Հոգեգալստականների կամ հիսունականների մասին

 Անհեթեթ գաղափարներ հրամցնող հերթական աղանդավորական շարժումը, որ ձեզ կներկայացնենք` հոգեգալստական շարժումն է:

 Ինչպես գրեթե բոլոր աղանդները, այն ունի իր արմատները վաղ քրիստոնեական շրջանում, երբ Եկեղեցու ուղղափառ դավանանքի հաղթանակի համար Եկեղեցու աստվածաբան հայրերը պայքարում էին մոնտանականության դեմ:

 Նախկին քուրմ, նորադարձ փռյուգիացի Մոնտանը իրեն ներկայացնում էր որպես խողովակ, որի միջոցով վերջին օրերի մասին հայտնությունները փոխանցվում էին աշխարհին: Մոնտանոսը իր օգնական«մարգարեուհիների» հետ ենթագիտակից վիճակում արտաբերում էին ինչ- որ խոսքեր, իսկ ներկաները գրի էին առնում դրանք՝ իբրեւ «նոր հայտնություն»: Այս կարգի աղանդներ Մոնտանից հետո պատմության մեջ հիշվում են արդեն 17-18 րդ դարերի ռեֆորմացիոն շարժումներից հետո: Այս շրջանում ծնունդ են առնում եւ ծավալվում զանազան շարժումներ, որոնք հավաստիացնում են, որ մարդը կարող է լուսավորվել, հոգեւոր գիտելիք ստանալ անմիջապես շնորհաբաշխ Աստծուց` Սուրբ Հոգուց, եւ կարիք չկա ո՜չ Սուրբ Գրքի, ո՜չ հոգեւորականի:

 19- րդ դարում ծնունդ առած եւ այդ բոլոր շարժումներից իր մեջ տարրեր ներառող հոգեգալստական շարժումը շեշտը դնում է շնորհներից հատկապես լեզվախոսության վրա, որը պարտադիր է համարվում «հավատացյալների» համար: Հավանաբար քչերին է հայտնի, որ «լեզվախոսությունը» հեթանոսական դիվապաշտությանը բնորոշ երեւույթ է: Հեթանոս քրմերն ու մոլեռանդ ժողովուրդը իրենց «պաշտամունքի» ժամանակ դիվահարվում էին եւ սկսում էին անհասկանալի լեզուներով ինչ-որ բաներ բարբաջել եւ դա համարում էին «աստվածներից տրված հայտնություն»: Այդ երեւույթը առկա է նաեւ մեր օրերում դեռեւս գոյատեւող հեթանոսական կրոններում: Սակայն, ցավոք սրտի, այսօր ո՜չ հեթանոսներն են համարվում դիվապաշտ, ոչ քրիստոնյաներն են հանդիսանում ճշմարիտ աստվածապաշտ: Հավատի ներքին բովանդակության հստակ ընկալման եւ ճշմարիտ Աստծո պաշտամունքի, իր Եկեղեցու հետ Նրա կենդանի ու հարակայուն հարաբերության վերաբերյալ ստույգ պատկեր կարող ենք ստանալ միայն Սուրբ Գրքի միջոցով: Պողոս առաքյալը, խոսելով Սուրբ Հոգու շնորհների մասին, շատ պարզ ասում է. «Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգուց, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, մյուսին՝ զորավոր գործերի կարողություններ, մյուսին՝ մարգարեություն, մյուսին՝ հոգիները զանազանելու շնորհ, մյուսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ» (Ա.կորնթ.12;8-10, 28 ): «Եւ ում որ Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներ, երկրորդ՝ մարգարեներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զորավոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ» (Ա Կորնթ.12; 28): Ինչպես կարող ենք նկատել, լեզվախոսությունը Սուրբ Հոգու ամենաառաջնային եւ կարեւոր շնորհը չէ: Առաքյալի խոսքից հասկանալի է դառնում նաեւ, որ Եկեղեցին` որպես այդպիսին, ուղղակիորեն «ազատամիտ» հավատացյալներից բաղկացած համայնքը չէ, այլ Սուրբ Հոգու կողմից որոշակի շնորհներ ստացած, որոնցով եւ` հստակ պարտավորություններ ստանձնած անդամներից բաղկացած մարմինը Քրիստոսի, որը գլուխն է այդ մարմնի: Հոգեգալստական շարժումը ունի եւս մեկ տարբերակ` խարիզմատիկ շարժումը, որը շեշտը դնում է ոչ միայն լեզվախոսության, այլեւ շնորհների բազմակողմանի դրսեւորման վրա:

Հոգեգալստական շարժումը Հայաստան ներթափանցել է Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

 Հոգեգալստականները միայն իրենց են համարում ճշմարիտ քրիստոնյաներ, մնացածը մոլորվածներ են եւ չեն հասկանում ճշմարտությունը` այսինքն Սուրբ Հոգով մկրտությունը: Հոգեգալստականների գաղափարները հասկանալու համար պետք է պարզել, թե ինչ է նշանակում՝ մկրտվել Սուրբ Հոգով: Հոգեգալստականները դա հասկանում են միայն լեզվախոսության շրջանակներում: Նրանց միացնողը ոչ թե Հիսուս Քրիստոսն է, այլ իրենց կողմից շնորհների սկիզբ ու վերջ հանդիսացող լեզվախոսությունը, այս հիմքով միավորվածները հեշտությամբ բաժանվում ու ճյուղավորվում են, եւ արդյունքում ստացվում են այնքան աղանդներ, որքան կարծիքներ կան:

Հոգեգալստականների գաղափարներին ավելի ծավալուն կերպով կանդրադառնանք հաջորդ համարում, ինչպես նաեւ կփորձենք պարզել,թե իրականում որն է Աստծուց մարդուն տրված մեծագույն եւ կարեւորագույն շնորհը:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան