ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

2 1 880x660 - ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

 Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:

 Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարևորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգևոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետև Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաև հարցեր, որոնք առնչվում են հոգևոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարևորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի և Մայր Աթոռի միջև հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Նորին Սրբությունը նաև ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդին դեպի հոգևոր փրկություն առաջնորդելուն զուգահեռ եղել է ազգային ինքնության պահպանությունը, հայոց պետականության ամրապնդումը և ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի կերտումը: Նշելով, որ դա է եղել հայ եկեղեցականի կոչումն ու գիտակցությունը` Վեհափառ Հայրապետը  նաև կարևոր նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար, սիրով ու համերաշխության ոգով լծվի հայրենիքի զորացմանը, որով և հնարավոր կլինի իրականացնել համազգային իղձերն ու տեսիլքները:

 Ապա Վեհափառ Հայրապետին և ժողովականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը: Անդրադարձ կատարելով Եկեղեցու և հոգևոր դասի լուսավորչական առաքելությանը և կարևորելով համագործակցությունը Հայոց Եկեղեցու և հայրենի իշխանությունների միջև` տիար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց. «Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգևոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաև լուսավորականության առաքելությունը։ Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթևի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք ի հեճուկս պատերազմի արհավիրքների կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»: ՀՀ ԱԺ նախագահը խոսեց առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:

 Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ ստացան ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության և առկա համագործակցության առնչությամբ:

2 1 - ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)2 2 - ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)2 3 - ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)2 4 - ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)2 5 - ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)