Հարգելի՛ Սերգեյ Բագրատյան, ամենայն անկեղծությամբ, ճիշտ պահ չեք ընտրել

Հարգելի՛ Սերգեյ Բագրատյան,
Ժողովրդի համար չափազանց կարևոր ու օրհասական այս օրերին Հայ Եկեղեցուն ամեն կողմից «հոշոտելու» քաղաքականությունն արդեն, մեղմ ասած, մոդայիկ չէ։ ԱԺ բարձր ամբիոնից նման անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելուց արդյո՞ք չգիտեիք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համավարակի առաջին իսկ օրերից մշտապես հանդես է եկել հայտարարությամբ և միմյանց հանդեպ սեր ցուցաբերելու ու հանդարտություն պահպանելու կոչերով։ Տեղյակ չէի՞ք արդյոք, որ Հայոց Հայրապետը մարտի 18-ը հռչակել էր համազգային աղոթքի օր։ Ես վստահ եմ, որ տեղյակ էիք. գոնե երկու հեռուստատեսություն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են աղոթքի արարողությունը։

 Ես հասկանում եմ, որ Հայ Եկեղեցուն թիրախավորելը դարձել է սեփական «փիար»-ի լավագույն միջոցը։ Բայց ……, ամենայն անկեղծությամբ, ճիշտ պահ չեք ընտրել։

 Ազգն այսօր առավել ևս կարիք ունի միասնականության, սիրո և հանդուրժողականության։ Խորհուրդ կտայի ի մտի ունենալ և առաջնորդվել Ամենայն Հայոց Կաողիկոսի՝ հայ ժողովրդին ուղղված կոչի հետևյալ գաղափարներով․«Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ մեր, ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ…..Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխաության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից: Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ»․, ոչ թե ազգը պառակտելու ու ապակողմնորոշելու «առաքելությամբ»։
Եվ վերջում ուզում եմ ասել, որ մենք աղոթում ենք բոլորի համար։