Գեղարքունյաց թեմի հոգևորականների հայտարարությունը՝ Մաքենյաց վանքում տեղի ունեցածի կապակցությամբ

Gegharqunyanc tem 16092019 880x540 - Գեղարքունյաց թեմի հոգևորականների հայտարարությունը՝ Մաքենյաց վանքում տեղի ունեցածի կապակցությամբ

 Տարվույս սեպտեմբեր 16-ին, Գեղարքունյաց թեմի առաջնորդարանում, նախագահությամբ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանի, տեղի ունեցավ թեմի եկեղեցականաց ժողով, որի ընթացքում անդրադարձ եղավ նախորդ օրը Սուրբ Խաչի տոնին մի խումբ անձանց կողմից Մաքենիսի վանական համալիրի հանդեպ կատարված ոտնձգությանը։ Եկեղեցականները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.

 «Սեպտեմբերի 15-ին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր մեր ժողովրդի համար նվիրական տոներից մեկը՝ Սուրբ Խաչի տոնը, մի խումբ անձինք, կարգալույծ հռչակված և աշխարհականների շարքը դասված Արմեն Առաքելյանի և Ղազարոս Կյուրեղյանի ղեկավարությամբ, բացելով Մաքենյաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու փականը, ներսում կատարել են հակականոնական ծիսակատարություն։
Համաձայն մեր Եկեղեցու կարգաց և կանոնաց աշխարհական անձինք իրավունք չունեն իրականացնել խորհրդակատարություններ։ Ծեսի կատարման իրավունքը վերապահված է բացառապես եկեղեցական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականին, ինչից Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը զրկված են իրենց կարգազանց ընթացքի համար։ Նրանց այսօրինակ արարքը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն և հոգևոր հանցագործություն։
Իրավական առումով տեղի ունեցածը դիտարկելով ներխուժում և զավթում՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել վերոնշյալ անձանց, որոնք հայտնի են իրենց հակականոնական ընթացքով, նախորդիվ դրսևորած դատապարտելի վարքագծով և գործողություններով։
Տեղի ունեցածը խաթարում է նաև Տիրախնամ մեր թեմի հոգևոր-եկեղեցական կյանքը, որի պատասխանատվությունը կրում են հիշյալ անձերը: Մենք նախանձախնդիր ենք Տիրախնամ մեր թեմի կանոնական տարածքից ներս եկեղեցական կարգուկանոնի պահպանմանը։ Մենք՝ հոգևորականներս, մեր հավատացելոց հետ համախմբված, ստիպված ենք լինելու անհրաժեշտության դեպքում նույնիսկ բազկով պաշտպանելու մեր սրբավայրերը նման սրբապղծություններից։
Կոչ ենք անում հավատացյալ մեր ժողովրդին զգուշանալ գառան մորթով նման գայլերից և, նեցուկ լինելով իրենց իրական հովիվներին, պայքարելու մեր սրբավայրերի հանդեպ կատարվող ոտնձգությունների դեմ՝ ի խնդիր Տիրախնամ մեր թեմի զորացման և պայծառության»։

ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ