Ֆրանսիայի հայոց թեմի հոգևորականների կոչը

Fransayi tem - Ֆրանսիայի հայոց թեմի հոգևորականների կոչը

 Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։

 Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան և մարդասիրական մաղթանքները և հորդորները պետական բարձրաստիճան և որոշ այլ պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ և մատուցվում լայն հասարակության ուշադրությանը՝ մեկ անգամ եւս առիթ հանդիսանալով թշնամական տրամադրությունների սրացման և ավելորդ շաղակրատությունների՝ հանդեպ մեր Սրբություն Սրբոց Մայր Եկեղեցին և Հայոց Հայրապետը։

 ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի սանձարձակ հարձակումների երբեք չէր ենթարկվել մեր Եկեղեցին։ Փոխարեն սիրո և հանդուրժողականության քարոզով եկած հեղափոխոխությունից ծնված գործերով Մորը հզորացնելու ջանքեր գործադրելու նվիրական նախաձեռնությունների՝ այսօր տեղի են ունենում Ծնողին լքելու և հայհոյելու՝ արդեն ծիսական երանգ ստացած և սովորական դարձած սրբապիղծ և ազգադավ դրսևորումներ։

 Բազմիցս իրեն մեր Եկեղեցու զավակ հռչակած Ալեն Սիմոնյանի և մյուսներին հորդորում ենք վերագտնել հավատարիմ որդու և նվիրյալ զավակի իրենց ընթացքը և ձեռնարկել քայլեր՝ շտկելու մոլորյալի իրենց կեցվածքը։

 Վստահ ենք Ալեն Սիմոնյանը և մյուսները քաջածանոթ են Սուրբ Գիրքին և մանավանդ անառակ որդու մասին ոսկե առակին։ Հորդորում ենք վերընթերցել այն ( Ղուկաս 15։11-24) և «մեղա յերկինս եւ առաջի քո» աղոթքով վերադառնալ՝ ներում ստանալու հույսով եւ ակնկալիքով։

 Եկեղեցին մշտապես սիրում է և ներում է շնորհում իր զավակներին՝ շինական թե իշխանական։ Եվ պարարտ եզը պատրաստ է մորթվելու միայն հոր գիրկն ընկնելուց, ներում հայցելուց եւ ներման արժանանալուց հետո։

Աղբյուր՝ www.lragir.am