«Այսպիսի կարևորություն ունեցող խնդիրը չարժէ փոխարինել կամ նսեմացնել վիրավորանքներով ու արհամարհական արտահայտություններով» Տեր Խորեն

Ողջունելի է, որ պետական լիազոր մարմինը Հանրակրթության նոր չափորոշիչները ներկայացրել է բովանդակային քննարկումների՝ հասարակական կարծիքն ու տրամադրությունները շոշափելու համար:
Այս օրերին քննարկումները առավել կենտրոնացած են Հայ Եկեղեցու պատմություն առարկայի շուրջ, և մասնագետների ու խնդրով զբաղվողների տեսակետների տարբերությունը սպասելի էր: Քննարկումները հենց այդ նպատակն են հետապնդում՝ վերջնական լուծումը գտնելու համար՝ հօգուտ հանրակրթության արդյունավոր բարեփոխման:
Ցավալի է, սակայն, սոցիալական հարթակներում և եթերներում բովանդակային քննարկումները կամ լուսաբանությունները երբեմն զուգակցվում կամ փոխարինվում են վիրավորանքներով ու անձնական որակումներով՝ փակելով արդյունավետ փոխհասկացության և փոխգործակցության դռները: Հանրակրթության բարեփոխումը երկարաժամկետ կտրվածքով առնչվում է մեր ժողովրդի անվտանգությանը, մեր երկրի զարգացմանը և յուրաքանչյուր հայորդու բարօրությանը: 21-րդ դարում կրթական արդյունավետ համակարգի կառուցումը բանակաշինությանը հավասար մի բան է: Բարձրակարգ կրթությունը և’ վաղվա զարգացած տնտեսությունն է, և’ զորեղ բանակը, և’ առողջ հասարակությունը, և’ մեր տարատեսակ մարտահրավերների լուծման բանալին: Այսպիսի կարևորություն ունեցող խնդիրը չարժէ փոխարինել կամ նսեմացնել վիրավորանքներով ու արհամարհական արտահայտություններով, եթե հատկապես նպատակ չկա ձախողել երկխոսությունն ու քննարկումները:
Հուսանք, որ Կրթության չափորոշիչների հանրային քննարկումները կշարունակվեն բովանդակային հարցերի շուրջ, քանի որ հասարակությունն իրապես պետք ունի լուսաբանությունների, ոչ թե թեմային չառնչվող խոսքերի ու անձնական վիրավորանքների: