ՀԱՆԳՐՎԱՆԸ` ԷՋՄԻԱԾԻՆ

«Էջ Միածին ի Հօրէ, եւ լոյս փառաց ընդ նմա»

… եւ երգեցին շարականներ, քանզի երկրորդ անգամ եկավ
ու ոսկեձույլ մուրճով ահեղ Իր երկնային հիմքը գցեց ու մի կանթեղ կախեց վրան, որ հուրհրա գիշերուզօր:

 Եւ կանթեղը մեր սրտերից վերև պահած` հանճարների խոսքը առանք ու թոթվախոս լեզվի վրա կնիք դրինք` նոր ինքնության: Սակայն մենք էլ Պետրոսի պես ` առաջին իսկ փորձի պահին, հետ քաշվեցինք ունեցածից ու թողեցինք, որ քաշքշեն ու տեղից տեղ տեղափոխեն այն կանթեղը, որ իջել է լույսի համար: Բայց տանելու վերջին պահին կանթեղն առանք-տարանք Դվնո վանքի գլխին մեկ մոմ դրինք ու կարծեցինք, որ մեր մոմը փառքի լույսից ավելին է: Ու երբ այլ տեղ տուն շինեցինք, մեր կանթեղը դրինք այնտեղ` որպես հնի մի նոր վկա, բայց նոր վկան չվկայեց, այլ համրացավ ու հուրհրան ցոլքը նրա աղոտացավ ու նվաղեց:

 Եւ մենք մի նոր Մայրաքաղաք-տուն շինեցինք ու կանթեղը կախ տվեցինք` դարամուտի տաճարում այն, ու կարծեցինք հազարամյա կյանքն է բացվում: Բայց բացվելուն ընդհակառակ, այնտեղ կյանքի հիմքը փակվեց: Եւ մենք առանք հին կանթեղը ու փախցրինք հեռու-հեռու… Մի կապտահեր ծովի ոսկե ափին դրինք` որպես փարոս, որ լույսերով իր մոտ կանչի բոլոր տանջված-հոգնածներին: Բայց նրանից մոմեր առան ու վառեցին գանձահարուստ լեռան վրա, որ կանթեղի լույսից գոնե մեկ մոմ մնա գանձերի մեջ…

 Բայց նրանից մոմեր առան ու վառեցին Աղթամարա կղզու վրա, որ կանթեղի լույսից գոնե մեկ մոմ մնա թեկուզ և փակ, բայց հարազատ ու հին վանքում:

 Իսկ փարոսը ուժգնորեն վառվե~ց-վառվե~ց ու մոտ կանչեց հեռավորին, անծանոթին, ագահներին ու օտարին, որոնք հատ-հատ ձեռք գցեցին, որ կանթեղը մարեն-տանեն, բայց դրանով նրանք իրենց ձեռքն այրեցին:

 Ու պտտվեց ժամանակի անիվն այնպես, որ բոլորը միաբերան կրկնեցին. «եկայք շինեսցուք սուրբ զԽորանն լուսոյ»: Եւ հասկացան, որ փարոսը պետք է լինի ոչ թե ծովի ավազանին, այլ քարեղեն այն Խորանին, որտեղ Ինքն էր իջել մուրճով: Եւ հայտնության լույսով վառված` կանթեղն առան ու գնացած ճանապարհով` նորից դարձան շրջանս յուր: Եւ հին երգը կրկին հնչեց. «Էջ Միածին ի Հորէ, եւ լոյս փառաց ընդ Նմա»: Եւ հարության ավետիսը վեր բարձրացավ: «Մեռած էր և կենդանացավ, մոլորված էր և գտնվեց»: Սակայն ձայնը դողաց մի պահ, որովհետև հին փարոսի տեղում մի նոր լույս հուրհրաց, որ նեղացած եղբոր նման քաշվեց հեռու, տաք, ծովագույն սավանն առավ իր թիկունքին ու խռովեց:

 Եւ խռովքի կապանքները պահեց այնքան, մինչև հյուծվեցհալվեց ու մաս դարձավ` արևելքից ծով դուրս եկող երամներին: Ու շաղախված իր իսկ արյամբ, հոգեվարքի ցոլքերն ապրող մոմը ձեռքին, ծովեզրյա փարոսն ընկավ երկրեերկիր ու ծվարեց Լիբանանի մայրիների հովերի տակ:

 Եւ ափի մեջ պահեց մոմը այն մարմրող ու շշունջով աղոթք ասաց, որ թևածեց եթերային բարձունքներում: Եւ հաստատուն կանթեղը այն, երբ որ առավ ձայնն աղոթքի, իր գմբեթից ոտք դրեց ցած ու իր ձեռքի ճրագից լույս տվեց նրան, որն իր մոլոր ճանապարհին ծունկ խոնարհեց ու մրմնջաց. «.. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս, ի Հայաստան աշխարհի»:

Հրաչյա-Ժորա դպիր Հակոբյան
Գևորգյան ճեմարան Էլ.  պարբերական, Բ Տարի, թիվ 6 2016թ. Դեկտեմբեր Ա