մեկնաբանելով այդ հանդիպումը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, արժանապատիվ տեր Վահրամ քհն. Մելիքյանը այն կարեւոր է համարում, նշելով, որ ովքեր, եթե ոչ հոգևոր առաջնորդները, պետք է բաց խոսեն առկա խնդիրներից և դրանք լուծման առաջնորդելու հրամայականից: «Դա ո՛չ տկարություն է ենթադրում, ո՛չ զիջողականություն ու նահանջ է, ո՛չ էլ՝ նվազ հայրենասիրություն»,-մեզ հետ զրույցում նշեց Վահրամ քահանա Մելիքյանը:
-Հոգևոր առաջնորդների հանդիպումը ի՞նչ էական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հակամարտության ու տարածաշրջանային խաղաղության հարցում:
-Այս ձևաչափով հանդիպում վերջին անգամ եղել էր 2011 թվականին, և բավականին ժամանակ էր անցել: 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը փաստեց, որ միայն բանակցությունները բավարար չեն հանգուցալուծման առաջնորդելու հակամարտությունը. անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանրապես և նաև այդ բանակցությունների համար համապատասխան միջավայր նախապատրաստվի մեր հասարակություններում: Մեր ժողովուրդները պետք է պատրաստ լինեն երկխոսության գեթ հանդուրժողականության ոգով, տարածաշրջանային համընդհանուր խաղաղության տեսլականով:
Նման խաղաղասիրական մեծ և փոքր առաքելություններ թե՛ հոգևոր առաջնորդների, թե՛ մտավորականների ու հասարակական կառույցների կողմից պիտի միշտ իրականացվեն, որպեսզի բանակցություններին ոչ թե նախորդի իրավիճակի սրացումը սահմանի վրա, ինչին ականատեսն ենք դառնում ամեն անգամ, երբ նախապատրաստվում են քաղաքական գործիչների բանակցությունները, այլ գերակայեն համերաշխության, խաղաղության փնտրտուքի ձգտումները:
Հոգևոր առաջնորդներն այդ առումով մեծ առաքելություն ունեն իրականացնելու` շարունակ, անդադար քարոզելու իրենց ժողովրդին խաղաղության պատգամը, սթափեցնելու, թե որքան մեծ է յուրաքանչյուր թափված արյան, խլված կյանքի գինը: Հոգևոր առաջնորդները նաև պիտի հանդիպեն` քննարկելու իրենց ժողովուրդներին հուզող խնդիրները, համընդհանուր մարտահրավերները, սակայն այդ ամենից ավելի` խաղաղության, համերաշխության և հանդուրժողականության համատեղ վկայություն փոխանցելու իրենց հետևորդներին` թույլ չտալու նաև որ հակամարտությունը կրոնական երանգ ստանա: Այս իմաստով կարևոր են նման շփումները: Ովքեր, եթե ոչ հոգևոր առաջնորդները, պետք է բաց խոսեն առկա խնդիրներից և դրանք լուծման առաջնորդելու հրամայականից:
Արդեն իսկ հայտնի է հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը հստակ փոխանցում է այդ օրակարգի շուրջ տեղ գտած քննարկումները: Եթե հնչեցված կոչերն ու հորդորները լսելի դառնան և կյանքի կոչվեն, ապա կարելի է դրական նկատել հերթական այս հանդիպման ներազդեցությունը: Սակայն պետք է հասկանանք, որ սա դյուրին առաքելություն չէ, և դրա արդյունավետությունը պայմանավորված չէ սոսկ մեկ անձով:
Հետևապես, արդյունքները չեն կարող տեսանելի դառնալ կարճ ժամանակահատվածում, այլ նմանօրինակ առաքելության արդյունավետությունը պետք է դիտարկել մեծ և լայն հեռանկարի մեջ: Պետք է սակայն կամք և հանձնառություն:
-Բացի Ղարաբաղյան հակամարտության թեմայից, այլ հարցեր քննարկվե՞լ են:
– հանդիպման ժամանակ տեղ գտած քննարկումներն ամբողջովին արտացոլված են համատեղ հայտարարության մեջ: Սակայն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնազրույցի ժամանակ քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքների վիճակին և դիմագրաված մարտահրավերներին առնչվող հարցեր:
-Սպասվո՞ւմ է հոգևոր առաջնորդների նոր հանդիպում, արդյո՞ք համաձայնություն ձեռք բերվել է այդ առումով:
-Այո, եռակողմ հանդիպման ժամանակ նաև քննարկվեց հաջորդ հանդիպման հարցը: Վերջնական որոշում այս առնչությամբ չկայացվեց ժամանակի և վայրի վերաբերյալ: Սակայն պատրաստակամություն հայտնվեց: Առաջարկ հնչեցվեց նաև այն կազմակերպելու սահմանի վրա:
Մնացյալ մանրամասները ժամանակի մեջ կհստակվեն
Աղբյուր՝ haydzayn.am