Բագրատ Սրբազանի անդրադարձը վերջին օրերին Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին.

Bagrat Galstanyan 245 - Բագրատ Սրբազանի անդրադարձը վերջին օրերին Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին.

ՉԱՐԸ ՄԵԶ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ…

 Սիրելիներ,
Երբ իջևանյան «դառը» դեպքից հետո արդեն ինչ-որ իմաստով ավելի թուլացել է լարվածությունը և հուզականությունը և հունավորվում է բանականությունը, երբ կարծես նվազել է համացանցային և այլ տիպի աղմուկը՝ ցանականում եմ անդրադառնալ ամբողջ իրադարձությանն ու իրականությանը՝ հրաժարվելով պաշտոնական կեցվածք արտահայտելու ձևաչափից՝ որդեգրելով առավել խորհրդածական և հրավերի մոտեցումը:

 Նախ ո՞ւր էինք մենք՝ հոգևորականներս, այդ օրվա կամ գիշերվա ընթացքում.
Երկու օր շարունակ, և, հատկապես հուլիս 17-ի գիշերվա ընթացքում մեր հոգևոր դասի և սարկավագների հետ գտնվում էինք իրադարձությունների կիզակետում՝ փորձելով ինչ-որ չափով նվազեցնել լարվածությունը, անհատապես բոլորի հետ գործելով իրավիճակը հասցնել կառավարելիության: Ցավով պիտի արձանագրեմ, որ ամբողջությամբ չստացվեց, զանազան տեխնիկական և այլ պատճառներով, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Նշեմ նաև, որ քարերի և փայտերի հարվածների տարափից նաև մեզ բաժին հասավ: Սակայն վիրավորներով հանդերձ, փառք Աստծո անդառնալի կորուստներ չունեցանք` մարդկային կյանքի կորուստներով զուգորդված: Միևնույն ժամանակ, ամբողջ գիշերվա ընթացքում մեր հոգևորականները, սարկավագները և առաջնորդարանի անձնակազմը առաջնորդարանում խնամք են տածել և ծառայել մայրուղու վրա ժամերով հանգրվանած անցորդներին, որի համար մեր մեծագույն գնահատանքը բոլորին: Գիշերվա ուշ ժամերին այցելել ենք վիրավորներին Իջևանի հիվանդանոցում՝ աղոթք արել, ներողություն հայցել և բարի ապաքինում մաղթել իրենց:

 Հիմա ըստ էության մեր մտածումներն ընդհանրապես.

1. Դատապարտելի է բռնության որևէ դրսևորում` թե՛ քաղաքացիական ազգաբնակչության և թե՛ իրավապահների կողմից, ինչպես նաև որևէ կողմից կատարված հրահրումները, որոնք հանգեցրին նման իրավիճակի: Անընդունելի են, և պետք է հստակ գնահատական տրվի գիշերվա ընթացքում իրավապահների կողմից ընտանիքներ ներխուժմանը` ոչ միայն ընտանիքների հանգիստը խանգարելով, այլև սարսափի և վախի հոգեբանական վիճակ ստեղծելով, հատկապես, երեխաների առկայությամբ՝ ինչպիսին էլ լինեն պատճառաբանություններն ու մեկնաբանությունները:

 2. Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր վիրավորներին մեր ոստիկաններին և քաղաքացիական մեր բնակչությանը, ովքեր թե՛ ծառայություն իրականացնելիս և թե՛ հանգամանքների բերումով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Մեր աղոթքը իրենց շուտափույթ ապաքինման համար՝ որպես հոգևոր առաջնորդ վերստին ներողություն հայցելով իրենցից:

 3. «Անտառագողություն», թե այլ տեսակի գողություն անընդունելի է և միանշանակ դատապարտելի: Օրենքը, թե՛ դրական և թե՛ բարոյական պետք է գործի բոլորի համար անխտիր: «Անտառագողերը» միայն երևացող մասն են, ըստ էության նրանք նաև զոհեր են, որոնք գիտակցված կամ չգիտակցված հանձն են առել այդպիսին լինել, որը սակայն դարձյալ արդարացված չէ: Այսուհանդերձ, հատկապես, պիտի դատապարտվեն չերևացող անտառագողերը, որոնց մասին արդեն իսկ թե՛ ակնարկներով և թե՛ զանազան հայտարարություններով խոսվում է այս օրերին:
Այս երևույթը օրինախախտումից ավելի ՄԵՂՔ է՝ ՄԵՂՔ Աստծու հանդեպ, ՄԵՂՔ մարդու հանդեպ, ՄԵՂՔ արարչագործության հանդեպ, ՄԵՂՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ, ՄԵՂՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ հանդեպ, ՄԵՂՔ մեր կյանքի ողջ պարունակի հանդեպ:

 4. Անտառը, որպես Աստուծո պարգև, չի կարող վերածվել պաշտամունքի: Այն պետք է ծառայի մարդու բարիքին և միևնույն ժամանակ մարդն էլ պետք է խնամք տածի և մշակություն անի այդ Աստվածատուր բարիքի հանդեպ: Միանշանակ է, որ անտառի գործածությունը պետք է կանոնակարգվի, որպեսզի և՛ մարդը օգտվի և՛ անտառը չոչնչացվի և միջոց դառնա զարգացման և ոչ թե քայքայման՝ մարդկանց ամենաճղճիմ աստիճանի շահագործման:
Սա ՛պետք է լինի մեր հայեցակարգը: Մի առիթով ասել ենք և հիմա ևս վերակրկնում եմ, որ «որքան էլ մենք փորձենք լուծումները գտնել գիտության, տնտեսության կամ քաղաքականության մեջ, այսուհանդերձ, հիմնական և արմատական խնդիրը մարդու ընկալումն է և աշխարհըմբռնումը: Հատկանաշական է, որ մարդաբանական և բնաբանական խնդիրների հարաբերությունը խորքային իմաստով արտահայտում է նրանց միջև անքակտելի փոխկապակցվածությունն ու ներշաղկապվածությունը, ինչպես նաև իրական կերպով ցուցիչն է (ինդիկատոր) ներկա ժամանակների նկարագրի, երբ մենք լայն իմաստով ապրում ենք հոգևոր և բնապահպանական անկման կամ ճգնաժամի տիրույթում: Հետևաբար, կենսական անհրաժեշտություն է մեր հոգևոր գիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը, ոչ թե անտառապահպանությունը դիտարկելով որպես սոսկ մի միջոցառում, այլ որպես մեր իսկ բարիքի, բարեկեցության և անվտանգության երաշխավոր: Սա նաև ամբողջական առումով վերաբերմունք է կյանքի նկատմամբ, որպես Աստծու պարգև, գնահատելով կյանքի սրբազնությունը և որակը՝ անբաժան և ներդաշնակ արարչագործության հետ»:

 5. Իսկ ամենակարևորը` բոլորս ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՂՋՄԱՆ կարիքն ունենք, ԲՈԼՈ՛ՐՍ անխտիր: Մենք այսօր խոսում ենք ՍՈՍԿ հետևանքների վերացման մասին: Հետևանքները չե՛ն վերանալու, անընդհատ նման ժխտական երևույթներն ու դրսևորումները շարունակվելու են, եթե չանցանք մեր գործած հանցանքների ու մեղքերի հանդեպ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ճանապարհը: Մի առիթով ասել եմ«Մենք մեղքը շալակած փորձում ենք մտնել ազատության, արդարության և սրբության տիրույթ». Չի՛ ստացվելու, պարզապես անկարելի է: Մեր հանրությունը, մեր ժողովուրդը, պետությունը կարիքն ունի ոչ թե համերաշխության և հանդուրժողականության, այլ՝ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ: Հին ու նոր գոյություն չունի՝ գոյություն ունի ներկա և այդ ներկայի հետ առերեսվելու իրականություն: Այլապես նո՛ւյն թմբիրով, նո՛ւյն սոցիալ-տնտեսական պատճառաբանություններով, արժանապատվության ամենացածր ու ստոր աստիճանի կենցաղային աղաղակներով, մարդկային որակի անկումով կկորցնենք ամեն ինչ:

 Մեր որակներն այլ են, մեր նկարագիրն ու ինքնությունը այլ: Մենք «մեծ շուկայում» չե՛նք ապրում, այլ արյունով և արցունքով սրբացած Հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում՝ բացառիկ և սահմանապահ Տավուշ աշխարհում, որը մենք կոչել ենք ՀՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀ և գործելու ենք, որպեսզի սրբագրենք մեր մեղքը և արժանի լինենք մեր անվանը:

«Ինչպես որ ձեր մարմնի անդամները տվեցիք անօրինությանը, որպես ծառաներ պղծության և անօրինության, նույնպես և այժմ ձեր մարմնի անդամները տվե՛ք սրբության համար՝ որպես ծառաներ արդարության» (Հռոմ. Զ 19-20)