Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրը չի կարող դուրս հանվել դպրոցներից

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում Գրում է . «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Եկեղեցի) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» 17-րդ հոդվածի ուժով իրավունք ունի «նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում»։

 «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։

 Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ (Տես՝ նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/2560/about):

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

 Այս նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարող այնպիսի Հանրակրթության պետական չափորոշիչ ընդունել, որը չի պարունակի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորություն:

 Պետք է հիշենք նաև, որ հայկական դպրոցի հիմնադիրը Եկեղեցին է (Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, հայկական գրի ստեղծող և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը վկա): Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից»: