Դժվարին այս ժամանակներում հրամայական է դարձել առավել միաբան դառնալը

«Փառքն ու անարգանքը լեզվի ձեռքին են, և մարդու կործանումն իր անարգ լեզվի միջոցով է լինում» (Սիրաք Ե 15):

 Մտորումներս թղթին հանձնելով ամենևին նպատակ չունեմ որևէ մեկին բարոյա-խրատական դասեր տալու, առավել ևս դատապարտելու, քանզի Քրիստոսավանդ հիմնական պատգամներից ինձ համար շատ կարևոր էˋ չդատել դիմացինին. «Ինչ դատով, որ դատեք, նույն դատաստանին կարժանանաք» (Մատթ. Է. 1-2):

 Վերջին շրջանում Հայրենի մեր Երկրում ստեղծված անհամերաշխ մթնոլորտի «լույսի» ներքո համացանցային տիրույթում, կարծեք, ամրագրվել է հայհոյախառն գրելաոճը և ոչ Հայկազյան բառամթերքը, ինչը մտահոգության առիթ է և քրիստոնյաներիս համար ոչ հարիր կեցվածք:

 Գաղտնիք չէ, որ ողջ աշխարհը, անքակտելի կերպով, կապված է համացանցին, ինչը լավ հնարավորություն է ինքնադրսևորվելու և ցուցադրելու թե՛ դրական և թե՛ բացասական, հոգու խորքում թաքնված, երբեմն չնկատված և Աստծո պատկերից շեղված օտար կերպարը:

 Մեր հասարակության մեջ դիմացինին դատելու, ատելու, միաբան չլինելու, հակառակվելու դրսևորումները երբեմն հատում են անձնական կամ նեղ ներանձնային շրջանակը: Մարդն ինքն իրեն իրավունք է վերապահում ոչ միայն կարծիք հայտնելու ճանաչելի անհատների ու նրանց գործունեության մասին, այլև անդրադառնում է անծանոթ անձանց կամ երևույթների: Ցավալին այն է, որ այդ իրավիճակում ոչ միայն փորձ է կատարվում մտորելու կամ եզրակացությունների հանգելու, այլ հուզումնախառն, վերջնագրային ու հրամայական եղանակով, իբրև ամենաբարձր ճշմարտության կրող, դատապարտելու կամ մեղքի սյունին գամելու անհատների, որոնց մասին լսել է հեռուստատեսությամբ կամ համացանցից:

 Բավականին դյուրին է համացանցում կարդալ ինչ որ մեկի մասին որևէ բան ու անմիջապես առանց ծանրութեթև անելու արձագանքել դրան: Սակայն կա մեկ այլ տարբերակ, նախևառաջ մտածել, մտածել արտահայտվելու սեփական կարողությունների ու դրանց ճիշտ ու գրագետ դրսևորման մասին, քանզի Սուրբ Գիրքն ուսուցանում է. «Փառքն ու անարգանքը լեզվի ձեռքին են, և մարդու կործանումն իր անարգ լեզվի միջոցով է լինում» (Սիրաք Ե 15):

 Դժվարին այս ժամանակներում հրամայական է դարձել առավել միաբան դառնալը, իրար նկատմամբ փոխադարձ սեր ու հարգանք ցուցաբերելը, որով միայն հնարավոր կլինի հաղթել չարությանը, թերությանն ու անկատարությանը:

 Ի վերջո համացանցում որևէ գրառում կատարելուց առաջ հիշենք Իմաստունի իմսատնալից պատգամը. «Այսուհետև զգույշ եղեք անօգուտ քրթմնջյունից և բամբասանքներից, խնայեք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Ա 11):

Գարեգին քահանա Արսենյան
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ։