Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

26 5 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

 Գարեգին Բ Կաթողիկոս. «Հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել»

 Փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:

 Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն:

 Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը և ողջ հոգևորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, նշեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը հնարավորություն է ընծայում ամենքին ոգեշնչվելու նրանց օրինակով, ուրախանալու ձեռքբերումներով ու հաջողություններով և լիցքավորվելու Մայր Աթոռի կենարար շնչով:

 Այնուհետև տեղի ունեցավ ավանդական պարգևաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ և արդյունավոր ծառայության ու վաստակի` Վեհափառ Հայրապետը արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին:

 Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Պետրոսյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը, Մայր Աթոռի Հառիճի «Թրբանճյան» ընծայարանում սպասավորող Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Մակարյանը, Կալկաթայի մարդասիրական ճեմարանում ծառայող Արժանապատիվ Տ. Արծրուն քահանա Միքայելյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Բարսեղյանը, Տ. Նահապետ քահանա Կարապետյանը, Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը և Տ. Մամբրե քահանա Ոսկանյանը, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ. Մաշտոց քահանա Հմայակյանը, Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը, Վիրահայոց թեմից Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը, Տ. Նարեկ քահանա Տիգրանյանը և Տ. Գևորգ քահանա Ասատրյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը և Տ. Հովհաննես քահանա Գրիգորյանը, Կանադայի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը, Տ. Հրանտ քահանա Մարգարյանը և Տ. Հայարի քահանա Թանաշյանը, Բուլղարիայի հայոց թեմից Արանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը:

 Նորին Սրբությունը նաև ծաղկյալ փիլոն կրելու իրավունք շնորհեց Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Գալստյանին, Տ. Փավստոս քահանա Սարգսյանին և Տ. Նշան քահանա Պանֆյորովին, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Ծատուրյանին և Տ. Մաշտոց քահանա Բաբայանին, Գուգարաց թեմից Արանապատիվ Տ. Սողոմոն քահանա Ավետիսյանին, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Պատուրյանին և Տ. Մուշե քահանա Վահանյանին, Ուկրաինայի Հայոց թեմից Արժանապատիվ Տ. Մկրտիչ քահանա Գրիգորյանին, Տ. Նարեկ քահանա Ամիրյանին և Տ. Ներսես քահանա Շահնազարյանին, Եգիպտոսի հայոց թեմից Արանապատիվ Տ. Հակոբ քահանա Հակոբյանին, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանին:

 Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Ս. Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ Ս. Ղևոնդ երեցի և նրա ուխտակիցների հիշատակի տոնախմբումն առիթ է տալիս խորհրդածության և անդրադարձի հայ եկեղեցականի կերպարի շուրջ, նրա կոչման ու առաքելության իսկության վերաբերյալ:

 «Ղևոնդ երեցը Տիրոջ Ս. Սեղանի սպասավոր էր, ինչպես այստեղ ներկա ձեզանից յուրաքանչյուրը: Խոնարհ նվիրյալ, որի կրծքի տակ բաբախում էր Աստծո և հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված սիրտը: Այս սերն ու սեփական կյանքը Տիրոջ օրինակով իբրև փրկագին հանուն ժողովրդի վճարելու աներկբա պատրաստակամությունն էին, որ Տիրոջ նվիրյալ սպասավորի խոնարհությունը վերափոխեցին անօրինակ ուժի, հնազանդությունը` օրհնյալ ըմբոստության, մղեցին հավատը վահանի վերածելու և կենսապարգև խաչը դատապարտության սուսեր դարձնելու ընդդեմ հակառակորդների հայոց ազգի, նրա հավատի և արժեքների», — ասաց Վեհափառ Հայրապետը` համոզում արտահայտելով, որ հայոց պատմության մեջ Ս. Ղևոնդյանց ընդվզումով սկսված պատերազմը երբեք չդադարեց, այլ շարունակվեց դարերի մեջ:

 «Մեր ժողովուրդը և հայ եկեղեցականը, մեր Եկեղեցին այսօր էլ կանգնած են սեփական ազգային-հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերում, քանի դեռ չեն դադարում հարձակումները մեր ազգային, հոգևոր ինքնության վրա, անհանգստացնող երևույթներ, որոնք խաթարում և խեղում են հազարամյակներով կերտված ու հղկված արժեհամակարգը: Սակայն սա երբեք չի նշանակում սահմանափակում, ներպարփակում կամ անհանդուրժողականություն: Հայը և հայկականը երբեք այդպիսին չեն եղել, ընդհակառակը` առաջագնացն են եղել ազատամտության, լայնախոհության և բարի գործոց մեջ», — ընդգծեց Հայոց Հովվապետը:

 Վերհիշելով Եղիշե վարդապետի խոսքը, թե «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնունդը»` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միաբանության պահպանությունը հասարակական կյանքում` հավելելով, որ ազգային, պետական և եկեղեցական կյանքում կարող են արձանագրվել բարի արդյունքներ, եթե առկա է միաբանությունը:

 «Միաբանության մեջ է մեր ժողովուրդն անպարտելի, մեր հոգևոր դասի միաբանության մեջ է Եկեղեցին հաղթական հոգեփրկչական իր առաքելության մեջ: …Բազում են մարտահրավերները, նվազ վնասաբեր չեն 21-րդ դարի գայթակղություններն ու փորձությունները: Այս ամենը մեզ պետք է մղի առավել զգոն լինելու, ավելի աշխույժ և ժրաջան մեր ծառայության մեջ: Անհոգնաբեկ, հանձնառության աննկուն ոգով պիտի մեր սպասավորությունը բերեք մեր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար: Մենք մեր ժամանակի պատասխանատուներն ենք, հոգևոր տեսուչները: Յուրաքանչյուրիդ ծառայությամբ է այսօր պայմանավորված ամեն մի հայի, հայոց պետականության ապագան: Մեր համոզումն է, որ հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել», — ասաց Նորին Սրբությունը` հորդորելով հոգևոր դասի ներկայացուցիչներին նվիրումով, կոչման բարձր գիտակցությամբ իրականացնել իրենց ծառայությունը մեր ազգին և հայրենիքին:

 Վերստին շնորհավորելով եկեղեցականներին Ս. Ղևոնդյանց տոնի ուրախ առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ Ս. Հոգու առաջնորդությունը և զորակցությունը իրենց դժվարին առաքելության մեջ:

26 1 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 2 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 3 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 4 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 5 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 6 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 7 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 8 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 9 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 10 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)26 11 - Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)